Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2023

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ պետական կամ համայնքային պաշտոն զբաղեցնող անձի կողմից հարկ վճարողի հետ կատարված գործառնությունների, ինչպես նաեւ իրենց կողմից եւ իրենց հաշվին ֆիզիկական անձին վճարված եկամուտների եւ պահված հարկերի մասին տվյալները, հարկման նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ այլ տվյալներ հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տվյալներ հաղորդելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

2. Նույն արարքը, որը նպաստել է հարկ վճարողի կողմից հարկվող օբյեկտը (հարկը) թաքցնելուն՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

3. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ընդունված պատվերների մասով հարկային մարմնին եւ տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմնին իրենց տվյալների բազային առցանց հասանելիություն չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

22.12.2023
Երեւան
ՀՕ-392-Ն