Armenian      
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.09.2024
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հարկային հսկողության արդյունքում Օրենսգրքի եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի: Օրենսգրքի 73-րդ գլխի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող հինգերորդ հարկային տարին լրանալուց հետո: Հարկային մարմնին օտարերկրյա պետությունների (տարածքների)իրավասու մարմինների կողմից (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում)ավտոմատ եղանակով Օրենսգրքի 80.2-րդ գլխին համապատասխան տրամադրված տեղեկությանը վերաբերող գործարքների կամ հարկման ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում)գրանցված (հաշվառված)կազմակերպությունների հետ գործարքների մասով հարկային հսկողության արդյունքում Օրենսգրքի եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո: Օրենսգրքի` անշարժ գույքի հարկին եւ փոխադրամիջոցների գույքահարկին վերաբերող բաժինների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող տասներորդ հարկային տարին լրանալուց հետո:»:

Հոդված 2. Օրենսգրքի 134-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված)ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատությունները մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:»:

Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած (հաշվառված)ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաստատությունները մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 443.4-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 402.3-րդ հոդվածով.

«Հոդված 402.3. Ֆինանսական հաստատության կամ hաշվետերերի եւ վերահսկող անձանց կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու, հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն ներկայացնելու, ստուգման (ուսումնասիրության)ընթացակարգերը պահպանելու կանոնները խախտելը

1. Օրենսգրքի  80.2-րդ  գլխով  սահմանված  ֆինանսական հաստատության (այսուհետ սույն հոդվածում՝ ֆինանսական հաստատություն)կողմից Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված hաշվետերերի եւ վերահսկող անձանց (այսուհետ սույն հոդվածում՝ hաշվետերեր եւ վերահսկող անձինք)՝ Օրենսգրքի 80.2-րդ գլխով սահմանված ֆինանսական հաշիվների (այսուհետ սույն հոդվածում՝ ֆինանսական հաշիվներ)վերաբերյալ Օրենսգրքի                  443.4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները (այսուհետ սույն հոդվածում՝ տեղեկություն)հարկային մարմնին Օրենսգրքով սահմանված ժամկետում չտրամադրելու կամ այդ ժամկետից ուշ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված կամ Օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրված տեղեկության համար ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500 հազար դրամի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով կամ  սույն մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, ֆինանսական հաստատության կողմից hաշվետերերի եւ վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

3. Ֆինանսական հաստատության կողմից hաշվետերերի եւ վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության համար ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

4. Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն հարկային մարմին չներկայացնելու դեպքում ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 250 հազար դրամի չափով:

5. Ֆինանսական հաստատության կողմից hաշվետերերի եւ վերահսկող անձանց` Միասնական հաշվետվողական ստանդարտով սահմանված պատշաճ ստուգման (ուսումնասիրության)ընթացակարգերը չպահպանելու դեպքում ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:

6. Սույն հոդվածով սահմանված խախտումների դեպքերում տուգանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված կարգով:

7. Սույն հոդվածով սահմանված դեպքերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եւ հարկային մարմինը համատեղ՝ հարկային մարմնի տված մեթոդական ցուցումների կամ ազդակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված վերահսկողության ընթացակարգն ու մեթոդաբանությունը սահմանվում են հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով:

9. Սույն հոդվածով սահմանված խախտումների դեպքերում տուգանքները չեն կիրառվում, եթե ֆինանսական հաստատությունը դրանք վերացրել է մինչեւ պատասխանատվության միջոցի վարույթ հարուցելը, կամ խախտումը կրում է տեխնիկական բնույթ, որի չափանիշները կարող են սահմանվել սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված մեթոդաբանությամբ:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 80.2-րդ գլխով.

 «ԳԼՈՒԽ  80.2

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏԵՐԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 443.3.  Օտարերկրյա պետությունների (տարածքների)հետ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման ընդհանուր կանոններ

1.  Օտարերկրյա պետությունների (տարածքների)իրավասու մարմինների հետ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակումը Հայաստանի Հանրապետության վավերացրած «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայով  (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված)ու «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրով (այսուհետ սույն գլխում՝ Համաձայնագրեր), ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հրապարակած Միասնական հաշվետվողական ստանդարտի եւ դրա մեկնաբանության (այսուհետ սույն գլխում՝ Ստանդարտ)հիման վրա հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների)իրավասու մարմիններին (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում)ավտոմատ եղանակով սույն գլխով նախատեսված տեղեկության տրամադրումը եւ տեղեկության ստացումն է:

2.Հարկային մարմինն ապահովում է Ստանդարտի, ինչպես նաեւ դրա փոփոխությունների եւ լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը՝ դրանք տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Սույն գլխում կիրառվող հասկացություններն ունեն Ստանդարտով սահմանված նշանակությունը:

4. Սույն գլխի դրույթները տարածվում են Ստանդարտով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական հաստատությունների եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ ֆինանսական հաստատությունների (այսուհետ՝ ֆինանսական հաստատություններ)վրա:

5.  Սույն գլխի դրույթները տարածվում են օտարերկրյա պետությունների (տարածքների)ռեզիդենտ համարվող հաշվետերերի եւ վերահսկող անձանց վրա՝

1)  նոր բացվող ֆինանսական հաշվի դեպքում՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից.

2)  գործող ֆինանսական հաշիվների դեպքում (բացառությամբ Օրենսգրքի 443.6-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված դեպքերի), երբ առկա է 250 հազար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող՝ հարկային տարվա սկզբի կամ վերջին օրվա դրությամբ ֆինանսական հաշիվների մնացորդների հանրագումար, ինչպես նաեւ երբ հարկային տարվա ընթացքում ֆինանսական հաշիվների մուտքերի (ավելացումների)գումարների հանրագումարը կամ ելքերի (նվազեցումների)գումարների հանրագումարը գերազանցում է 250 հազար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

3)  գործող ֆինանսական հաշիվների դեպքում՝ Օրենսգրքի 443.6-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգավորումների մասով՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի կիրառության իմաստով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ համարժեք արտարժույթը որոշելիս հիմք է ընդունվում համապատասխանաբար հարկային տարվա սկզբի կամ վերջին օրվա դրությամբ, ինչպես նաեւ համապատասխան մուտքերի (ավելացումների)կամ ելքերի (նվազեցումների)օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքը: Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչեւ տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:

Հոդված 443.4.  Ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված հարկային մարմնին տեղեկության տրամադրումը

1. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են Օրենսգրքի 134-րդ եւ 156-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացնել Ստանդարտով սահմանված հաշվետերերի եւ վերահսկող անձանց եւ դրանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկություն (այսուհետ սույն գլխում՝ տեղեկություն), եթե հաշվետերերի եւ  վերահսկող անձանց վերաբերյալ Օրենսգրքի 443.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգի համաձայն կամ ֆինանսական հաստատությանը հասանելի տեղեկության հիման վրա բացահայտվել է, որ դրանք օտարերկրյա պետությունների (տարածքների)ռեզիդենտներ են:

2. Եթե Օրենսգրքի 443.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգերի կամ ֆինանսական հաստատությունում առկա տեղեկության հիման վրա չեն բացահայտվել օտարերկրյա պետությունների (տարածքների)ռեզիդենտ հանդիսացող հաշվետերեր եւ վերահսկող անձինք, ապա ֆինանսական հաստատությունը պարտավոր է մինչեւ յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել այդպիսի հաշվետերերի եւ վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն՝ հարկային մարմնի սահմանած ձեւով:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված տեղեկությունը ֆինանսական հաստատությունը տրամադրում է էլեկտրոնային եղանակով: Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի եւ վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների տրամադրման կարգը եւ տեղեկությունների ձեւաչափը սահմանվում են հարկային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով:

4. Սույն գլխով նախատեսված ընթացակարգերի արդյունքում հաշվետիրոջ կամ վերահսկող անձի՝ հարկային մարմնին անհայտ եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում այդ եկամուտները համարվում են տվյալ հաշվետու տարում ստացված, քանի դեռ դրանք այլ ժամանակաշրջանում ստացված լինելու վերաբերյալ փաստը չի ապացուցվել հաշվետիրոջ կամ վերահսկող անձի կողմից:

5. Հարկային մարմինը պետք է ապահովի իրեն հասանելի դարձած անձնական տվյալների եւ բանկային կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկատվության՝ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պահպանումը:

Հոդված 443.5.  Ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված հարկային մարմնի լիազորությունները

1.Ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ կապված՝ հարկային մարմինը ֆինանսական հաստատությունից ստանում է հաշվետերերի եւ վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների վերաբերյալ սույն գլխին համապատասխան ներկայացվող տեղեկություններ:

2.Հարկային  մարմինը  ֆինանսական  հաշիվների  մասին տեղեկությունները փոխանցում է օտարերկրյա պետությունների (տարածքների)իրավասու մարմիններին (հաշվետու պետություններին), որոնք ներառված են այն պետությունների (տարածքների)ցանկում, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում, եւ որոնց ռեզիդենտներն են հանդիսանում հաշվետերերը եւ վերահսկող անձինք: Պետությունների (տարածքների)ցանկը, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում, հրապարակում է հարկային մարմինը՝ այն տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված օտարերկրյա պետությունների (տարածքների)իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաեւ փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանում է Կառավարությունը:

4. Հարկային մարմինն իրավունք ունի Համաձայնագրերով սահմանված նպատակներով օգտագործելու օտարերկրյա պետությունների (տարածքների)իրավասու մարմիններից ստացված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները՝ որպես Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված՝ երրորդ անձից ստացված տեղեկություններ:

Հոդված 443.6. Ֆինանսական հաստատությունների, հաշվետերերի եւ վերահսկող անձանց պարտականություններն ու իրավունքները՝ կապված ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակման հետ

1. Հաշվետերերի եւ վերահսկող անձանց ռեզիդենտությունը պարզելու համար ֆինանսական հաստատությունն իրականացնում է հաշվետերերի եւ վերահսկող անձանց՝ Ստանդարտով սահմանված պատշաճ ուսումնասիրություն:

2. Հաշվետերերը եւ վերահսկող անձինք պարտավոր են ֆինանսական հաստատություն ներկայացնել իրենց եւ (կամ)փոխկապակցված հաշվետերերի ու վերահսկող անձանց վերաբերյալ՝ ֆինանսական հաստատության կողմից սույն գլխին համապատասխան պահանջվող տեղեկությունը:

3. Եթե անձը ֆինանսական հաշիվ բացելիս ֆինանսական հաստատությանը չի տրամադրում սույն գլխով եւ Ստանդարտով պահանջվող տեղեկությունները, ապա ֆինանսական հաստատությունը մերժում է ֆինանսական հաշիվ բացելը:

4. Ֆինանսական հաստատությունը պարտավոր է ֆինանսական հաշիվ բացող կամ ֆինանսական հաշիվ ունեցող անձից ստանալ գրավոր համաձայնություն սույն գլխով նախատեսված տեղեկությունները հարկային մարմին տրամադրելու վերաբերյալ:

5. Եթե ֆինանսական հաշիվ բացող կամ ֆինանսական հաշիվ ունեցող անձը հրաժարվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված համաձայնությունը տրամադրել  կամ  ֆինանսական հաստատության կողմից համաձայնություն տալու պահանջ ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում չի տրամադրում համաձայնությունը, ապա ֆինանսական հաստատությունը մերժում է նոր ֆինանսական հաշիվների բացումը, իսկ նախկինում բացված առկա ֆինանսական հաշիվների դեպքում ֆինանսական հաստատությունը հրաժարվում (դադարեցնում)է ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարել, բացառությամբ նրանց անունով այլ հաստատությունում բացված հաշվին իրենց դրամական միջոցները փոխանցելու կամ նրանց իրենց դրամական միջոցները տրամադրելու գործարքների: Ֆինանսական հաստատությունը ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց հրաժարվելու դեպքում այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է այդ անձին:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ընթացակարգերի արդյունքում ֆինանսական հաստատությունը բացահայտում է հաշվետիրոջ կամ վերահսկող անձի տրամադրած տեղեկության ոչ ճշգրիտ կամ թերի լինելը, ապա ֆինանսական հաստատությունը մերժում է նոր ֆինանսական հաշիվների բացումը, իսկ նախկինում բացված առկա ֆինանսական հաշիվների դեպքում ֆինանսական հաստատությունը հրաժարվում (դադարեցնում)է ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարել, բացառությամբ նրանց անունով այլ հաստատությունում բացված հաշվին իրենց դրամական միջոցները փոխանցելու կամ նրանց իրենց դրամական միջոցները տրամադրելու գործարքների: Ֆինանսական հաստատությունը ֆինանսական հաշիվներով գործարքներ կատարելուց հրաժարվելու դեպքում այդ մասին  երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է այդ անձին:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով սահմանված տեղեկությունները ֆինանսական հաստատությունները ներկայացնելու են 2024 թվականի եւ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությամբ սահմանված ժամկետը չի տարածվում մինչեւ 2020 թվականը ներառյալ հարկային տարիների ընթացքում կատարված՝ Օրենսգրքի եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումների վրա:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 402.3-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը եւ Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածով լրացվող՝

1) Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում.

2) Օրենսգրքի 443.4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը հարկային մարմինը եւ Կենտրոնական բանկը սահմանում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում.

3) Օրենսգրքի 443.5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.09.2024
Երեւան
ՀՕ-338-Ն