Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.09.2018

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 149-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի» բառերը փոխարինել «, այցելուի, լիազոր ներկայացուցչի, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, տեխնիկական սարքավորումն սպասարկող անձի» բառերով.

2) 2-րդ մասում`

ա. 1-ին կետի «պատճառելու սպառնալիքով» բառերը փոխարինել «պատճառելով կամ պատճառելու սպառնալիքով» բառերով,

բ. «երեքից մինչեւ հինգ» բառերը փոխարինել «չորսից վեց» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 149.1-ին հոդվածի 2-րդ մասում «երեքից մինչեւ հինգ» բառերը փոխարինել «չորսից վեց» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 150-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «փոփոխելը,» բառից հետո լրացնել «ընտրողի քվեաթերթիկը կամ քվեարկության ծրարն անվավեր կամ չսահմանված նմուշի դարձնելը,» բառերով.

2) 2-րդ մասում`

ա. «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «կամ կազմակերպված խմբի կողմից» բառերով,

բ. «երեքից հինգ» բառերը փոխարինել «չորսից ութ» բառերով,

գ. «առավելագույնը» բառը փոխարինել «մեկից» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 153-րդ հոդվածում`

1) «Կեղծ տվյալներ հայտնելու,» բառերից առաջ լրացնել «1.» թվով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 5. Օրենսգրքի 154-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով» բառերից առաջ լրացնել «1.» թվով,

բ. «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձեւով քվեարկելը, ինչպես նաեւ շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 154.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 154.2.  Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը

1. Թեկնածուներից,   կուսակցություններից   (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

2. Թեկնածուներից,  կուսակցություններից  (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

3. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.

2) երկու կամ ավելի անձի նկատմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

5. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում` կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որեւէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաեւ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշերը կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող եւ նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր եւ այլ նյութերի կամ առարկաների) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

6. Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն:»:

Հոդված 7. Օրենսգրքի 154.7-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «վեց» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 154.8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 154.8.  Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն դիմումին կից ներկայացնելը

1. Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.09.2018
ՀՕ-374-Ն