ՕՐԵՆՔԸ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ Գլուխ 2. Ռազմական դրություն հայտարարելու հանգամանքները եւ կարգը Գլուխ 3. Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները Գլուխ 4. Ռազմական դրության պայմաններում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները եւ գործունեության առանձնահատկությունները Գլուխ 5. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները, պարտականություններն ու պատասխանատվությունը Գլուխ 6. Եզրափակիչ դրույթներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ռազմական դրության իրավական ռեժիմը
Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ եւ թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումների եւ նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:
Հոդված 2. Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերը
Ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաեւ ռազմական դրության իրավական ռեժիմի վերաբերյալ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը:
Հոդված 3. Ռազմական դրություն հայտարարելու նպատակը
Ռազմական դրություն հայտարարելու նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակմանը կամ կանխել դրա անմիջական վտանգը, ինչպես նաեւ ապահովել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքները
1. Ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ դրանով պայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, եւ այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հանգամանքներն են՝
ա) այլ պետության զինված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, նման ներխուժման հետեւանքով Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքի բռնազավթումը.
բ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը.
գ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի ռմբահարումը.
դ) այլ պետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակումը՝ անկախ վերջիններիս տեղակայման վայրից.
ե) այլ պետության գործողությունները, որոնք թույլ են տալիս երրորդ պետությանը իր տարածքն օգտագործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում իրականացնելու համար.
զ) այլ պետության կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ուղարկված կամ նրա անունից գործող զինված խմբերի, ապակայունացնող ուժերի կամ վարձկանների զինված ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված հարձակում կարող են համարվել նաեւ այլ պետության զինված ուժերի կողմից ցանկացած այլ գործողությունները կամ դրանց նախապատրաստությունը, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության կամ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի խախտմամբ իրականացված այլ գործողությունները, որոնք իրական սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության համար, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությանը պատերազմ հայտարարելը:
Հոդված 5. Ռազմական դրություն հայտարարելը
1. Ռազմական դրություն հայտարարում է Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում:
2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ:
Հոդված 6. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը
1. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրում պետք է սահմանվեն՝
ա) ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.
բ) ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.
գ) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է ռազմական դրություն.
դ) ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը.
ե) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների եւ ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցառումների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը.
զ) ռազմական դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմինները եւ նրանց իրավասությունների շրջանակները.
է) ռազմական դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.
ը) քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական կամ հիմնական միջոցառումների իրականացման մասին.
թ) ռազմական դրության գործողությունն ուժի մեջ մտնելու ժամկետը:
Ռազմական դրություն հայտարարելու հետ միաժամանակ կամ դրանից հետո Հանրապետության Նախագահը կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, ինչպես նաեւ որոշում ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օգտագործման մասին:
2. Ռազմական դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագիրը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ մամուլով:
Հոդված 7. Ռազմական դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները
Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չի կարող արձակվել: Հանրապետության Նախագահը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իրենց լիազորություններն իրականացնում են ռազմական դրության գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 8. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրականացվող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները
1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետեւյալ միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները.
ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում եւ անցկացում.
բ) Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար պատրաստականության փոխադրում եւ «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում.
գ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի.
դ) ռազմական դրություն հայտարարված տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաեւ նշված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու սահմանափակումները.
ե) բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
զ) ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ?ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային եւ բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացում,? ?ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ?ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.
է) սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգի սահմանում.
ը) ժողովներ, միտինգներ, ցույցեր, երթեր եւ այլ զանգվածային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ սահմանափակում, գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն եւ այլ գործունեություն ծավալած կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների եւ միավորումների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով.
թ) քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի եւ տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.
ժ) կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում.
ժա) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.
ժբ) օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաեւ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում.
ժգ) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական եւ կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք եւ ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութեր.
ժդ) առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարա-վերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության եւ տրանսպորտային միջոցների ներգրավում.
ժե) բնակչության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական եւ մշակութային արժեքների տարահանում առավել անվտանգ տարածքներ:
2. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ընտրություններ եւ հանրաքվեներ չեն անցկացվում մինչեւ ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում պետական կառավարման ընտրովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում դրանք երկարաձգվում են մինչեւ ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը, եթե նրանց լիազորությունները չեն դադարեցվել սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 9. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները
1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության եւ այլ պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արդարադատության պետական լիազոր մարմինների, Հայաստանի փրկարար ծառայության ուժերն ու միջոցները կիրառվում են հետեւյալ միջոցառումների իրականացման նպատակով.
ա) հասարակական կարգի պահպանություն եւ հասարակական անվտանգության ապահովում.
բ) ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.
գ) բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.
դ) անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական եւ դիվերսիոն գործողությունների բացահայտում, կանխում եւ խափանում.
ե) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովում.
զ) սույն օրենքով սահմանված ռազմական դրության ռեժիմի ապահովմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում:
3. Ռազմական դրություն հայտարարված տարածքում պատերազմական գործողություններ իրականացվելու դեպքում սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրագործումը Հանրապետության Նախագահի հրամանագրով կարող է վերապահվել զինվորական կառավարման մարմիններին:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունները
Հանրապետության Նախագահը՝
ա) ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման կազմակերպման գործընթացը.
բ) սույն օրենքի համաձայն` սահմանում է ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի լիազորությունները, ինչպես նաեւ վերահսկում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների ու ժամանակավոր սահմանափակումների իրականացման գործընթացը.
գ) սահմանում է ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի կիրառման կարգն ու նրանց խնդիրները, ինչպես նաեւ Հայաստանի փրկարար ծառայության եւ այլ ոչ պետական փրկարար ուժերի խնդիրները.
դ) կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք.
ե) սահմանում է ռազմական դրության գործողության ժամկետի ընթացքում զինվորական ծառայություն անցնելու կարգը.
զ) ռազմական դրության պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն ծավալած կուսակցությունների գործունեությունը կասեցնելու նպատակով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կարող է դիմել սահմանադրական դատարան.
է) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 11. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) ռազմական դրություն հայտարարվելուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որին կցվում է գործող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում փոփոխություններ կատարելու տեղեկանքը.
բ) իր իրավասությունների սահմաններում ղեկավարում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման գործընթացում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը.
գ) սահմանում է կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները.
դ) վերահսկում է ռազմական դրության պայմաններում պետության եւ բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.
ե) սահմանում է սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգ.
զ) ապահովում է ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ?ֆինանսական, վարկային, հարկային, սահմանային, մաքսային եւ բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացումը,? սահմանում է ?ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ?ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների շրջանակները.
է) սահմանում է ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության կենսագոյության, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների աշխատանքի հատուկ ռեժիմ.
ը) սահմանում է պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման նպատակով աշխատունակ բնակչության եւ տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը.
թ) իրականացնում է ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 12. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ պետական կառավարման մարմինների լիազորությունները
Պետական կառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝
ա) կազմակերպում են ռազմական դրության պայմաններում պետության եւ բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.
բ) կազմակերպում են ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության պարենային եւ ոչ պարենային ապրանքների մատակարարումը, ապահովում են զորահավաքային առաջադրանքների ու ծրագրերի իրականացումը.
գ) իրականացնում են ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի ապահովմանը, բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանությանն ուղղված գործողություններ.
դ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 13. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները
Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում՝
ա) աջակցում են սույն օրենքով նախատեսված միջոցառումների իրականացմանը.
բ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 14. Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումների եւ ժամանակավոր սահմանափակումների սահմանները
Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները եւ ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների փոփոխությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք համարժեք են ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներին, ինչպես նաեւ պետք է համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին եւ բխեն ռազմական դրության պայմաններում (արտակարգ իրավիճակներում) պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից:
Հոդված 15. Ռազմական դրության գործողության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները
1. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետեւանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, եւ տրամադրվում է անհրաժեշտ օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել են ռազմական դրության հետեւանքների վերացման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 16. Ռազմական դրության գործողության ընթացքում ֆիզիկական անձանց եւ պաշտոնատար անձանց պարտականություններն ու պատասխանատվությունը
1. Ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել ռազմական դրություն հայտարարված տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի պահանջները, ինչպես նաեւ մասնակցել եւ աջակցել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
2. Ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական անձինք եւ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 17. Ռազմական դրության գործողության դադարեցումը
1. Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել Հանրապետության Նախագահի հրամանագրով, որի մասին բնակչությունն իրազեկվում է սույն օրենքով սահմանված` ռազմական դրություն հայտարարելու մասին տեղեկացվելու կարգով:
Ռազմական դրության գործողությունը դադարեցվում է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում:
2. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են միայն ռազմական դրության գործողության ժամկետի ընթացքում եւ ուժը կորցրած են ճանաչվում ռազմական դրության գործողության դադարեցման հետ միաժամանակ՝ առանց այդ մասին հատուկ իրազեկելու:
Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ռազմական դրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-121):
29.12.2006
ՀՕ-258