ՕՐԵՆՔԸ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մանես եւ Վալեքս», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ», «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Հրազդանցեմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վարձակալական ձեռնարկության եւ Չարենցավանի «Ձուլակենտրոն» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություններ) կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում եւ առանձին տողով արտացոլվում այն համայնքների բյուջեների վարչական մասում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:
Համայնքների ցանկը եւ բնապահպանական վճարներից նրանց վարչական բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
Հոդված 2. Բնապահպանական վճարներից համայնքների վարչական բյուջեներ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ եւ օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման համար:
Հոդված 3. Յուրաքանչյուր տարվա Ծրագիրը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին՝ տվյալ տարվա պետական բյուջեի ընդունումից հետո՝ երկամսյա ժամկետում:
Ծրագրի նախագիծը համայնքի ղեկավարը մշակում եւ հրապարակում է պետական բյուջեի ընդունումից հետո՝ մեկամսյա ժամկետում:
Ընկերությունները, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական այլ անձինք Ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո՝ 15-օրյա ժամկետում:
Ծրագիրը ներառում է՝
ա) համայնքի ընդերքի, նրա վարչական սահմաններում գտնվող անտառային, ջրային եւ օդային տարածքների, ինչպես նաեւ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման ու վերականգնման միջոցառումները.
բ) համայնքի բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված այն միջոցառումները, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է ընկերությունների գործունեությամբ.
գ) ծրագրային միջոցառումների իրականացման առաջնայնությունները եւ դրանց ֆինանսավորման համամասնությունները:
Մինչեւ Ծրագրի հաստատումը նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները եւ դրանց ֆինանսավորման համամասնությունները համաձայնեցվում են բնապահպանության եւ առողջապահության բնագավառներում լիազորված պետական մարմինների հետ:
Համաձայնություն չտալու դեպքում Ծրագրի ներկայացման օրվանից՝ 15-օրյա ժամկետում, համապատասխան լիազորված մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ավագանուն, համայնքի ղեկավարին եւ համապատասխան մարզպետին՝ նշելով համաձայնություն չտալու հիմքերը:
Համայնքի ավագանին իրավասու է Ծրագիրը վերադարձնել համայնքի ղեկավարին՝ ավագանու սահմանած ժամկետում այն լրամշակելու նպատակով:
Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 4. Ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի չափը ենթակա չէ նվազեցման սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական վճարներից կատարվող մասհանման չափով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 հունիսի 2001թ.
ՀՕ-188