Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.03.2023

Հոդված 1.   1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 154.2-րդ հոդվածով.

«Հոդված 154.2.  Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը

1. Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «152.2-րդ հոդվածի 1-ին մասով,» բառերից հետո լրացնել «154.2-րդ հոդվածով,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

12.04.2023
Երեւան
ՀՕ-107-Ն