Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2021

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 14.3-րդ հոդվածի 2-րդ մասում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ պետական ծառայողի կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվությունը բացասական է գնահատվել զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով:»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասը «ներառյալ՝» բառից հետո լրացնել «զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը պահպանվում է:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն օրենքի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով սահմանված դրույթները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

2. Oրենքի 22-րդ հոդվածով նախատեսված կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգեւատրումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավված կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած պետական ծառայողին 2020 թվականի երկրորդ կիսամյակի համար տրվում է առանց հաշվի առնելու Օրենքի 22-րդ հոդվածի    7-րդ մասով նախատեսված ժամկետը, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի առաջին կիսամյակի կիսամյակային հաշվետվության կամ կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգեւատրման վճարման ժամկետը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

02.06.2021
Երեւան
ՀՕ-217-Ն