Armenian   Russian    
Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.10.2020

Հոդված 1.  «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» կետով.

«ժէ) անհրաժեշտության դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործում՝ սույն օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

«Հոդված 8.1. Ռազմական  դրության իրավական ռեժիմի ընթացքում  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործումը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի եւ գույքային իրավունքների), եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ նաեւ հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը եւ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  բնագավառների պետական լիազոր մարմինների ղեկավարները կամ նրանց կողմից այդ նպատակով լիազորված պաշտոնատար անձինք (այսուհետ՝ իրավասու պաշտոնատար անձինք) առաջարկում են գույքի սեփականատիրոջը կամ բացառիկ դեպքերում, երբ գույքի սեփականատերը կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ՝ գույքի օրինական տիրապետողին (այսուհետ՝ գույքի օրինական տիրապետող)՝ գույքն օգտագործման նպատակով տրամադրել համապատասխան մարմնին:

3. Առաջարկությունը ներկայացնելիս գույքի օրինական տիրապետողին ներկայացվում է անհրաժեշտ գույքը, գույքի օգտագործման անհրաժեշտության հիմնավորումը (եթե այն գաղտնի չէ), գույքը վերադարձնելու (անհնարինության դեպքում՝ փոխհատուցելու) պետության պարտականությունը, ինչպես նաեւ նախազգուշացում այն մասին, որ կամավոր չհանձնելու դեպքում գույքը կարող է վերցվել հարկադիր կարգով:

4. Առաջարկությունը ներկայացվում  է գրավոր, իսկ հրատապության դեպքում կարող է ներկայացվել նաեւ բանավոր (այդ թվում՝ կապի միջոցներով): Գրավոր առաջարկի դեպքում այն հանձնվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում ուղարկվում հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով՝ զուգահեռաբար այն տեղադրելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (առանձնացված բաժնում), եթե հրապարակման ենթակա տեղեկությունները գաղտնիք չեն պարունակում: Առաջարկում (բանավոր եւ գրավոր) սահմանվում է պատասխան ներկայացնելու ողջամիտ ժամկետը, իսկ գրավոր առաջարկում՝ նաեւ ձեւը:

5. Գույքի օրինական տիրապետողի համաձայնության դեպքում իրավասու պաշտոնատար անձը  կազմում է գույքի կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրություն, որը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տեղեկությունները.

1) գույքի (նաեւ դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,

2) համապատասխան մարմին հանձնելու եղանակը, վայրը եւ ժամանակը,

3) գույքի օրինական տիրապետողի տվյալները՝ անունը, ազգանունը (անվանումը) եւ բնակության (գտնվելու) վայրը,

4) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը եւ պաշտոնը,

5) նշում սույն հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված կարգի մասին:

6. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները պահպանվում են մինչեւ գույքի վերադարձը):

7. Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, ստորագրվում է այն կազմող իրավասու պաշտոնատար անձի եւ գույքը կամավոր հանձնելու համաձայնություն տված օրինական տիրապետողի կողմից, որին տրամադրվում է արձանագրության մեկ օրինակը:

8. Գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու դեպքում գույքը կարող է օգտագործման վերցվել հարկադիր կարգով: Ընդ որում, սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված առաջարկով սահմանված ժամկետում որեւէ դիրքորոշում չներկայացնելը համարվում է գույքը կամովին հանձնելուց հրաժարում:

9. Գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի՝

1) գույքի (նաեւ դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,

2) գույքի գտնվելու վայրը,

3) գույքի օրինական տիրապետողի տվյալները,

4) գույքի օրինական տիրապետողին սույն հոդվածով սահմանված կարգով առաջարկ ներկայացնելու եւ վերջինիս կողմից գույքը կամովին հանձնելուց հրաժարվելու մանրամասները,

5) գույքը վերցնելու եղանակը եւ ժամանակը,

6) գույքը օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ),

7) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը եւ ստորագրությունը,

8) նշում սույն հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված կարգի մասին:

10. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները պահպանվում են մինչեւ գույքի վերադարձը):

11. Արձանագրությունը տրվում է գույքի օրինական տիրապետողին առձեռն կամ ուղարկվում է պատվիրված փոստով:

12. Այն բացառիկ դեպքերում, երբ գույքի օրինական տիրապետողը կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն հաշվի առնելով այդ գույքի օգտագործման հրատապությունը, հնարավոր չէ բավարար միջոցներ ձեռնարկել օրինական տիրապետողին կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերելու ուղղությամբ, գույքը կարող է վերցվել անմիջապես՝ առանց սույն հոդվածի 2-11-րդ մասերով սահմանված ընթացակարգերի պահպանման: Գույքը կարող է վերցվել անմիջապես նաեւ այն բացառիկ դեպքերում, երբ սույն հոդվածի 2-11-րդ մասերով սահմանված ընթացակարգերի պահպանումը եւ դրանով պայմանավորված գույքի օգտագործման հապաղումը կարող են հանգեցնել ծանր հետեւանքների:  Սույն մասով նախատեսված դեպքերում կազմվում է արձանագրություն, որը պետք է պարունակի՝

1) գույքի (նաեւ դրա վիճակի) հնարավորինս ամբողջական նկարագիրը,

2) գույքի գտնվելու վայրը,

3) գույքը օգտագործելու նպատակը (եթե այն գաղտնի չէ) եւ հրատապության հիմնավորումը,

4) գույքի օրինական տիրապետողի տվյալները, եթե հայտնի են, իսկ եթե ոչ՝ այն միջոցները, որոնք ձեռնարկվել են դրանք պարզելու համար,

5) գույքը վերցնելու եղանակը եւ ժամանակը,

6) արձանագրությունը կազմողի անունը, ազգանունը, պաշտոնը եւ ստորագրությունը,

7) արձանագրությունը կազմելու ժամանակը,

8) նշում սույն հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված կարգի մասին:

13. Գույքը լուսանկարվում է, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ (լուսանկարները պահպանվում են մինչեւ գույքի վերադարձը):

14. Արձանագրությունը (լուսանկարների հետ) անհապաղ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում, իսկ օրինական տիրապետողի կամ նրա բնակության վայրը հայտնի դառնալու դեպքում անհապաղ միջոցներ են ձեռնարկվում արձանագրությունը վերջինիս տրամադրելու համար:

15. Սույն հոդվածով սահմանված կարգով օգտագործման վերցված գույքը վերադարձվում է դրա օրինական տիրապետողին գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու եւ գույքը վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում, սակայն ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության դադարեցումից հետո՝ 45-րդ օրը: Այն դեպքում, երբ հայտնի չէ օրինական տիրապետողը, ապա գույքը պահվում է ռազմական դրության գործողության դադարեցումից հետո՝ երկու տարի, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Այդ ընթացքում օրինական տիրապետողին չհայտնաբերելու դեպքում գույքը դառնում է պետության սեփականությունը:

16. Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում եւ չափով: Եթե գույքը վերադարձվում է վնասված, կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ժամկետներում եւ չափով:

17. Սույն հոդվածը չի տարածվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ», «ժգ» եւ «ժդ» ենթակետերի հիման վրա տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի, զենքի, զինամթերքի, ռազմամթերքի, թունավոր նյութերի, մարտական եւ ուսումնական ռազմական տեխնիկայի, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութերի ժամանակավոր առգրավման, տրանսպորտային միջոցների ներգրավման, ինչպես նաեւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի հիման վրա ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման դեպքերի վրա:»:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.10.2020
Երեւան
ՀՕ-464-Ն