ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 2-րդ հոդվածի 3-րդ մասը՝
- «նորմատիվ» բառից հետո լրացնել «, ներքին» բառով.
- լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է նորմատիվ եւ անհատական որոշումներ, իսկ Կենտրոնական բանկի նախագահը՝ անհատական եւ ներքին իրավական ակտեր՝ որոշումներ ու կարգադրություններ:»:
Հոդված 2 . Օրենքի 3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «արտարժույթի, թանկարժեք մետաղների,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բաշխման ենթակա շահույթի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում սույն օրենքի 13 հոդվածով սահմանված ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների եւ դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից առաջացած եկամուտներն ու ծախսերը:»:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը1 » ենթակետով՝
«ը1 ) ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների եւ դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից առաջացած գումարները.»:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Կենտրոնական բանկի վարչական ծախսերը եւ կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:».
բ) 2-րդ մասի մուտքի նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Կենտրոնական բանկի գործառնական ծախսերի կանխատեսումը, վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը պետք է ապահովեն Կենտրոնական բանկի խնդիրներն իրականացնելու հնարավորությունը, այդ թվում՝»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «յուրաքանչյուր տարի» բառերը փոխել «մինչեւ երեք տարի ժամկետով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է1 » ենթակետով՝
«է1 ) ընդունում է անհատական եւ ներքին որոշումներ ու կարգադրություններ, այդ թվում՝ վերստուգվող անձանց ստուգումներ նշանակելու մասին որոշումներ.»:
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝
ա) «իա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«իա) հաստատում է բանկերի եւ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող եւ վերահսկվող այլ անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձեւերը.».
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «իգ1 » ենթակետ՝
«իգ1 ) հաստատում է պետական արժեթղթերի պահառության գործունեության, հաշվառման եւ հաշվարկների իրականացման համակարգի գործունեության, տեղաբաշխման, թերտեղաբաշխված արժեթղթերի տեղաբաշխման, երկրորդային շուկայում արժեթղթերի շրջանառության, գրավադրման, հետգնման եւ մարման կարգերը.»:
Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Կենտրոնական բանկի կանոնադրությունը սահմանում է Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների, դրանց ղեկավարների եւ ծառայողների իրավասության շրջանակը, տարածքային ստորաբաժանումներ հիմնելու, լուծարելու եւ դրանց գործունեության կարգը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կառավարմանը վերաբերող այլ հարցեր:»:
Հոդված 11. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Կենտրոնական բանկը հրապարակում է բանկերի եւ (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները՝ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝
«4. Բանկերից, վարկային կազմակերպություններից եւ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող ու վերահսկվող այլ անձանցից հաշվետվություններ պահանջելու եւ ստանալու բացառիկ իրավասությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, պատկանում է Կենտրոնական բանկին:»:
Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով՝
«6. Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանման առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի հետ սույն օրենքի 391 0 հոդվածով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի նկատմամբ նշանակված տույժի գանձումը հետաձգելու, տույժի չափը նվազեցնելու կամ տույժի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում է ընդունում, եթե տույժի գանձումը կարող է հանգեցնել բանկի` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը:»:
Հոդված 14. Օրենքը 5-րդ գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ գլխով՝
«ԳԼՈՒԽ 51 .
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 391 . Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությունը եւ ստուգումների անցկացումը
1. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում, վարկային կազմակերպություններում եւ իրենից լիցենզիա ստացած այլ անձանց (այսուհետ՝ վերստուգվող անձինք) մոտ ստուգումներ (այսուհետ՝ վերստուգվող անձանց մոտ ստուգումներ) է իրականացնում սույն գլխով նախատեսված հիմքերով, դեպքերում եւ կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված բանկերի եւ վարկային կազմակերպությունների` օտարերկրյա պետություններում գործող մասնաճյուղերում, դուստր բանկերում կամ դուստր վարկային կազմակերպություններում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում եւ կարգով:
2. Կենտրոնական բանկն իրականացնում է նաեւ վերստուգվող անձանց գործունեության ամենօրյա հեռակա վերահսկողություն՝ վերստուգվող անձանց կողմից օրենքով, Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով եւ դրանց հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ վերստուգող ստորաբաժանման կողմից պահանջվող՝ Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, տեղեկանքների, ինչպես նաեւ սույն գլխով նախատեսված այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման միջոցով (այսուհետ՝ վերստուգվող անձանց մոտ ստուգումները եւ հեռակա վերահսկողությունը՝ ստուգում):
Սույն օրենքով ստուգումների մասին սահմանված կանոնները վերաբերում են վերստուգվող անձանց մոտ ստուգումներին եւ հեռակա վերահսկողությանը, եթե տվյալ դրույթի բովանդակությունից չի բխում, որ խոսքը վերաբերում է միայն վերստուգվող անձանց մոտ ստուգումներին կամ միայն հեռակա վերահսկողությանը:
3. Ստուգումներն իրականացնում է Կենտրոնական բանկի` ստուգումների համար լիազորված ստորաբաժանումը (այսուհետ՝ վերստուգող ստորաբաժանում):
4. Վերստուգվող անձանց մոտ ստուգումներն անցկացվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ՝ դրանց հիման վրա վերստուգող ստորաբաժանման ղեկավարի տված լիազորագրով սահմանված պաշտոնատար անձանց կողմից: Վերստուգվող անձանց մոտ ստուգմանը կարող են մասնակցել նաեւ վերստուգող ստորաբաժանման աշխատակից չհանդիսացող Կենտրոնական բանկի այլ աշխատակիցներ: Սույն կետում նշված որոշման մեջ նշվում են վերստուգվող անձի անվանումը կամ անունը, ստուգման նպատակը, իսկ լիազորագրում՝ վերստուգող խմբի կազմը, այդ թվում՝ ղեկավարը, վերստուգվող անձի մոտ ստուգում անցկացնելու սկիզբը եւ ավարտը: Կենտրոնական բանկը կարող է իր կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերով սահմանել վերստուգող խմբի անդամների նվազագույն քանակը:
5. Բանկերում ստուգումների իրականացման արդյունքում կազմված հաշվետվություններում եւ ակտերում (տեղեկանքներում) պարունակվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք, որոնք կարող են երրորդ անձանց տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգով:
6. Բանկերում ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին՝ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Բանկ չհանդիսացող վերստուգվող անձանց ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով:
8. Կենտրոնական բանկը կարող է նաեւ իրականացնել վերստուգվող անձանց գործունեության ուսումնասիրություններ՝ վերստուգվող անձի կամ Կենտրոնական բանկի տարածքում, Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի պարզաբանման եւ մեկնաբանման, ինչպես նաեւ առանձին վերլուծություններ իրականացնելու նպատակով: Ընդ որում, ուսումնասիրությունների արդյունքում սույն գլխով նախատեսված պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել:
Հոդված 392 . Ստուգման պայմանները
1. Ստուգումներն անցկացվում են վերստուգվող անձի հիմնադիր փաստաթղթերի, դրանցում կատարված փոփոխությունների, կառավարման բոլոր մարմինների ներքին ակտերի, կատարված գործառնությունների արդյունքում կազմված հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, ֆինանսական հաշվետվությունների, ներքին եւ արտաքին գրագրությունների, պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների եւ այլն), ինչպես նաեւ համակարգիչներում, էլեկտրոնային կամ փաստաթղթային կրիչների վրա պահպանվող տեղեկատվության ուսումնասիրության եւ վերլուծության միջոցով:
2. Վերստուգվող անձանց մոտ ստուգման ընթացքում, առանց վերստուգող խմբի անդամների թույլտվության, կողմնակի անձանց մուտքը վերստուգող խմբին հատկացված տարածք արգելվում է:
3. Վերստուգող խմբին հատկացված տարածքն աշխատանքային օրվա ավարտին կարող է կնքվել եւ հանձնվել վերստուգվող անձի պահպանությանը:
4. Անհրաժեշտության դեպքում վերստուգող խմբի ղեկավարն իրավասու է կնքել վերստուգվող անձի առանձին ծառայողական տարածքները, եթե տվյալ պահին այլ կերպ հնարավոր չէ ապահովել դրանցում պահվող փաստաթղթերի, կանխիկ դրամի եւ այլ արժեքների ստուգումը, հաշվառումը կամ գույքագրումը: Այս դեպքում կազմվում է համապատասխան ակտ, որն ստորագրում են վերստուգող խմբի ղեկավարը եւ վերստուգվող անձի իրավասու աշխատակիցները: Սույն կետում նշված ակտի ձեւը հաստատվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
5. Սույն գլխով նախատեսված պարտականությունները վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այդ թվում՝ ուշացնելը, ինչպես նաեւ կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը համարվում է ստուգման խոչընդոտում: Յուրաքանչյուր նման դեպք նույն օրը վերստուգող խմբի ղեկավարի, իսկ ստուգման դեպքում Կենտրոնական բանկի իրավասու պաշտոնատար անձի կողմից ձեւակերպվում է արձանագրությամբ (ակտով) եւ ներկայացվում Կենտրոնական բանկի նախագահին եւ վերստուգվող անձին: Սույն կետում նշված արձանագրության (ակտի) ձեւը հաստատվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 393 . Վերստուգվող անձի պարտականությունները: Կենտրոնական բանկի պատասխանատվությունը
1. Վերստուգվող անձը պարտավոր է վերստուգող խմբի համար՝
ա) ապահովել ստուգման ընթացքում անարգել մուտք եւ ելք վերստուգվող անձի շենք կամ նրա առանձին ծառայողական տարածքներ, այդ թվում՝ սերվերային եւ համակարգչային, ծրագրային ապահովման այլ սենյակներ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին՝ ըստ փոխադարձ պայմանավորվածության.
բ) ստուգման առաջին օրը կազմակերպել վերստուգող խմբի անդամների հանդիպում վերստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարի (ղեկավարների) եւ ստուգմանն աջակցող իրավասու անձանց հետ.
գ) հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով, ինչպես նաեւ տեխնիկական, կապի եւ այլ անհրաժեշտ միջոցներով.
դ) վերստուգող խմբին տրամադրել վերստուգվող անձի հաճախորդներից եւ մասնակիցներից ստացված բողոքները եւ առաջարկությունները.
ե) վերստուգող խմբի պահանջով կազմակերպել վերստուգող խմբի հանդիպում վերստուգվող անձի հաճախորդների եւ (կամ) մասնակիցների հետ:
Վերստուգվող անձը պարտավոր է կատարել վերստուգող խմբի ղեկավարի եւ անդամների օրինական պահանջները, ինչպես նաեւ վերստուգող խմբի ղեկավարին եւ անդամներին ներկայացնել գրավոր եւ բանավոր բացատրություններ, տեղեկություններ եւ պարզաբանումներ ստուգման ենթակա փաստաթղթերի եւ տեղեկատվության վերաբերյալ:
2. Արգելվում է ստուգումների ընթացքում խոչընդոտել կամ միջամտել վերստուգող խմբի անդամների օրինական գործողություններին:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը, նախագահը, ինչպես նաեւ վերստուգող ստորաբաժանումն ստուգումների իրականացման նպատակով կարող են հանձնարարել վերստուգվող անձին՝ վերստուգվող անձի հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն: Վերստուգվող անձը պարտավոր է հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից ստացված տեղեկատվությունը ներկայացնել Կենտրոնական բանկ:
4. Կենտրոնական բանկը պատասխանատվություն է կրում վերստուգվող անձի կողմից վերստուգող խմբի անդամներին կամ Կենտրոնական բանկի այլ պաշտոնատար անձանց ժամանակավորապես տրամադրված փաստաթղթերի ապահովության եւ վերադարձելիության համար:
Հոդված 394 . Վերստուգող խմբի իրավունքները եւ պարտականությունները
1. Վերստուգող խումբն ստուգումներ իրականացնելու նպատակով իրավասու է՝
ա) անարգել մուտք գործել վերստուգվող անձի բոլոր տարածքները՝ բացառությամբ դրամապահոցի, որտեղ մուտքը կատարվում է միայն վերստուգվող անձի համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ.
բ) օգտվել ստուգման համար անհրաժեշտ, վերստուգվող անձի մոտ առկա տեխնիկական միջոցներից, ինչպես նաեւ վերստուգվող անձի տարածք բերել համակարգիչ, մագնիսական կրիչներ, հաշվիչներ եւ այլ սարքեր.
գ) վերստուգվող անձից, նրա ղեկավարներից եւ իրավասու աշխատակիցներից պահանջել ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթեր, թեկուզ եւ դրանք պարունակեն բանկային, առեւտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, այդ թվում՝
- վերստուգվող անձի հիմնադիր փաստաթղթեր, դրանցում կատարված փոփոխություններ, վերստուգվող անձի կառավարման մարմինների ներքին ակտեր, ներքին վերահսկողության ակտեր, այլ ներքին ակտեր,
- պայմանագրեր, ներքին եւ արտաքին գրագրություններ, դրամարկղահաշվարկային փաստաթղթեր, ֆինանսական հաշվետություններ, սկզբնական եւ այլ հաշվապահական փաստաթղթեր, ներքին հաշվետվություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր, արձանագրություններ,
- տեղեկություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, մերժված վարկային հայտեր, հաճախորդների բողոք-դիմումներ,
- վերստուգվող անձի գործունեությունն ապահովող համակարգչային համակարգին առնչվող փաստաթղթեր,
- անկախ աուդիտային կազմակերպության հետ ունեցած հարաբերություններին առնչվող բոլոր փաստաթղթերը,
- վերստուգվող անձի վերստուգիչ հանձնաժողովի, ներքին աուդիտի ստորաբաժանման հաշվետվությունները,
- ստուգման արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ վերստուգվող անձի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ վերստուգվող անձի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- վերստուգվող անձի գործունեության ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
- վերստուգվող անձի մոտ առկա վերստուգվող անձի հաճախորդների, մասնակիցների եւ կոնտրագենտների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկատվություն.
դ) անհրաժեշտության դեպքում ինքնուրույնաբար կամ վերստուգվող անձի օգնությամբ պատճենահանել անհրաժեշտ փաստաթղթեր, ֆայլեր, հաշվողական ցանցում կամ առանձին համակարգչային համակարգում պահվող գրառումներ.
ե) վերստուգվող անձի ղեկավարությանը եւ իրավասու աշխատակիցներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնել հիմնավոր այլ պահանջներ, եթե դրանք բխում են ստուգման անհրաժեշտությունից եւ նպատակից:
2. Վերստուգող խումբը պարտավոր է ստուգումներն իրականացնել սույն օրենքով եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով: Վերստուգող խումբը պարտավոր է վերստուգվող անձանց մոտ ստուգումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել Կենտրոնական բանկի խորհրդին եւ նախագահին՝ Կենտրոնական բանկի նախագահի սահմանած ժամկետներում եւ կարգով:
Հոդված 395 . Ստուգումների ուղղությունները (ոլորտները) եւ ամփոփումը
1. Ստուգումները կարող են իրականացվել հետեւյալ ուղղություններով (ոլորտներով)՝
ա) հիմնադիր փաստաթղթերի եւ դրանցում կատարված փոփոխությունների օրինականության ստուգում.
բ) ընդհանուր կապիտալի մեծության, տնտեսական նորմատիվների վերլուծություն եւ գնահատում.
գ) իրացվելիության վերլուծություն եւ գնահատում.
դ) վերլուծություն, դասակարգում եւ գնահատում, պարտավորությունների վերլուծություն, գնահատում.
ե) կառավարման որակի գնահատում.
զ) ֆինանսական արդյունքների (եկամուտներ եւ ծախսեր) վերլուծություն եւ գնահատում.
է) ռիսկերի եւ (կամ) դրանց առանձին տեսակների վերլուծություն եւ գնահատում.
ը) դրամական միջոցների հոսքերի վերլուծություն եւ գնահատում.
թ) Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում եւ տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատության ստուգում.
ժ) Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականների ու առաջարկությունների, սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագրի կատարման ընթացքի եւ արդյունքների ստուգում.
ժա) վերստուգվող անձի ֆինանսական գործառնությունների առանձին տեսակների օրինականության ստուգում.
ժբ) տարածքի եւ տեխնիկական հագեցվածության ստուգում.
ժգ) տարածքային ստորաբաժանումների կամ դրանց մի մասի գործունեության ստուգում.
ժդ) վերստուգվող անձի գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին վերստուգվող անձի գործունեության համապատասխանության ստուգում.
ժե) վերստուգվող անձի (բացառությամբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների) լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին վերստուգվող անձի գործունեության համապատասխանության ստուգում:
2. Ստուգումների ընթացքում կարող են կատարվել վերլուծություն եւ գնահատում` սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բոլոր ուղղություններով (ոլորտներով) կամ դրանց մի մասով:
3. Ստուգումների ընթացքում ստուգման ենթակա ուղղությունները (ոլորտները) որոշվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի անհատական իրավական ակտերով:
4. Տվյալ վերստուգվող անձի ստուգման արդյունքների ամփոփման եւ ներկայացման ժամկետը որոշվում է Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի անհատական իրավական ակտով:
5. Մինչեւ ստուգումն իրականացնելը Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ վերստուգող ստորաբաժանման պահանջով վերստուգվող անձը պարտավոր է նախապատրաստել կամ Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը եւ տեղեկությունները:
6. Ստուգման ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, բանկի կամ վարկային կազմակերպության ղեկավարների, վերստուգող խմբի անդամների եւ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է ստուգման արդյունքների նախնական քննարկում:
Նախնական քննարկմանը մասնակցող բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ նրանց ներկայացուցիչների անվանումը կամ անունը վերստուգող ստորաբաժանման կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահի համաձայնեցմանը:
Կենտրոնական բանկի հանձնարարականով բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է ապահովել ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցներին, ինչպես նաեւ վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունն ստուգման արդյունքների նախնական քննարկմանը: Բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ նրանց ներկայացուցիչների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ ստուգման արդյունքների նախնական քննարկման չկայացման համար: Նախնական քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, վերստուգող խմբի կողմից կարող են հրավիրվել նաեւ տվյալ բանկում կամ վարկային կազմակերպությունում աուդիտային ստուգում անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները:
Նախնական քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:
7. Ստուգումն ավարտվելուց հետո, Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով, ստուգման արդյունքների հիման վրա վերստուգող խմբի կողմից կազմվում է հաշվետվություն:
8. Ստուգման հաշվետվությունը կազմվում է երկու օրինակից, որոնք վերստուգող խմբի կողմից ստորագրվում եւ հանձնվում են վերստուգվող անձի ղեկավարությանը:
9. Վերստուգվող անձը, նրա գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանում է հաշվետվությանը եւ ստորագրում է այն «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ՝ մեկ օրինակը վերադարձնելով վերստուգող խմբին:
10. Վերստուգվող անձը, նրա գործադիր մարմինը կամ նրա ղեկավարը, ինչպես նաեւ նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցն իրավունք ունեն հաշվետվությանը կից սույն հոդվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել իրենց գրավոր առարկություններն ու բացատրությունները, ինչպես նաեւ մասնակցել Կենտրոնական բանկում հաշվետվության քննարկումներին: Կենտրոնական բանկում հաշվետվության եւ վերստուգվող անձի առարկությունների եւ բացատրությունների քննարկումները կազմակերպվում են Կենտրոնական բանկի նախագահի սահմանած ժամկետներում եւ կարգով:
Հոդված 396 . Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումների ստուգումը
1. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումներում ստուգումներն իրականացվում են սույն գլխով սահմանված կարգով:
2. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ստուգման ավարտից հետո ստուգման նախնական արդյունքները քննարկվում են տարածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ իրավասու այլ աշխատակիցների հետ:
3. Ստուգման ավարտից հետո ստուգման արդյունքների եւ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքների հիման վրա վերստուգող խումբը կազմում է հաշվետվություն, որն ստորագրվում է վերստուգող խմբի եւ վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից երկօրյա ժամկետում՝ «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ: Հաշվետվությունը կազմվում է երեք օրինակից (մեկական օրինակ՝ վերստուգվող անձին, վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանմանը եւ վերստուգող խմբին): Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է սույն կետով սահմանված երկօրյա ժամկետում հաշվետվությանը կից ներկայացնել իր գրավոր առարկություններն ու բացատրությունները:
4. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ստուգման արդյունքների ամփոփումն իրականացվում է սույն օրենքի 395 հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 397 . Պատասխանատվության միջոցի կիրառման հիմքերը եւ պատասխանատվության միջոցները
Կենտրոնական բանկը վերստուգվող անձանց եւ դրանց ղեկավարների նկատմամբ կարող է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, եթե խախտվել են նրանց գործունեությունը կարգավորող օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջները (այսուհետ՝ խախտում):
Հոդված 398 . Խախտման արձանագրումը
1. Ստուգումների արդյունքում վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի թույլ տված խախտումն արձանագրում է վերստուգող ստորաբաժանումը արձանագրություն (այսուհետ՝ արձանագրություն) կազմելու միջոցով, եւ այդ պահից խախտումը համարվում է արձանագրված: Խախտումն արձանագրելու պահից սկսվում է վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոցի կիառման վարույթը (այսուհետ՝ վարույթ):
2. Արձանագրության մեջ մանրամասնորեն նկարագրվում է խախտումը, եւ նշվում է օրենքի կամ իրավական այլ ակտի` վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի կողմից խախտված դրույթը:
3. Արձանագրությունը կազմելու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում այն վերստուգող ստորաբաժանման ղեկավարի գրությամբ ուղարկվում է խախտումը թույլ տված վերստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարին, իսկ խորհրդի առկայության դեպքում` նաեւ խորհրդի նախագահին:
4. Արձանագրությունն ստանալու պահից յոթ օրացուցային օրվա ընթացքում վերստուգվող անձը կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել արձանագրության վերաբերյալ գրավոր բացատրություններ, առարկություններ կամ պարզաբանումներ:
Հոդված 399 . Տուգանքների գանձումը, պատասխանատվության այլ միջոցների կիրառումը
1. Վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ տուգանքի նշանակման կամ պատասխանատվության այլ միջոցների կիրառման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով գրավոր ծանուցում է վերստուգվող անձին կամ դրա ղեկավարին:
2. Վերստուգվող անձը կամ դրա ղեկավարը կարող է սույն հոդվածի 1-ին կետում նշված տուգանքի նշանակման ծանուցումն ստանալուց հետո ծանուցման մեջ նշված ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ Կենտրոնական բանկում բանկային կամ թղթակցային հաշվի առկայության դեպքում՝ հանձնարարել Կենտրոնական բանկին իր բանկային (թղթակցային) հաշվից գանձել տուգանքի գումարը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթի պատճենը կամ հանձնարարականը չստանալու դեպքում Կենտրոնական բանկն օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան:
4. Սույն հոդվածով նախատեսված տուգանքի գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:
Հոդված 3910 . Բանկի կամ վարկային կազմակերպության եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքվող պայմանագիրը
1. Կենտրոնական բանկի եւ խախտումներ թույլ տված բանկի կամ վարկային կազմակերպության միջեւ բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի բարելավման եւ բնականոն գործունեության ապահովման նպատակով կարող է կնքվել պայմանագիր, եթե առկա չեն «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը կամ դրանցից մեկը: Սույն հոդվածով սահմանված պայմանագիր կնքելու մասին որոշում ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանագրի կնքման պահից պայմանագիրը կնքած բանկի կամ վարկային կազմակերպության նկատմամբ սկսված վարույթները կարող են կասեցվել կամ կարճվել, բանկի նկատմամբ նշանակված տուգանքի, տույժի գանձումը կարող է հետաձգվել կամ տուգանք կամ պատասխանատվության այլ միջոց չկիրառվել, տուգանքի, տույժի չափը կարող է նվազեցվել կամ տուգանքի, տույժի գանձման ժամանակացույց սահմանվել:
3. Պայմանագրով կարող են նախատեսվել հետեւյալ պայմանները՝
ա) որոշակի ժամանակաշրջանում վերակազմակերպման կամ զարգացման ծրագրի իրագործում.
բ) խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.
գ) շահաբաժինների վճարման կասեցում.
դ) ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում.
ե) ղեկավարների աշխատավարձի նվազեցում եւ պարգեւավճարների դադարեցում.
զ) ակտիվային եւ (կամ) պասսիվային առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում.
է) գովազդի իրականացման սահմանափակում.
ը) այլ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի բարելավման եւ բնականոն գործունեության ապահովման համար:
Հոդված 3911 . Վաղեմության ժամկետները
Կենտրոնական բանկը հայտնաբերված խախտման համար կարող է վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառել խախտման արձանագրման պահից մեկ տարվա ընթացքում:
Հոդված 3912 . Վարույթը կարճելը
1. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարճում է վարույթը, եթե՝
ա) բաց են թողնված սույն օրենքի 3911 հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները.
բ) խախտման համար օրենքով պատասխանատվություն նախատեսված չէ.
գ) վարույթն սկսելու պահին արձանագրված խախտումը հետագայում` օրենսդրության փոփոխության պարագայում, այլեւս խախտում չի համարվում, կամ նման խախտման համար պատասխանատվության միջոց սահմանված չէ.
դ) արձանագրված փաստը խախտում չէ.
ե) սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագրի դադարումից հետո բանկը կամ վարկային կազմակերպությունն ամբողջովին կատարել է պայմանագրով նախատեսված պայմանները:
2. Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ կարող է կարճել վարույթը, եթե մինչեւ պատասխանատվության միջոց կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշման ստորագրումը վերստուգվող անձը կամ դրա ղեկավարը կամովին վերացրել է խախտումը:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարճում է վարույթը, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ, եւ կարող է կարճել վարույթը, եթե բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքվել է սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագիրը:
4. Եթե խախտման վերաբերյալ վարույթը կարճվել է սույն հոդվածի 2-րդ կետի հիմքով, ապա տվյալ խախտումը համարվում է կատարված եւ հաշվարկվում է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից թույլ տրված եւ արձանագրված խախտումների ընդհանուր քանակում:
Հոդված 3913 . Վարույթի կասեցումը
Կենտրոնական բանկի խորհուրդը կամ նախագահը կարող են կասեցնել վարույթը, եթե պատասխանատվության միջոցի կիրառումը պահանջում է արձանագրված խախտման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում, կամ երեւան են եկել նոր հանգամանքներ, կամ բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքվել է սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագիրը: Կասեցման որոշման մեջ նշվում են վարույթի կասեցման ժամկետը եւ պատճառը: Կասեցման ժամկետը խորհուրդը կամ նախագահը կարող են երկարաձգել, եթե նախորդ կասեցման ժամանակահատվածում հնարավոր չի եղել իրականացնել լրացուցիչ պարզաբանումների կամ երեւան եկած նոր հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն եւ վերլուծություն:
Հոդված 3914 . Տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանքը կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքը մեղմացնելու մասին որոշումը
Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկի կամ վարկային կազմակերպության, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանման առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի կամ վարկային կազմակերպության հետ սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի կամ վարկային կազմակերպության կամ դրա ղեկավարի նկատմամբ տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանք կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքի չափը նվազեցնելու մասին կամ տուգանքի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում ընդունել, եթե տուգանքի գանձումը կարող է հանգեցնել բանկի կամ վարկային կազմակերպության` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը:»:
Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 53-րդ հոդվածը:
Հոդված 16. Օրենքի 531 -րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Բանկերը պարտավոր են սույն գլխով սահմանված կարգով երաշխավորել ֆիզիկական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, ներգրավված բոլոր տեսակի դրամային եւ արտարժութային ավանդները, բանկային հաշիվներում (այսուհետ՝ ավանդներ) առկա դրամական միջոցները՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափով: Ընդ որում, արտարժութային ավանդների դրամային համարժեքությունը որոշվում է սույն օրենքով սահմանված երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով: Մեկ անձի մեկ բանկում ունեցած բոլոր ավանդները համարվում են մեկ ավանդ:
2. Բանկերի կողմից սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորման եւ ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամից հատուցման ենթակա չէ այն ավանդը՝
ա) որը ներդրվել է անվճարունակ ճանաչված բանկի ղեկավարի կողմից, ընդ որում՝ բանկի ղեկավար են համարվում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձինք.
բ) որը ներդրվել է բանկի նշանակալից մասնակից հանդիսացող անձի կողմից.
գ) որի սեփականատերն անհայտ է, կամ սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից.
դ) որը օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել.
ե) որը բանկում ներդրվել է ավանդի ներդրման պահին բանկում ներդրված նմանատիպ ավանդների տոկոսադրույքը 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով.
զ) որը ներդրվել է բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից ավանդների երաշխավորման այլ կարգ սահմանված չէ:»:
Հոդված 17. Օրենքի 532 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«2003 թվականի հուլիսի մեկից հետո ստեղծված բանկերն ավանդների երաշխավորման հիմնադրամին կատարում են Կենտրոնական բանկի սահմանած չափով միանվագ վճարներ, ինչպես նաեւ սույն հոդվածով սահմանված կարգով երաշխիքային վճարներ:»:
Հոդված 18. Օրենքի 533 -րդ հոդվածում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Երաշխավորված գումարի ստացման դեպք է համարվում «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկն անվճարունակ ճանաչելը, եթե բանկը չի կարող բավարարել իր պարտատիրոջ (պարտատերերի) օրինական պահանջները:».
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ եւ չորրորդ պարբերություններ՝
«Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում եւ կարգով երաշխավորված ավանդի հատուցումը չստանալու կամ մասամբ չստանալու դեպքում ավանդատուն երաշխավորված ավանդի հատուցման պահանջը կարող է ներկայացնել երաշխավորման դեպքը վրա հասնելուց հետո ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:
Ավանդատուի կողմից տվյալ բանկի նկատմամբ պարտավորություն ունենալու դեպքում այդ պարտավորությունը եւ երաշխավորված ավանդը Կենտրոնական բանկի որոշմամբ հաշվանցվում են: Հաշվանցված գումարի մասով բանկի եւ ավանդատուի պահանջները դադարում են:»:
Հոդված 19. Օրենքի 534 -րդ հոդվածից հանել «սնանկ» բառը:
Հոդված 20. Օրենքի 535 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամին վճարված երաշխիքային վճարների գումարները, դրանց վրա հաշվարկված տոկոսները, այդ գումարների օգտագործումից ստացված եկամուտները, Կենտրոնական բանկի կողմից հատուցված եւ բանկերի նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա ստացված գումարները, ինչպես նաեւ հատուկ հիմնադրամում հաշվեգրված այլ մուտքերը նվազեցվում են Կենտրոնական բանկի եկամուտներից եւ ֆինանսական տարվա արդյունքներով չեն փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ կուտակվում են բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամում:»:
Հոդված 21. Օրենքի 57-րդ հոդվածում՝
ա) առաջին նախադասությունը «նորմատիվ» բառից հետո լրացնել «, ներքին» բառով.
բ) երկրորդ նախադասությունը «նորմատիվ» բառից հետո լրացնել «, ներքին» բառով, իսկ «չի կասեցվում» բառերը փոխարինել «չի կարող կասեցվել» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30.03.2004
ՀՕ-45