ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀO-60 oրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի ութերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը» բառերից հետո լրացնել « - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին հոդվածով.
«Հոդված 2.1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը եւ ստուգումների պլանավորումը
1.Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ստուգում իրականացնող մարմինների կողմից ստուգումների պլանավորման նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է:
Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական եւ էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:
Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ստուգում իրականացնող մարմինը ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները եւ վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:
2. Ստուգումները պլանավորելու նպատակով`
1) ստուգում իրականացնող մարմինը` հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները, որոնք պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը եւ (կամ) տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը: Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարեւորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետեւանքների: Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով: Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:
Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման եւ գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը.
2) ստուգում իրականացնող մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների եւ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինների միջեւ տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը.
3) ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետեւյալ երեք խմբերից որեւէ մեկում`
ա. բարձր ռիսկայնության,
բ. միջին ռիսկայնության,
գ. ցածր ռիսկայնության:
3. Ստուգում իրականացնող մարմինը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում է իր կողմից ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչեւ քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:
4. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է` հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը, եւ ներառում է հետեւյալ տեղեկությունները`
1) ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները.
2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.
3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.
4) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:
5. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է հետեւյալ համամասնությամբ`
1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.
2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:
6. Ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիրը մինչեւ ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը:
Ստուգումների տարեկան ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
7. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս եւ դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, եւ ուժի մեջ է մտնում ընդունումից մեկ ամիս հետո: Սույն կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների վրա:
Մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմնի ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է նաեւ վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում ստուգված եւ (կամ) ուսումնասիրված յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), տեղեկություններ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ անցկացված ստուգումների եւ ուսումնասիրությունների քանակի եւ հիմքերի վերաբերյալ: Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Բոլոր ստուգումները, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ստուգաթերթերը մշակվում են յուրաքանչյուր համապատասխան ոլորտի եւ գործունեության տեսակի համար` հիմնվելով ստուգում իրականացնող յուրաքանչյուր մարմնի հսկողության ոլորտի եւ աշխատանքի առանձնահատկությունների վրա:
Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին:
Ստուգաթերթերի հարցերը ձեւավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն եւ չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:
Ստուգաթերթերի հարցերը չեն կարող անմիջականորեն հղում պարունակել նորմատիվ իրավական ակտերին: Հարցի ձեւակերպման համար հիմք հանդիսացող իրավական նորմերը նշվում են առանձին սյունակով` յուրաքանչյուր հարցի դիմաց:
Ստուգաթերթերը պարտադիր կարգով տեղադրվում են ստուգում իրականացնող համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում:».
2) 2-րդ մասի`
ա. առաջին պարբերության «ստուգման հարցերը» բառերը փոխարինել «ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում (հարկային եւ մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում ստուգման հարցերը)» բառերով,
բ. առաջին պարբերությունը «ստուգման իրավական հիմքերը» բառերից հետո լրացնել «, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում` նաեւ ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ նույն մասով նախատեսված դիմում կամ տեղեկատվություն ստանալու դեպքերում` նաեւ դրանք տրամադրողի տվյալները:»,
գ. երկրորդ պարբերությունը «ակցիզային դրոշմանիշների» բառերից հետո լրացնել «, հսկիչ նշանների (դրոշմապիտակների)» բառերով.
3) 3-րդ մասը «ակցիզային դրոշմանիշների» բառերից հետո լրացնել «, հսկիչ նշանների (դրոշմապիտակների)» բառերով.
4) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Ստուգում իրականացնող անձինք, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող անձինք, պետք է պատասխանեն բացառապես տվյալ գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին եւ ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները:»:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի`
ա. «իսկ հաշվետու տարվա արդյունքներով» բառերը փոխարինել «իսկ ստուգվող ժամանակաշրջանի որեւէ ֆինանսական տարվա արդյունքով» բառերով,
բ. «օտարերկրյա պետություններ» բառից հետո լրացնել «եւ քրեական վարույթ իրականացնող մարմիններ» բառերով,
գ. «հարցման պատասխանը ստանալուց հետո» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքում` դրանք վերադարձվելուց հետո» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետեւյալ հաճախականությամբ`
1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ.
2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ.
3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:
Սույն մասով սահմանված տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին եւ ամսաթվին:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի` հանրության եւ պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ`
1) լրացել է ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների եւ խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը.
2) ստուգում իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն`
ա. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին,
բ. քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, կենդանիներին կամ շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մասին,
գ. սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են).
3) տնտեսավարող սուբյեկտն առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջանում չի ներկայացրել օրենքով սահմանված հաշվետվությունները` առանց այդ հաշվետվությունները ներկայացնելուն խոչընդոտող պատճառների վերաբերյալ գրավոր բացատրություններ ներկայացնելու.
4) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը դիմում է ներկայացրել իր կազմակերպությունում ստուգում իրականացնելու վերաբերյալ.
5) իրականացվում են ակցիզային դրոշմանիշների, հսկիչ նշանների (դրոշմապիտակների) եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ դրանց ուղղիչ գործակիցների, ինչպես նաեւ չձեւակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումներ.
6) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվում են ստուգումներ քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված բարձր կամ բարձրագույն ռիսկայնության շինարարության օբյեկտներում, կամ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվում են ստուգումներ` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համաձայն.
7) համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվում է վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետային շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպման ոլորտի գործունեություն.
8) տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարվելու փաստը բացահայտվել եւ հիմնավորվել է այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում.
9) ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության oրենսգրքին համապատասխան:
Սույն մասի 1-9-րդ կետերով նախատեսված դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:
Այն դիմումները, որոնցով հնարավոր չէ ճշտել դիմումատուի անձը, ինչպես նաեւ սույն հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստերի մասին տվյալներ չպարունակող դիմումները ստուգում անցկացնելու հիմք չեն կարող լինել:».
4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Եթե առկա են սույն օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, ստուգող մարմինն իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասով մեկ ստուգման համար սահմանված ժամանակահատվածում իրականացնել կրկնակի ստուգում: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող տնտեսավարող սուբյեկտի թեմատիկ ստուգումից հետո նույն տնտեսավարող սուբյեկտում նույն ժամանակաշրջանի համար կատարվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ցանկացած ստուգում համարվում է կրկնակի ստուգում:
Կրկնակի ստուգում անցկացնելու հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգմամբ այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «մեկ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակահատվածում» բառերով, իսկ «սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված եւ 4-րդ հոդվածի 3-րդ մաuով նախատեuված» բառերը փոխարինել «սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված, ինչպես նաեւ» բառերով.
2) «թ» ենթակետում «uույն oրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաuով uահմանված եւ 4-րդ հոդվածի 3-րդ մաuով նախատեuված» բառերը փոխարինել «սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված, ինչպես նաեւ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Ստուգման արդյունքների ամփոփումը
1. Ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը ստուգաթերթի հարցերի պատասխանների, իսկ հարկային եւ մաքսային մարմինների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողության դեպքերում հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ: Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ակտի նախագիծը:
Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում ստուգող մարմինը կազմում է ակտը եւ դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու դեպքում ստուգող մարմինը ուսումնասիրում է դրանք եւ առարկություններ ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ակտի մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունները կցվում են ակտին եւ կազմում դրա անբաժանելի մասը:
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի` ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ակտում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում:
Եթե տնտեսավարող սուբյեկտը պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմին:
Ստուգող մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա, օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, տնտեսավարող սուբյեկտին տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) բացահայտված խախտումների եւ թերությունների վերացման ուղղությամբ` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար:
2. Խախտումներ չհայտնաբերվելու դեպքում կազմված տեղեկանքում արձանագրվում են այն կազմելու ամսաթիվն ու վայրը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի եւ տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները:
Ակտում նշվում են`
1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.
2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.
3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.
4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ինչպես նաեւ վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.
6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը եւ ժամանակահատվածը.
7) փորձագիտական եզրակացությունը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին եւ կազմում է դրա անբաժանելի մասը.
8) ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է ստուգումը, ինչպես նաեւ ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար, բացառությամբ հարկային եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության եւ օրինականության նկատմամբ հսկողության դեպքերի.
9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) եւ այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.
10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.
11) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:
Եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները եւ դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում են համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջեւ կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների եւ վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նաեւ նշված ուսումնասիրության եւ վերլուծության վերաբերյալ տեղեկանքը:
3. Ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:»:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «օրենքով սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «երկու ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան չի նախատեսվում» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ գործում է Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված այն մարմինների համար, որոնք օրենքով սահմանված կարգով հաստատում եւ ներդնում են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով մշակում, հաստատում եւ հրապարակում են իրենց հսկողության ոլորտի ստուգաթերթերը:
Սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին չբավարարող ստուգում իրականացնելու իրավասությամբ օժտված մարմինները ստուգումն իրականացնում են սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ցածր ռիսկայնության սուբյեկտների համար սահմանված հաճախականությամբ` բացառությամբ 3-րդ կետով սահմանված դեպքերի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
18.07.2011
ՀՕ-243