Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2020
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 108-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետում «2018 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «2020 թվականի օգոստոսի 31-ը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի եւ վարկային կազմակերպությունների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նաեւ այդ բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված` ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձեւավորված եւ Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն` 2020 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ 91 եւ ավելի օր չաշխատող (ժամկետանց) համարվող` դեռեւս անհուսալի չճանաչված ակտիվներում ներառված տույժերը եւ (կամ) տուգանքները` դրանք տվյալ ֆիզիկական անձանց ներելու եւ այդ մասով ակտիվների հնարավոր կորուստների պահուստին մինչեւ այդ մասհանումներ կատարած լինելու դեպքում` պահուստին ուղղված գումարների չափով համախառն եկամտում վերականգնելու դեպքում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) ներված տույժերի եւ (կամ) տուգանքների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.10.2020
Երեւան
ՀՕ-449-Ն