ՕՐԵՆՔԸ
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ
Գլուխ I Ընդհանուր դրույթներ Գլուխ II Մարդահամարի կազմակերպումը Գլուխ III Միջազգային պայմանագրերը Գլուխ IV Անցումային դրույթ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի խնդիրները
Սույն օրենքը կարգավորում է մարդահամարը նախապատրաստելու, անցկացնելու, սկզբնական (անհատական) տվյալները կուտակելու եւ պահպանելու, ինչպես նաեւ ամփոփ տվյալները տարածելու ընթացքում ծագող իրավահարաբերությունները:
Հոդված 2. Մարդահամարի մասին օրենսդրությունը
Մարդահամարի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից եւ մարդահամարի անցկացումը կարգավորող օրենսդրական այլ ակտերից:
Հոդված 3. Մարդահամարի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է մարդահամարի պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող (մշտապես կամ ժամանակավորապես) բոլոր անձանց վրա, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձանց վրա, ովքեր մարդահամարի պահին ժամանակավորապես բացակայում են հանրապետությունից:
Հոդված 4. Մարդահամարի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները
Մարդահամարն անցկացվում է տասը տարին մեկ անգամ:
Մարդահամարն անցկացնելու մասին որոշումը, որտեղ սահմանվում է մարդահամարի անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ոչ ուշ, քան մարդահամարն սկսելուց երկու տարի առաջ:
Մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են մարդահամարի համապետական եւ մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու համար:
Հոդված 5. Մարդահամարի հիմնական խնդիրը
Մարդահամարի հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների մշակման, ժողովրդագրական եւ սոցիալական հետազոտությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխման եւ օգտագործման ուսումնասիրման, բնակչության թվաքանակի եւ կազմի, ընթացիկ հաշվառման ու կանխատեսումների, ինչպես նաեւ ընտրական տեղամասերի կազմավորման նպատակով բնակչության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունների ստացումը:
Հոդված 6. Մարդահամարն անցկացնող մարմինները եւ դրանց պարտականությունները
Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման եւ հրատարակման պատասխանատուն վիճակագրության պետական լիազորված մարմինն է (այսուհետ` լիազորված մարմին), որը պարտավոր է ապահովել`
ա) մարդահամարի ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին եւ ստանդարտներին.
բ) մարդահամարի նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունը եւ մատչելիությունը.
գ) սկզբնական (անհատական) տեղեկատվության գաղտնիությունը:
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 7. Մարդահամարի փաստաթղթերի հաստատումը
Մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չի կարող ընդգրկել:
Մարդահամարի փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթ, կազմակերպահրահանգչական եւ այլ փաստաթղթեր) հաստատում է լիազորված մարմինը:
Հոդված 8. Փորձնական մարդահամարի անցկացումը
Մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի մեքենայական մշակման ծրագրերի եւ տեխնոլոգիայի փորձարկումն իրականացվում է փորձնական մարդահամար անցկացնելու միջոցով:
Փորձնական մարդահամարն անցկացվում է հիմնական մարդահամարից առնվազն մեկուկես տարի առաջ` ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան մեկ տոկոսը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում եւ տարածքներում:
Հոդված 9. Բնակչության հարցումն իրականացնող անձինք
Մարդահամարն անցկացվում է լիազորված մարմնի ներգրաված եւ հրահանգավորած աշխատողների՝ հաշվարարների կողմից բնակելի եւ այլ շինություններ շրջագայելու եւ դրանցում բնակվող յուրաքանչյուր չափահաս անձի (կամ ընտանիքի որեւէ չափահաս անդամի) անմիջական հարցման ու հարցերի պատասխանները մարդահամարի փաստաթղթերում լրացնելու միջոցով:
Անչափահասների, ինչպես նաեւ ժամանակավոր բացակայողների վերաբերյալ տեղեկությունները հաղորդում են ընտանիքի չափահաս անդամները:
Բնակչության առանձին խմբերը (զինծառայողները, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք, ինչպես նաեւ հյուպատոսական եւ դիվանագիտական հիմնարկների անձնակազմերը) հաշվառվում են համընդհանուր կարգով՝ համապատասխան պետական մարմինների կողմից:
Գրառումները կատարվում են ըստ փաստացի բնակության վայրի, բնակչության տված բանավոր տեղեկությունների հիման վրա` առանց փաստաթղթային հաստատման եւ անկախ գրանցման (հաշվառման) առկայությունից:
Հոդված 10. Քաղաքացիների պարտականությունները եւ իրավունքները
Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ, եւ հարցվողները պարտավոր են ճշգրիտ եւ սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ մարդահամարի հարցաթերթում գրանցված իր մասին տեղեկություններին:
Հոդված 11. Մարդահամարի աշխատանքների ֆինանսավորումը
Մարդահամարի աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած՝ մարդահամարի նախապատրաստման, անցկացման եւ նյութերի մշակման բոլոր միջոցառումների` ժամանակին եւ ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշվի հիման վրա:
Հոդված 12. Մարդահամարի ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործումը, հրապարակումը եւ պահպանումը
Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում կամ հրապարակվում են միայն ամփոփված եւ խմբավորված տեսքով:
Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալները գաղտնի են եւ հրապարակման ենթակա չեն:
Մարդահամարի բոլոր փաստաթղթերը պահպանվում են լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հոդված 13. Պատասխանատվությունը մարդահամարի մասին օրենսդրությունը խախտելու դեպքում
Բնակչության վերաբերյալ անհատական տեղեկություններին տիրապետող աշխատակիցներին արգելվում է որեւէ մեկին հաղորդել մարդահամարի լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում մարդահամարի աշխատողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մարդահամարի սկզբնական նյութերը դատական, դատաքննչական եւ այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:
Մարդահամարի հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Հոդված 14. Միջազգային պայմանագրերը
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 15. Առաջին մարդահամարի անցկացումը
Հայաստանի Հանրապետությունում առաջին մարդահամարն անցկացվելու է 2001 թվականին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 նոյեմբերի 1999թ.
ՀՕ-13
18.05.2015 | «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |