Armenian   Russian    
Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.12.2021
Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 67-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը եւ ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Պետությունը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սովորող անձանց վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.12.2021
Երեւան
ՀՕ-371-Ն