ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-10-րդ մասերով.
«5. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքերի:
6. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը, սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն, անկանխիկ եղանակով վճարվում են ընտանիքի միակ չափահաս անդամին կամ ընտանիքի չափահաս անդամին՝ ընտանիքի չափահաս մյուս բոլոր անդամների գրավոր համաձայնությամբ (եթե ընտանիքի կազմում կան մեկից ավելի չափահաս անդամներ):
7. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը դիմումի հիման վրա վճարվում են անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե գումարը վճարվում է ընտանիքի չափահաս անդամին (ընտանիքի միակ չափահաս անդամին կամ ընտանիքի մյուս բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ գումարը ստացող՝ ընտանիքի չափահաս անդամին), որն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին:
8. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարելը նպաստի կամ հրատապ օգնության գումարը ընտանիքի չափահաս անդամին վճարելն է:
9. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ընտանիքի միակ չափահաս անդամի կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ձեւով ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մեջ նշված ընտանիքի չափահաս անդամի անվամբ (այսուհետ՝ սոցիալական ապահովության հաշվի տեր) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:
10. Հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարելը գումարը ընտանիքի միակ չափահաս անդամի կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ձեւով ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մեջ նշված ընտանիքի չափահաս անդամի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելն է:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) եթե պարզվում է, որ ընտանիքի որեւէ անդամի ներկայացրած՝ ընտանեկան նպաստը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն.».
2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 4-րդ կետերով նշված դեպքերում այդ հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշված դեպքում՝ դրանց հայտնաբերման ամսվանից:»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) եթե պարզվում է, որ ընտանիքի որեւէ անդամի ներկայացրած՝ սոցիալական նպաստը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն.».
2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 4-րդ կետերով նշված դեպքերում այդ հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշված դեպքում՝ հայտնաբերման ամսվանից:»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) եթե պարզվում է, որ ընտանիքի որեւէ անդամի ներկայացրած՝ հրատապ օգնությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն.».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետով նշված դեպքում՝ հայտնաբերման ամսվանից.
2) 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նշված դեպքերում՝ այդ հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով նպաստի գումարը ծնողի հաշվարկային հաշվին» բառերը:
Հոդված 7. Օրենքի 28.4-րդ հոդվածի 24-րդ մասից հանել «կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով խնամքի նպաստի գումարը ծնողի հաշվարկային հաշվին» բառերը:
Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ մասից հանել «կամ Ազգային օպերատորի» բառերը եւ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-16-րդ մասերով.
«14. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը նշանակվել են (նշանակման դիմումը ներկայացվել է)՝
1) քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը. (ուղղ. 13.01.2023)
2) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը:
15. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետներից հետո ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն նշանակելու, վերականգնելու կամ վճարման եղանակը փոխելու կամ վճարող կազմակերպությունը փոխելու դիմում կամ ընտանեկան նպաստին, սոցիալական նպաստին կամ հրատապ օգնությանն առնչվող ցանկացած գրավոր դիմում ներկայացնելու դեպքում ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով:
16. Մինչեւ սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետները նշանակված ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարվում են մինչեւ դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 15-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով՝
1) քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ից. (ուղղ. 13.01.2023)
2) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:»:
Հոդված 9. Սույն օրենքը, բացառությամբ 6-րդ հոդվածի եւ 7-րդ հոդվածի՝ Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 6-րդ հոդվածը եւ 7-րդ հոդվածի՝ Ազգային օպերատորի վերաբերյալ դրույթն ուժի մեջ են մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից: Օրենքի 39-րդ հոդվածի 16-րդ մասում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հոդված 10. Ազգային օպերատորի միջոցով 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ խնամքի նպաստն անկանխիկ եղանակով ստացող նպաստառուի խնամքի նպաստի վճարումը շարունակվում է բանկի միջոցով՝ Կառավարության սահմանած կարգով: Եթե 2022 թվականի դեկտեմբերի 1-ից հետո՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ներկայացվում է խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմում, ապա խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվում է բացառապես բանկի միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը: Սույն հոդվածում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
21.12.2022
Երեւան
ՀՕ-503-Ն