Armenian      
Ավտոմոբիլային տրանսպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2014

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում «հավաքակայան» հասկացության մեջ «գիծ» բառը փոխարինել «ուղերթ» բառով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում`

1)  1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների եւ տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում: Ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են իրականացնել անձամբ` մեկ ավտոմոբիլով:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տաքսամոտորային  փոխադրումներն  իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`

ա) տաքսամետրով (սակաչափիչով).

բ) տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձեւ դեղին եւ սեւ տարբերանշանով.

գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության եւ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունով.

դ) թափքի կողային մասում եւ ուղեսրահում գնացուցակով, որն առնվազն պետք է ներառի ուղեւորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղեւորափոխադրման սակագինը, նստելավարձի եւ (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Տաքսու ուղեսրահում դռների բացումը, դռների ապակիների իջեցումը, երաժշտության միացումը թույլատրվում են ուղեւորների եւ ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Տաքսի ավտոմոբիլներում ծխելն արգելվում է:».

2) 5-րդ մասի երրորդ եւ չորրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատվերի եւ ուղեւորության համար վճարումը կատարվում է կանխիկ, ինչպես նաեւ անկանխիկ (փոխադարձ համաձայնության դեպքում)՝ տաքսամետրի ցուցմունքով:

Տրամադրված տաքսի-ավտոմոբիլի ծառայությունից հրաժարվելու դեպքում պատվիրատուից կարող է գանձվել ուղեւորափոխադրման նվազագույն արժեքը կամ նստելավարձը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1)  3-րդ մասի «է» կետն ուժը կորցրած ճանաչել.

2)  4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Կառավարությունը կարող է սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդների էթիկայի կանոններ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.12.2014
ՀՕ-168