Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003

Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (հավելվածը կցվում է):

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 հունվարի 2004թ.
ՀՕ-28-Ն
 
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան եւ սահմանում է 2004-2006 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները՝ ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական բնագավառների:

Հայաստանի Հանրապետության 2004-2006 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այսուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Եռամյա ծրագրի կատարումը եւ ֆինանսավորումը պայմանավորված է եւ բխում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

ԲԱԺԻՆ 1. ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության առջեւ ծառացած խնդիրներն են՝

ա) միջազգային, ֆինանսական, տնտեսական, հասարակական եւ այլ կազմակերպությունների կողմից ընդունված, ինչպես նաեւ ազգային չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը.

բ) տնտեսական ու հասարակական գործընթացների եւ դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը եւ համակարգումը.

գ) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին (այդ թվում՝ միջազգային), գիտակրթական հաստատություններին, լրատվամիջոցներին, ինչպես նաեւ հանրությանը ամփոփ տեղեկատվությամբ ապահովումը.

դ) վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձեւերի մշակման համակարգումը.

ե) վիճակագրական տեղեկատվության արժանահավատության, ամբողջականության ապահովումը, ներառյալ՝ այդ նպատակով վիճակագրական սկզբնական (անվանական) տվյալների անանունության (գաղտնիության) պահպանման նկատմամբ վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը.

զ) վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարումը եւ դրա պարբերական արդիականացումը.

է) տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչների մշակումը եւ դրանց ներդաշնակեցումը (այդ թվում` շարունակական կատարելագործման միջոցով) միջազգայնորեն ընդունված ու կիրառվող դասակարգումների հետ:
 


ԲԱԺԻՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունը խարսխվելու է ազատական տնտեսակարգի կառուցման, քաղաքացիական հասարակարգի ձեւավորման եւ ժողովրդավարության սկզբունքների ծավալման քաղաքականության իրագործման հիմունքներին:

2. Վիճակագրությունը պետք է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հասարակության, բիզնեսի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում ապահովի անկողմնակալություն (անկախություն), հրատապություն, վիճակագրական տեղեկատվությունից օգտվելու հավասար հնարավորություններ, արդյունավետ աշխատանք, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն, տեղեկատվության սպառողների մարկեթինգ եւ այլն:

Նշված սկզբունքների ապահովման ենթատեքստով, մասնավորապես, նախատեսվում է՝

ա) վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում շարունակել վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացները՝ հետամուտ լինելով նաեւ վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացմանը.

բ) տնտեսական գործունեության տեսակների ու դրանք իրականացնող սուբյեկտների քանակի աճով պայմանավորված՝ աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների ներդրմանն ու կիրառմանը.

գ) բարձրացնել տվյալների նախապատրաստման օպերատիվությունը՝ օգտագործելով տվյալների հավաքագրման ժամանակակից միջոցները եւ մեթոդները, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ կիրառման միջոցով.

դ) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց շարունակել ներկայումս գործող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները՝ միաժամանակ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության եւ արժանահավատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները.

ե) վիճակագրական տեղեկատվության համադրելիության եւ միասնականության ապահովման նկատառումներով պայմանավորված՝ շարունակել տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգման եւ կոդավորման միասնական համակարգի ստեղծումը՝ ներդաշնակեցված միջազգային դասակարգումների հետ.

զ) կանանց հիմնախնդիրների վիճակագրական հաշվառման հետագա կատարելագործման եւ այդ բնագավառում միջազգային համադրումների ապահովման նկատառումներով պայմանավորված` շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները.

է) վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջմունքների առավել ամբողջական եւ օպերատիվ բավարարման նպատակով ընդլայնել վիճակագրական հրապարակումների (տեղեկագրեր, ժողովածուներ եւ այլն) կազմն ու բովանդակությունը՝ ընդլայնելով նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տարածման հնարավորությունները.

ը) վիճակագրական տվյալների որակի եւ թափանցիկության ապահովման, վիճակագրությունում միջազգային չափանիշների ներդրման եւ կիրառման նկատառումներով պայմանավորված՝ անցում կատարել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների կիրառմանը (մասնավորապես անդամակցել Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած «Տվյալների տարածման հատուկ ստանդարտին»), ինչը ենթադրում է նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջի անխափան շահագործում եւ տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաեւ մեթատվյալների պարբերական արդիականացում.

թ) զարգացնել վիճակագրական տվյալների բազաները, մասնավորապես պարբերաբար (նվազագույնը` ամենամյա) արդիականացնել բիզնես - ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի մասով), ձեւավորել եւ վարել ճյուղային եւ տարածքային ռեգիստրները.

ժ) անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը՝ հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը.

ժա) համայնքների անձնագրերի ներդրմանը եւ վարմանը զուգընթաց՝ կատարելագործել եւ ընդյալնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.

ժբ) միջազգային համագործակցության շրջանակում ընդլայնել տվյալների ընդգրկման դաշտը՝ կատարելագործելով տվյալների հավաքագրման հիմնական ենթակառուցվածքը, եւ ավելացնել վիճակագրական հետազոտությունների հաճախականությունն ու քանակը.

ժգ) ստեղծել վիճակագրական տվյալների հիմնապաշար՝ կիրառելով տվյալների (դինամիկ շարքերի)` անմիջականորեն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջից հարցման միջոցով ստանալու մեխանիզմը.

ժդ) արդիականացնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի տեղային (լոկալ) համակարգչային ցանցը՝ ցանցային ռեսուրսների կորպորացման եւ կորպորատիվ ցանցի կառուցման միջոցով, ինչը կմիավորի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի առանձնացված եւ կառուցվածքային ստորաբաժանումները:

ԲԱԺԻՆ 3. ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, ինչը պայմանավորված է մի կողմից՝ վիճակագրական տեղեկատվության նկատմամբ մշտապես աճող պահանջներով՝ տվյալների արժանահավատության եւ օպերատիվության բնագավառում, ինչպես նաեւ վիճակագրական տեղեկատվության ստացման գիտական հիմնավորվածության եւ միջազգային չափանիշներին համապատասխանության առումով, իսկ մյուս կողմից՝ սկզբնական (անվանական) բոլոր տիպի տվյալների չտարածմամբ:

Վիճակագրության հետագա զարգացումը նախատեսվում է 2004-2006 թվականներին իրականացնել հետեւյալ միջոցառումային ծրագրերի շրջանակում.

ԳԼՈՒԽ 3.1. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

3.1.1. Ազգային հաշիվներ

Հիմք ընդունելով Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգի» պահանջները, որոնց իրականացման պարտավորությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է 2001 թվականի մարտի 29-ից՝ անդամակցելով նշված համակարգին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից մշակված «Ազգային հաշիվների համակարգ 93» մեթոդաբանությունը` ազգային հաշիվների կազմման առումով նախատեսվում է իրականացնել հետեւյալ միջոցառումները.

ա) «Ազգային հաշիվների համակարգ-93» միջազգային մեթոդաբանության համաձայն՝ ամբողջ տնտեսության, ինչպես նաեւ կառուցվածքային հատվածների մակարդակով հաշիվների կազմում.

բ) համախառն ներքին արդյունքի եւ այլ մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկների իրականացում.

գ) ազգային հարստության բաղադրիչների հաշվարկ.

դ) բնակչության դրամական եկամուտների եւ ծախսերի հաշվարկ.

ե) «Ծախսեր-թողարկում» աղյուսակների կազմման աշխատանքների շարունակում, տեղեկատվական աղբյուրների հստակեցում.

զ) ազգային հաշիվների բաղադրիչները ներկայացնող ժողովածուների նախապատրաստում եւ հրապարակում.

է) ազգային հաշիվներում կիրառվող` ժողովրդական տնտեսության ճյուղերի նախկին համամիութենական դասակարգումից անցում տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչին.

ը) ազգային հաշիվների բաղադրիչների հաշվարկների համար տեղեկատվական բազայի կատարելագործում` տնային տնտեսությունների հետազոտությունների միջոցով հավաքագրվող տեղեկությունների ընդլայնման, տնային տնտեսությունների սպառման, ինչպես նաեւ ոչ ֆորմալ գործունեության չափերի գնահատման միջոցով.

թ) «Չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության կատարելագործում, մասնավորապես՝ իրականացվող ընտրանքային հետազոտությունների կիրառմամբ.

ժ) ազգային հաշիվների հաշվարկների ավտոմատացման աշխատանքների ներդրում:

3.1.2. Արդյունաբերություն

ա) արդյունաբերության վիճակագրության ընդլայնում` տնտեսական գործունեության տեսակների՝ Հայաստանի դասակարգչով սահմանված գործունեության տեսակների ամբողջական հաշվառմամբ.

բ) Եվրամիության երկրներում կիրառվող, ըստ գործունեության տեսակների, արտադրանքի վիճակագրական դասակարգման ներդրում, որը համադրելի է տնտեսական գործունեության տեսակների եվրոպական դասակարգման հետ.

գ) տեղեկատվության հավաքագրման, մշակման եւ ամփոփման մեթոդների եւ ձեւերի կատարելագործում` ցուցանիշների հաշվարկման համար հաշվողական տեխնիկայի, տեղեկատվական ցանցերի եւ հատուկ ծրագրերի կիրառման ընդլայնմամբ.

դ) անցում տեղեկատվության հավաքագրման, մշակման եւ ամփոփման ընտրանքային եղանակներին, որը կիրականացվի՝ ըստ աշխատողների թվաքանակով որոշվող չափերի եւ դրանց ընտրանքային համամասնությունների.

ե) ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրառմանը զուգահեռ գործունեության առանձին տեսակների համար (ըստ ցածր առաձգականությամբ ապրանքների արտադրության բազային ցուցանիշների) չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման մեթոդաբանության կատարելագործում՝ օգտագործելով ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ այլընտրանքային հետազոտությունների արդյունքները.

զ) արդյունաբերությունը բնութագրող ամբողջական եւ հավաստի տեղեկատվության ապահովման նպատակով բնական գազի տեղափոխման եւ բաշխման, ինչպես նաեւ ջրի հավաքագրման, մաքրման եւ բաշխման ծավալների հաշվառման համար վիճակագրական դիտարկման փաստաթղթերի մշակում, ներդրում, տեղեկատվության հավաքագրում եւ տեղեկատվական բազայի ձեւավորում.

է) արդյունաբերության վիճակագրության նկարագիրը եւ առանձնահատկությունները բնութագրող ժողովածուների (տեղեկագրերի) հրապարակում:

3.1.3. Գյուղատնտեսություն

ա) գյուղատնտեսության ոլորտի վիճակագրության վարման բնագավառում տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի ներդրում.

բ) գյուղատնտեսության վիճակագրական ընտրանքային դիտարկման ցանցի ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով ընտրանքային եղանակների կատարելագործման ճանապարհով գյուղատնտեսության վիճակագրության ընտրանքային դիտարկման ցանցի պարբերական արդիականացում, ինչը կհանգեցնի հավաքագրված վիճակագրական տվյալների ամբողջականության, ներկայացուցչականության եւ արժանահավատության բարձրացմանը.

գ) գյուղատնտեսության վիճակագրական տվյալների հավաքագրման եւ մշակման մեթոդաբանության կատարելագործում ու արդիականացում.

դ) բուսաբուծական եւ անասնաբուծական մթերքի արտադրության առանձնահատկություններից ելնելով` դրանց ծավալների ճշգրտման մեխանիզմների եւ մեթոդաբանությունների մշակում ու կիրառում.

ե) տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի ներդրման հետ կապված՝ ձկնորսության, ձկնաբուծության եւ անտառաբուծության վերաբերյալ ամբողջական եւ հավաստի տեղեկատվության ստացման նպատակով վիճակագրական դիտարկման փաստաթղթերի մշակում, ներդրում, տեղեկատվության հավաքագրում եւ տեղեկատվական բազայի ձեւավորում ու արդիականացում.

զ) գյուղատնտեսության վիճակագրությունն արտացոլող վիճակագրական ժողովածուների (տեղեկագրերի) հրապարակում:

3.1.4. Շինարարություն

ա) շինարարության վիճակագրության վարման բնագավառում տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի ներդրում.

բ) շինարարության հիմնական ցուցանիշների հավաքագրման, մշակման եւ ամփոփման մեթոդաբանության կատարելագործում.

գ) շինարարության վիճակագրության ամբողջականացման նպատակով տեղեկատվական բազաների ձեւավորում եւ արդիականացում.

դ) բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության չհաշվառված ծավալների բացահայտման եւ վիճակագրական ցուցանիշների արժանահավատության բարձրացման ու համընդգրկունության ապահովման նպատակով դիտարկումների պարբերաբար անցկացում.

ե) շինարարության վիճակագրության նկարագիրն արտացոլող վիճակագրական ժողովածուների (տեղեկագրերի) հրապարակում:

3.1.5. Տրանսպորտ եւ կապ

ա) տնտեսական գործունեության տեսակների՝ Հայաստանի դասակարգչին համապատասխան՝ տրանսպորտի եւ կապի ոլորտների վիճակագրության վարում.

բ) ավտոմոբիլային տրանսպորտի հիմնական ցուցանիշների (բեռնափոխադրումներ, բեռնաշրջանառություն, ուղեւորափոխադրումներ, ուղեւորաշրջանառություն) հաշվարկման մեթոդաբանության կատարելագործում եւ բարելավում.

գ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հիմնական ցուցանիշների (ուղեւորափոխադրումներ, ուղեւորաշրջանառություն, մեքենաների կատարած վազք, մեքենաների երթեր) ամբողջականացման նպատակով ընտրանքային դիտարկումների պարբերական անցկացում.

դ) տրանսպորտի եւ կապի վիճակագրության նկարագիրն արտացոլող վիճակագրական ժողովածուների (տեղեկագրերի) հրապարակում:

3.1.6. Առեւտուր եւ այլ ծառայություններ

ա) տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչին համապատասխան՝ առեւտրի եւ ծառայությունների ոլորտի վիճակագրության վարում.

բ) մանրածախ ապրանքաշրջանառության իրական ծավալների ամբողջականության ապահովման եւ արժանահավատության բարձրացման նպատակով դիտարկումների պարբերաբար անցկացում.

գ) առեւտրի եւ ծառայությունների գծով տեղեկատվության հավաքագրման եւ մշակման մեթոդաբանության կատարելագործում:

3.1.7. Գներ եւ սակագներ

ա) սպառողական գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործում, դիտարկվող ապրանք – ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում եւ ընդլայնում, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում գների դիտարկման աշխատանքների կազմակերպում.

բ) արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության կատարելագործում՝ հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների եւ դրանց կողմից թողարկվող արտադրատեսակների ընտրանքի վերանայում, իրացման գների հետազոտության կազմակերպում եւ միջազգային չափանիշներին ու դասակարգիչներին համապատասխան՝ իրացման գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության ներդրում.

գ) գյուղատնտեսության արտադրանքի գների եւ ինդեքսների հաշվարկման նպատակով գյուղատնտեսական մթերքի իրացման եւ արտադրության միջոցների գնման գների եւ ծավալների մասին գյուղացիական տնտեսությունների ընտրանքային հետազոտման միջոցով հավաքագրվող տեղեկատվության արժանահավատությունն ու ներկայացուցչականությունն առավել ապահովելու համար գների դիտարկման դաշտի ընտրանքի (գյուղացիական տնտեսությունների քանակը 6000-ից հասցնելով 7600-ի) եւ գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության կատարելագործում.

դ) արտաքին առեւտրի գների ինդեքսների մեթոդաբանության հետագա կատարելագործում

ե) Անկախ պետությունների համագործակցության երկրների շրջանակում իրականացվող համախառն ներքին արդյունքի եւ ազգային արժույթի գնողունակության համարժեքության հաշվարկման միջազգային համադրումների եվրոպական ծրագրի նոր փուլի (2004թ. բազային տվյալներով) աշխատանքներին մասնակցության գործընթացի շարունակում.

զ) համաձայն միջազգային համադրումների ծրագրի շուրջ 1700 անվանում սպառման ապրանքների (ծառայությունների), 300 անվանում ներդրումային բնույթի ապրանքների եւ շինարարության մոտ 1200 անվանում բաղադրամասերի գների դիտարկման՝ ոչ շուկայական ծառայությունների քանակային, ծավալային ու գնային տեղեկատվության ուսումնասիրում.

է) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ՝ 2004 թվականի հունվարից շինարարության բաղադրատարրերի գների դիտարկում` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի.

ը) կառուցվող օբյեկտների շինարարության վրա կատարված շինարարական մոնտաժային աշխատանքների, իրացված կապիտալ ներդրումների ծավալների, գործարկված հիմնական միջոցների արժեքը որոշելու նպատակով օբյեկտների շինարարության վրա կատարվող շինարարական - մոնտաժային աշխատանքների բաղադրատարրերի գների դիտարկում: Ստացված գնային տվյալների հիման վրա կառուցվող բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային, արտադրական նշանակության օբյեկտների շինարարության վրա կատարված շինարարական - մոնտաժային աշխատանքների, իրացված կապիտալ ներդրումների արժեքների եւ գների ինդեքսների հաշվարկ.

թ) Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր հատվածների եւ սոցիալական ոլորտների գների ինդեքսների հիման վրա հանրապետության ամփոփ միասնական գների ինդեքսի հաշվարկման մեթոդաբանության մշակում եւ ներդրում:

3.1.8. Զբաղվածություն

ա) Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածության եւ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, մշակման եւ ամփոփման մեթոդների եւ գործիքակազմի կատարելագործում.

բ) աշխատանքի շուկայի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով ընտրանքային դիտարկումներում Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջադրվող սահմանումների, հասկացությունների, դասակարգումների կիրառման շրջանակների ընդլայնում.

գ) տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչին, ինչպես նաեւ միջազգային այլ դասակարգիչներին համապատասխան՝ աշխատանքի վիճակագրության վարում.

դ) զբաղվածության վերաբերյալ տեղեկատվության ամբողջականության ապահովման նպատակով աշխատողների թվաքանակի եւ աշխատավարձի չափերի դիտարկումների իրականացում՝ զբաղվածների մասնագիտության, ստաժի, կրթական մակարդակի եւ զբաղվածությանն առնչվող այլ վիճակագրական տվյալների հավաքագրման նպատակով:

ԳԼՈՒԽ 3.2.  ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ

ա) համախմբված, պետական, համայնքների եւ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեների (եւ դրանց տարրերի) տվյալների ամփոփում՝ միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան.

բ) դրամավարկային համակարգի, ֆինանսական ոչ բանկային ենթահատվածի գործունեության եւ ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) գործունեության ֆինանսական արդյունքների վիճակագրության վարում.

գ) ազգային հաշիվների համակարգի ամբողջացման շրջանակում «Ֆինանսական հաշվի» կազմում (ըստ «Ազգային հաշիվների համակարգ -93-ի»).

դ) ֆինանսական ոչ բանկային ենթահատվածի վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության ամբողջականացման նպատակով վիճակագրական դիտարկման փաստաթղթերի ներդրում եւ մեթոդաբանության կատարելագործում.

ե) ոչ ֆինանսական (առեւտրային) հատվածի կազմակերպություններից հավաքագրվող գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման նոր համակարգի պահանջներին.

զ) Ազգային հաշիվների համակարգի «Ֆինանսական հաշվի» կազմման նպատակով ոչ ֆինանսական հատվածի համապատասխան հաշվարկների ներդրում եւ կազմակերպությունների ֆինանսների վիճակագրության կատարելագործում:
 


3.3. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ

ա) Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի եւ միջազգային ներդրումային դիրքի կազմում` համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության.

բ) ծառայությունների արտաքին առեւտրի ցուցանիշների հավաքագրում, մասնավորապես՝ միջազգային զբոսաշրջության գծով.

գ) օտարերկրյա (այդ թվում` օտարերկրյա ուղղակի) ներդրումների հաշվառման դաշտի բարելավում եւ ցուցանիշների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.

դ) տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ապրանքների եւ ծառայությունների արտաքին առեւտրի տվյալների գծով տվյալների հավաքագրում.

ե) միջազգային մեթոդաբանության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի վիճակագրության վարում՝ ըստ հանրապետության, տնտեսության հատվածների, մարման ժամկետների եւ առանձին գործիքների.

զ) ապրանքների գծով արտաքին առեւտրի վիճակագրության վարում, ապրանքների միջազգային դասակարգման ներդրում եւ դասակարգիչների միջեւ անցման (բանալիների) ապահովում.

է) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի գործընկեր երկրի բնորոշման՝ «ապրանքի ծագման երկրի» հատկանիշի ներդրում.

ը) վճարային հաշվեկշռի կազմման նպատակով ապրանքների առեւտրի վիճակագրության գծով «հայելային» վիճակագրության վարում:
 


ԳԼՈՒԽ 3.4. ՍՈՑԻԱԼ - ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

3.4.1. Սոցիալական ոլորտ

ա) կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի եւ սոցիալ-ժողովրդագրության այլ բնագավառների վիճակագրության ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ներդրման եւ վարչական վիճակագրության կատարելագործման աշխատանքներին աջակցության ցուցաբերում.

բ) առողջապահության ոլորտում հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայման դասակարգչի (Հիվանդությունների միջազգային դասակարգիչ-10) ներդրմամբ պայմանավորված՝ առողջապահության ոլորտին առնչվող վիճակագրական դիտարկման փաստաթղթերի վերանայում, մարզային կտրվածքով առողջապահության վիճակագրության վարման կազմակերպում.

գ ) հաշմանդամների կենսապայմանների հետազոտություն.

դ) բազմաբնակարան շենքերի վերականգնողական աշխատանքների եւ դրանց արդյունքում վերականգնված բնակարանային ֆոնդի հաշվառման իրականացում.

ե) քաղաքային բնակավայրերի կանաչապատ տարածքների եւ բարեկարգվածության հաշվառման կատարելագործում:

3.4.2. Բնապահպանություն

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական եւ տարածաշրջանների զարգացման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ ոլորտին առնչվող մարզային տեղեկատվական բազաների վարում, վարչական ռեգիստրների կատարելագործում.

բ) բնապահպանական ընթացիկ ծախսումների հաշվառման համակարգի կատարելագործում.

գ) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ցուցանիշների եւ տեղեկատվական բազայի ներդրում եւ վարում.

դ) բնապահպանական հաշիվների տարրերի սահմանում եւ ներդրում ազգային հաշիվների համակարգում.

ե) շարժական աղբյուրներից մթնոլորտային արտանետումների վարչական հաշվառման ներդրում.

զ) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ քարտեզասխեմային հրապարակման նախապատրաստում:

3.4.3. Տնային տնտեսություներիհետազոտություն

ա) տնային տնտեսությունների պարբերական ընտրանքային հետազոտությունների անցկացում եւ մեթոդաբանության կատարելագործում.

բ) բնակչության աղքատությունը եւ կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման եւ արդիականացման նպատակով տնային տնտեսությունների հետազոտությունների ընտրանքի ներկայացուցչականության ապահովում, ինչը հնարավորություն կընձեռի այդ ցուցանիշները հաշվարկել եւ հրապարակել մարզային կտրվածքով.

գ) աղքատության ոչ նյութական ցուցանիշների (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն եւ բնակարանային պայմաններ) մոնիթորինգի շարունակական ապահովում եւ կատարելագործում.

դ) 2005 թվականից հետազոտության հարցաթերթին կից հատուկ մոդուլներով (մոդուլային հարցաթերթերով) աղքատության խորացված գնահատում՝ տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների միջոցով.

ե) սոցիալական հատվածի պիլոտային հետազոտությունների իրականացում:

3.4.4. Պարենային ապահովություն

ա) պարենային ապահովության վիճակը բնութագրող տվյալների բազայի ձեւավորում եւ պարբերական արդիականացում.

բ) Միացյալ ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ու Եվրոպական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած մեթոդաբանության համաձայն` պարենային ապահովության վիճակի մոնիթորինգի ապահովում ու շարունակական կատարելագործում եւ դրա հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների կազմում:

3.4.5. Ժողովրդագրություն

ա) բնակչության բնական շարժի (ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության ակտեր), բնակչության մեխանիկական շարժի (միգրացիայի) վերաբերյալ տվյալների մշակման աշխատանքների կատարելագործում, մարզային կտրվածքով մանրամասնեցված ցուցանիշների ապահովում.

բ) բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ ելքային աղյուսակների մեքենայական մշակման ծրագրի կատարելագործում, Հայաստանի Հանրապետության մարզերի եւ քաղաքների կտրվածքով դրանց ստացման ապահովում.

գ) Հայաստանի Հանրապետության հետ մարդահամարային աշխատանքների իրականացում՝ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի արդյունքների հիման վրա:

ԲԱԺԻՆ 4. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ա) համայնքների անձնագրերի վարման գործընթացի ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործում, համայնքների անձնագրերի ներդրում (նախնական փորձաքննության արդյունքների հիման վրա) եւ վարում.

բ) մարզային կտրվածքով սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների կազմի ընդլայնում (առանձին ցուցանիշների գծով՝ նաեւ գենդերային կտրվածքով).

գ) մարզային կտրվածքով տեղեկատվական բազաների կատարելագործում` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով.

դ) տարածքային վիճակագրության հեռանկարային զարգացում` միջազգային չափանիշների ամբողջական կիրառման նկատառումով:
 


ԲԱԺԻՆ 5. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակներում:

2. Շարունակվելու են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ստորաբաժանումների տեղային համակարգչային ցանցի արդիականացման, առանձնացված ստորաբաժանումների համակարգչային սարքավորումներով, ծրագրային փաթեթներով եւ մոդեմային կապով հանդերձավորման, ցանցային ռեսուրսների կորպորացման եւ կորպորատիվ ցանցի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ապահովել տեղեկատվության ոչ թղթային եղանակով փոխանակումը:

3. Շարունակվելու են www.armstat.am էլեկտրոնային հանգույցի (Ինտերնետ) եւ ներքին ծառայողական էլեկտրոնային հանգույցի (Ինտրանետ) արդիականացման աշխատանքները՝ նախադրյալներ ստեղծելով նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների միջեւ ժամանակի իրական ռեժիմում գործող տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային հանգույցի (էքստրանետ) գործարկման համար:

4. Հաշվի առնելով Ինտերնետի աճող հնարավորությունները եւ մատչելիությունը, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման հատուկ ստանդարտով սահմանված նախապայմանները՝ մոտակա տարիներին անհրաժեշտ կլինի նախատեսել առանձին ֆինանսավորում՝ Ինտերնետով տվյալների տարածման ապահովման համար:

5. Նախատեսվում է վիճակագրական տվյալների կորպորատիվ հիմնապաշարի ստեղծում, ինչը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը` հաստատուն տվյալների տեսքով: Ստեղծվելու է մեթատվյալների բազա:

6. Զուգահեռաբար շարունակվելու են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության եւ անխափան գործունեության ապահովման աշխատանքները՝ ապահովելով վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալների անանունությունը եւ անվանազերծումը:
 


ԲԱԺԻՆ 6. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆԸ

1. Վիճակագրության բնագավառում համագործակցությունը ներառում է տեղեկատվության եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ներուժ ստեղծելու նպատակով դրանց տարածումը՝ վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար: Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավականին ընդարձակ է՝ սկսած միջազգային աշխատանքային խմբերի եւ խորհրդակցությունների շրջանակում ոչ պաշտոնական շփումներից մինչեւ վիճակագրության կատարելագործմանն ուղղված համապարփակ ծրագրերը: Համագործակցության հիմնական նպատակներն են՝

ա) առանցքային ոլորտներում կատարելագործված վիճակագրական տվյալների առավել լայն եւ արդյունավետ օգտագործում ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական զարգացման բնագավառներում, ինչպես նաեւ ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրավորման, որոշումների ընդունման եւ վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով.

բ) նախապատվային բնագավառներում վիճակագրական ներուժի եւ կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաեւ դրանց հրապարակման համար.

գ) համակարգերի եւ ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:

2. Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են՝

ա) էապես բարձրացնել վիճակագրական տեղեկատվության որակը.

բ) բարձրացնել տվյալների արդիականությունը՝ ապահովելով սպառողների կարիքների հաշվառումը եւ բավարարումը.

գ) բարձրացնել տվյալների արժանահավատությունը՝ ուսումնասիրելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը.

դ) ապահովել վիճակագրական չափանիշների եւ կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին եւ կանոններին.

ե) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը.

զ) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ՝ ձեւավորելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտ, կատարելագործելով տվյալների տարածումը, առավել խորը ուսումնասիրելով սպառողների պահանջները եւ կարիքները, ծանոթացնելով սպառողներին վիճակագրության դերին ազատական տնտեսակարգում. նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործմանը ցանկացած բնագավառում որոշումներ ընդունելիս.

է) բարձրացնել եւ երաշխավորել պաշտոնական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում.

ը) որոշել վիճակագրական գործունեության ֆինանսավորման նոր ուղիները՝ արտաքին օգնությունից կախվածության նվազեցման եւ երկրում ֆինանսավորման կայուն համակարգ ստեղծելու նպատակով. մշակել եւ ներդնել վճարովի վիճակագրական ծառայությունների համակարգ.

թ) մշակել եւ ներդնել պրոֆեսիոնալ էթիկայի սկզբունքները:

3. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը նախատեսում է շարունակել ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության շրջանակում համաշխարհային մասշտաբով վիճակագրական մեթոդաբանության եւ պրակտիկայի կատարելագործման, միասնականացման եւ ներդաշնակեցման, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակվող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման եւ բնակչության կենսամակարդակի վերաբերյալ ցուցանիշների համադրելիության ապահովման ուղղությամբ: Իր բովանդակությամբ եւ ձեւերով այդ կարեւորագույն եւ բազմակողմանի գործունեությունը կիրականացվի հետեւյալ հիմնական ուղղություններով.

ա) մասնակցություն միջազգային կազմակերպությունների գործունեությանը՝

բ) պետական վիճակագրության համակարգի բարեփոխումների ուղղությամբ կարեւորագույն հիմնախնդիրների լուծման նպատակով արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համագործակցության նախագծերի մշակում եւ իրականացում միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցության ազգային եւ տարածաշրջանային ծրագրերի ֆինանսական միջոցների հաշվին.

գ) համագործակցություն արտասահմանյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների հետ՝ վիճակագրական գործունեության արդիական հիմնահարցերի ուղղությամբ երկկողմանի հիմունքներով.

դ) Անկախ պետությունների համագործակցության երկրների վիճակագրական ծառայությունների հետ ավանդական կապերի եւ համագործակցության զարգացում երկկողմանի հիմունքներով՝ մասնակցելով Անկախ պետությունների համագործակցության երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի գործունեությանը:

4. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համագործակցության գերակայությունների շարքին են դասվում վիճակագրության հետեւյալ բնագավառները.

- տնտեսական վիճակագրություն,

-  առեւտրային (կոմերցիոն) վիճակագրություն,

-  սոցիալական եւ ժողովրդագրական վիճակագրություն,

-  աղքատության վիճակագրություն,

-  շրջակա միջավայրի վիճակագրություն,

-  տարածաշրջանային վիճակագրություն,

-  տվյալների տարածում,

-  տեղեկատվական եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաներ:
 

ԲԱԺԻՆ 7. ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

1. Անձնակազմի ուսուցումը՝ որպես միջազգային համագործակցության էական բաղադրիչներից մեկը, հանդիսանում է հիմնական գործիքը ողջ համագործակցության համար: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ուսուցման քաղաքականությունը, հիմնվելով ուսուցման ծրագրի վրա եւ լինելով կողմնորոշված անձնակազմի կարիքներին եւ պահանջներին, նպատակաուղղված է գիտելիքների, հմտությունների, փորձի եւ տեղեկատվության փոխանակմանը:

2. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացը՝ ընդգրկելով աշխատակազմի ինչպես կառուցվածքային, այնպես էլ առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներին: Կշարունակվի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից կազմակերպվող դասընթացներին, սեմինարներին եւ աշխատանքային հանդիպումներին:

3. Կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու եւ խնդիրները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունում կշարունակվի պարբերաբար սեմինար-խորհրդակցությունների եւ դասընթացների կազմակերպումը, ինչպես օտարերկրյա փորձագետների, այնպես էլ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցների դասավանդմամբ եւ մասնակցությամբ:

4. Ծրագրվում է նաեւ շարունակել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համակարգի աշխատակիցների համակարգչային տեխնիկային տիրապետելու գծով վերապատրաստումը:

5. Ներդրումները պետք է հիմնականում ուղղվեն կադրերի վերապատրաստմանը եւ մեթոդաբանության զարգացմանը: Այդ առումով նպատակահարմար է ստեղծել ուսումնական կենտրոն, ինչը կարող է ծառայել ոչ միայն համակարգի կատարողականության բարձրացման խնդրին, այլ նաեւ հանդիսանալ հենակետ տարածաշրջանային միջազգային համաժողովների իրականացման համար եւ միաժամանակ ծառայել որպես հասարակական գրադարան:
 

ԲԱԺԻՆ 8. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Պետական վիճակագրության ոլորտում 2004-2006 թվականներին իրականացման ենթակա վերը նշված եւ այլ միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից) ՝

ա) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները (այդ թվում` ոչ հարկատուների կողմից տրամադրված միջոցները).

բ) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրս իրագործվող աշխատանքների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող միջոցները, ինչպես նաեւ ոչ հարկատուների տրամադրած միջոցները.

գ) արտաքին օգնությունից կախվածության նվազեցման եւ երկրում ֆինանսավորման կայուն համակարգ ստեղծելու նպատակով, հետագայում նաեւ` վճարովի վիճակագրական ծառայություններից մուտքերի հաշվին:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17.01.2004
ՀՕ-28