ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 287-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 287. Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման գանգատարկման (բողոքարկման) կարգը
1. Վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել (բողոքարկվել) սույն օրենսգրքով սահմանված վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Վարչական ակտը չի կարող գանգատարկվել (բողոքարկվել) վարչական կարգով, եթե նույն վարչական ակտը վիճարկվել է դատական կարգով, իսկ եթե վարչական ակտի դեմ ներկայացված գանգատը (բողոքը) ընդունվել է վարույթ դատական կարգով վարչական ակտի վիճարկումից առաջ, ապա այդ դեպքում վարչական մարմնի հարուցած վարույթը ենթակա է կարճման:
2. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ եւ 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ եւ 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:
3. Որոշումը վարչական կարգով գանգատարկվում է (բողոքարկվում է) վարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին:
Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է էլեկտրոնային փոստով, ապա այդ որոշումը կարող է բողոքարկվել նաեւ նույն էլեկտրոնային փոստով՝ բողոքն ստանալու մասին էլեկտրոնային ծանուցմամբ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 291-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ բողոքները քննվում են դրանց ստացման օրվանից տասնհինգօրյա ժամկետում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
13.11.2019
Երեւան
ՀՕ-206-Ն