Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.02.1998
  • Գլուխ I     Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ II  Տրանսպորտի կառավարման համակարգը
  • Գլուխ III Տրանսպորտային գործունեության հիմնադրույթները
  • Գլուխ IV Անվտանգությունը եւ պատասխանատվությունը փոխադրման ժամանակ
  • Գլուխ V Եզրափալիչ դրույթներ

  • Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմնադրույթները, այդ գործունեության մասնակիցների իրավասությունը եւ պատասխանատվությունը, ապահովում է նրանց օրինական շահերի պաշտպանությունը:

    ԳԼՈՒԽ I

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

    Տրանսպորտ՝ պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որն ունի հետեւյալ տեսակները՝ ավտոմոբիլային, երկաթուղային, էլեկտրատրանսպորտ, խողովակաշարային, ջրային, մետրոպոլիտեն, օդային:

    Տրանսպորտային գործունեություն՝ փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, հաղորդակցության ուղիների օգտագործման, ինչպես նաեւ փոխադրումների ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն:

    Տրանսպորտային համակարգ՝ տրանսպորտային միջոցների եւ ուղիների տեխնոլոգիական շաղկապված համակարգ՝ անկախ սեփականության ձեւից: Տրանսպորտային համակարգն ընդգրկում է օդանավակայանները, ճոպանուղիները, երկաթուղու եւ մետրոպոլիտենի կայարանները, ավտոկայարանները, տրանսպորտային միջոցների հավաքակայանները, նավակայանները, կամուրջները, թունելները, նորոգման եւ օժանդակ այլ օբյեկտները, որոնք անհրաժեշտ են բեռնման-բեռնաթափման աշխատանքների, ուղեւորների սպասարկման, տրանսպորտային միջոցների եւ հաղորդակցության ուղիների շահագործման համար:

    Տրանսպորտային ծառայություն՝ վճարովի ուղեւորափոխադրում-ներ, բեռնափոխադրումներ, եթե բեռը չի պատկանում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ օգտագործողին:

    Փոխադրող՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց, որը մատուցում է ուղեւորների, ուղեբեռների, բեռների եւ փոստի փոխադրման ծառայություններ, իրականացնում՝ առաքման գործունեություն։

    Պատվիրատու՝ (բեռը ստացող, բեռնառաքող, ուղեւոր) իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրանսպորտն օգտագործում է փոխադրողի հետ կնքված պայմանագրի համաձայն:

    Հոդված 2. Տրանսպորտի մասին օրենսդրությունը

    Տրանսպորտային գործունեությանն առնչվող հարաբերությունները կարգավորում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

    Տրանսպորտային միջոցների շահագործման պայմանները, երթեւեկության անվտանգության ապահովման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման եւ սանիտարական նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

    Հոդված 3. Տրանսպորտային տարածքը

    Տրանսպորտային տարածք են համարվում այն հողերը, որոնք օգտագործվում են՝

    - տրանսպորտային գործունեության կազմակերպման համար.

    - ճանապարհների, հաղորդակցության ուղիների շինարարության, պահպանության եւ շահագործման համար:

    Տրանսպորտային տարածքի օգտագործումը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային եւ քաղաքացիական օրենսդրությամբ:

    ԳԼՈՒԽ II

    ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    Հոդված 4. Տրանսպորտային գործունեության պետական կարգավորումը

    Տրանսպորտային գործունեության պետական կարգավորումն իրականացվում է հետեւյալ ձեւերով՝ իրավական պաշտպանություն, լիցենզավորում, հարկում, ֆինանսավորում, սակագների ձեւավորում, ներդրում, տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողություն:

    Պետական մարմիններն իրավունք չունեն միջամտել տրանսպորտային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների տնտեսական գործունեությանը, օգտագործել դրանք շահագործող անձնակազմին, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

    Հոդված 5. Տրանսպորտային համակարգի պետական կառավարումը

    Տրանսպորտային համակարգի պետական կառավարումն իրականացնում է տրասնպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

    Տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինն ունի հետեւյալ հիմնական խնդիրները՝

    - տրանսպորտի ոլորտում միջպետական համագործակցություն.

    - անկախ սեփականության ձեւից՝ տրանսպորտի շահագործման տեխնիկական նորմերի եւ ստանդարտների մշակում.

    - տրանսպորտի բոլոր տեսակների համար պետական ծրագրերի եւ հայեցակարգերի մշակում, տեխնիկական քաղաքականության մշակում եւ իրագործում, ուսուցում եւ կադրերի որակավորման բարձրացում.

    - տեղեկատվության համակարգում, վերլուծություն եւ կանխատեսում.

    - ուղեւորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպում.

    - սահմանված կարգով տրանսպորտի բոլոր տեսակների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ եւ տեխնիկական նորմատիվ ակտերի մշակում եւ հաստատում.

    - տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողության իրականացում.

    - օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում՝

    տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործունեության համակարգում։

    Հոդված 6. Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական խնդիրները տրանսպորտի ոլորտում

    Տրանսպորտի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։

    Հոդված 7. Տրանսպորտային գործունեության լիցենզավորումը

    Տրանսպորտային գործունեության առանձին տեսակներ, որոնց ցանկը եւ լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իրականացվում են լիցենզիայի հիման վրա:

    Լիցենզավորումն իրականացվում է միասնական համակարգով եւ պետք է մատչելի լինի՝ անկախ հայտատուի բնակության վայրից:

    Լիցենզավորումը եւ այդ գործունեության հետ կապված վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

    ԳԼՈՒԽ III

    ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

    Հոդված 8. Տնտեսական գործունեության հիմունքները

    Տրանսպորտի ոլորտում տնտեսական գործունեությունը կարգավորվում է պահանջարկի եւ տրանսպորտային ծառայությունների առաջարկի հիման վրա:

    Կառավարության սահմանած սակագներով, անվճար, զեղչ գներով ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կրած վնասները փոխհատուցվում են պետական կամ համայնքային բյուջեներից:

    Հաղորդակցության ուղիների, կայանների, օդանավակայանների, նավակայանների, կամուրջների, թունելների, ուղեւորային հարթակների եւ այլ շինությունների շինարարությունն իրականացվում է պետական եւ համայնքային բյուջեների, նպատակային հիմնադրամների եւ իրավաբանական ու ֆիզիկական այլ անձանց կամավոր մուծումների հաշվին:

    Հոդված 9. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը եւ բեռնառաքումը

    1.Ուղեւորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը եւ բեռնառաքումը կատարվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:

    2.Ուղեւորների, բեռների, ուղեբեռների փոխադրման եւ բեռնառաքման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ փոխադրման պայմանագրով:

    3.Ուղեւորների փոխադրման պայմանագրի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է ուղեւորին եւ ուղեբեռը փոխադրել նշանակման վայր, իսկ ուղեւորը պարտավոր է վճարել ուղեվարձը եւ ուղեբեռի փոխադրման վճարը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պայմանագրին կցվում են տոմսը եւ ուղեբեռի հաշիվը:

    4. Բեռների փոխադրման պայմանագրի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է բեռնառաքողից ստացած բեռը նշանակման վայր փոխադրել եւ հանձնել լիազորված անձին: Բեռնառաքողը պարտավոր է փոխադրավարձը վճարել պայմանագրով կամ սակագներով: Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բեռների փոխադրման պայմանագրին կցվում են բեռնագիրը եւ բեռնառաքման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

    5. Չարտերային փոխադրման պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը մյուս կողմին է տրամադրում տրանսպորտային միջոցի տարողությունը կամ դրա մի մասը:

    6. Կանոնավոր փոխադրումների անհրաժեշտության դեպքում կողմերը կարող են կնքել փոխադրումների կազմակերպման պայմանագիր, որի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է պարբերաբար ընդունել, իսկ բեռնառաքողը՝ փոխադրման ներկայացնել սահմանված քանակությամբ բեռ: Կանոնավոր փոխադրումների կազմակերպման մշտական պայմանագիրը պարունակում է փոխադրումների ծավալը, պարբերականությունը, փոխադրման որակը, տրանսպորտային միջոցների հատկացման եւ բեռների փոխադրման այլ պայմաններ, որոնք օրենքով նախատեսված չեն եւ օրենքին չեն հակասում:

    Հոդված 10. Ուղիղ խառը փոխադրումները

    Ուղիղ խառը փոխադրումները կարող են կատարվել տրանսպորտի մի քանի տեսակների մասնակցությամբ՝ փոխադրման մեկ միասնական փաստաթղթով: Փոխադրման պայմանները սահմանվում են տրանսպորտի տարբեր տեսակների փոխադրողների միջեւ կնքվող պայմանագրերով:

    Հոդված 11. Տրանսպորտային միջոց տրամադրելը, բեռներ մշակելը

    1. Փոխադրողը, պայմանագրի համաձայն, պարտավոր է բեռնառաքողին տրամադրել սարքին տրանսպորտային միջոց, որը պետք է բավարարի նշված բեռնման-փոխադրման պահանջները: Բեռնառաքողն իրավունք ունի հրաժարվել տրամադրված տրանսպորտային միջոցից, եթե այն չի համապատասխանում բեռների փոխադրման պահանջներին:

    2. Բեռի մշակումը կատարում է փոխադրողը կամ բեռնառաքողը՝ պահպանելով պայմանագրով սահմանված կարգը, ժամանակը, օրենքների եւ կանոնների պահանջները:

    3. Փոխադրողը բեռի մշակումը կատարում է բեռնառաքողի հաշվին:

    Հոդված 12. Փոխադրավարձը

    1. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների, փոստի փոխադրման համար գանձվում է պայմանագրով սահմանված վարձ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

    2. Բեռի տիրոջ պահանջով՝ ծառայությունների եւ աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է սակագներով կամ կողմերի համաձայնությամբ:

    3. Եթե բեռի տերը փոխադրավարձը չի վճարում, փոխադրողն իրավունք ունի պահել փոխադրման համար իրեն հանձնված բեռը՝ փոխադրավարձը եւ տրանսպորտային այլ ծախսերը ծածկելու համար, եթե դա նախատեսված է պայմանագրով:

    4. Փոխադրամիջոցի խափանման պատճառով ուղեւորին, բեռը, ուղեբեռը եւ փոստը նշանակման վայր հասցնելու լրացուցիչ ծախսերը կատարվում են փոխադրողի հաշվին:

    Հոդված 13. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների եւ փոստի փոխադրման ժամկետները

    Փոխադրողը պարտավոր է ուղեւորներին, բեռը, ուղեբեռը եւ փոստը նշանակման վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում: Եթե տեղ հասցնելու ժամկետները պայմանագրում նշված չեն, ապա այն պետք է իրականացվի հնարավոր ամենակարճ ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան երթուղու գծակարգով (սխեմայով) սահմանված առավելագույն ժամանակում:

    Հոդված 14. Բեռնառաքողի՝ բեռը տնօրինելու լիազորությունները

    Բեռնառաքողը կամ նրա լիազորած անձը կարող է պահանջել փոխադրողից՝ դադարեցնել փոխադրումը կամ վերադարձնել բեռը: Այդ դեպքում փոխադրողն իրավունք ունի պահանջել, որ հատուցվեն փաստացի կատարված ծախսերը:

    Բեռնառաքողն այդ լիազորությունները կորցնում է բեռը նշանակման վայր հասցնելուց հետո՝ բեռը ստացողին հանձնելու պահից սկսած:

    Հոդված 15. Ուղեւորների իրավունքները

    Ուղեւորն իրավունք ունի՝

    ա) ձեռք բերել տրանսպորտի ցանկացած տեսակի եւ ցանկացած երթուղու տոմս, եթե դրանք բաց են ուղեւորափոխադրումների համար.

    բ) տեղ զբաղեցնել ձեռք բերված տոմսին համապատասխան.

    գ) տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, առանց առանձին նստատեղերի հատկացման, ուղեւորի հետ կարող է անվճար երթեւեկել մինչեւ 7 տարեկան մեկ երեխա.

    դ) իր հետ անվճար փոխադրել սահմանված չափի ձեռքի ծանրոց.

    ե) սահմանված սակագներով փոխադրման հանձնել ուղեբեռ.

    զ) փոխադրման ընթացքում կանգառների ժամանակ երկարացնել տոմսի ժամկետը.

    է) մինչեւ փոխադրումն սկսվելը վերադարձնել տոմսը եւ փոխադրողի ցանկացած տոմսարկղում հետ ստանալ վճարված գումարը՝ վճարելով տոմսի ձեւակերպման հետ կապված ծախսերը.

    ը) պահանջել փոխադրողի պատճառով հասցված վնասի հատուցում։
     


    ԳԼՈՒԽ IV

    ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

    Հոդված16. Տրանսպորտային միջոցին ներկայացվող պահանջները

    1. Տրանսպորտային միջոցը պետք է ունենա սերտիֆիկատ եւ համապատասխանի անվտանգության, բժշկասանիտարական պահանջներին, աշխատանքի պաշտպանության նորմերին, բնապահպանական անվտանգության միջազգային եւ պետական ստանդարտներին։

    2. Չգրանցված տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է։

    3. Սերտիֆիկացման պահանջները սահմանվում են օրենքով եւ իրավական այլ ակտերով։

    4. Սերտիֆիկացումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը։

    Հոդված 17. Տրանսպորտային միջոցը վարելու կարգը

    1. Տրանսպորտային միջոցը վարելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր ունեն անհրաժեշտ որակավորում, անցել են բժշկական քննություն եւ ունեն սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ։

    2. Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

    3. Անձնակազմի առողջական վիճակի գնահատման չափանիշները սահմանվում են առողջապահության համակարգի պետական լիազորված մարմնի սահմանած կարգով։

    Հոդված18. Փոխադրողի պատասխանատվությունը

    1. Փոխադրման հետ կապված պարտականությունները չկատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով, քաղաքացիական օրենսդրությամբ, ինչպես նաեւ կողմերի միջեւ կնքված պայմանագրով։

    Ուղեւորի, բեռնառաքողի եւ փոխադրողի միջեւ կնքված այն պայմանագրերը, որոնք սահմանափակում են օրենքով սահմանված նրանց իրավունքները եւ պարտականությունները, առոչինչ են։

    2. Ուղեւորային փոխադրման պայմանագրի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է ապահովել ուղեւորի անվտանգությունը, ստեղծել սպասարկման անհրաժեշտ հարմարություններ եւ պայմաններ, իսկ ուղեբեռի առկայության դեպքում՝ ապահովել ժամանակին դրա փոխադրումը եւ պահպանությունը։

    Եթե փոխադրողը հրաժարվում է շարունակել փոխադրումը, ապա պարտավոր է իր հաշվին ուղեւորին փոխադրել նշանակման վայր կամ հատուցել պայմանագրի խախտման պատճառով ուղեւորի կրած վնասը։

    3. Փոխադրողը պարտավոր է ուղեւորին, բեռը, ուղեբեռը կամ փոստը նշանակման վայր հասցնել որոշակի ժամանակի ընթացքում, որը կարգավորվում է տրանսպորտի տվյալ տեսակի մասին օրենքով կամ փոխադրման կանոններով։ Եթե ժամկետներն օրենքով կարգավորված չեն, ապա կողմերն իրավունք ունեն դրանք սահմանել պայմանագրով։

    4. Փոխադրողը երաշխավորում է բեռի, ուղեբեռի եւ փոստի պահպանման անվտանգությունը՝ փոխադրման համար ընդունելու պահից մինչեւ ստացողին հանձնելը։

    5. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի, ուղեբեռի եւ փոստի կորստի համար, իսկ վնասվելու դեպքում, հատուցում է իր մեղքով հասցված վնասը ՝ տվյալ տեսակի տրանսպորտի մասին՝ օրենքից բխող կանոնների եւ փոխադրման պայմանագրի համաձայն, բայց միջազգային նորմերով սահմանված չափերից ոչ ավելի։

    6. Փոխադրողն իր գույքով պատասխանատու է փոխադրման ընթացքում ուղեւորի առողջությանը հասցված վնասի համար։ Վնասի հատուցման կարգը սահմանվում է օրենքով, փոխադրման եւ ապահովագրության պայմանագրերով։

    Հոդված 19. Փոխադրողի պատասխանատվությունը տրանսպորտային միջոց չտրամադրելու եւ բեռնառաքողի պատասխանատ-վությունը տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու դեպքերում

    1. Պայմանագրով նախատեսված հայտի համաձայն՝ բեռներ փոխադ-րելու համար տրանսպորտային միջոց չտրամադրելու, բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցն այլ պատճառով չօգտագործելու դեպքում տրանսպորտային ծառայություն կատարողը եւ բեռնառաքողը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պայմանագրի համաձայն։

    2. Փոխադրողը եւ բեռնառաքողն ազտվում են տրանսպորտային միջոց չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու պատասխանատվությունից, եթե դրանք առաջացել են՝

    ա) անհաղթահարելի հանգամանքների հետեւանքով (ֆորս-մաժոր).

    բ) օրենքով սահմանված այլ դեպքերում։

    Հոդված 20. Փոխադրողի պատասխանատվությունն ուղերթը (փոխադրումը) ուշացնելու դեպքում

    1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղերթն ուշացնելու, ինչպես նաեւ նշանակման վայր ուշ հասցնելու դեպքերում, եթե ուշացումը տեղի է ունեցել փոխադրողի պատճառով, եւ չի հիմնավորվում, որ ուղերթի ուշացումը կամ ուշ հասնելն անհաղթահարելի հանգամանքների (ֆորս-մաժոր), ուղեւորների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի վերացման կամ փոխադրումն անհնարին դարձնող այլ հանգամանքների հետեւանք է։

    2. Եթե պատվիրատուն տրանսպորտային ծառայությունից հրաժարվում է ուղերթն ուշանալու պատճառով, ապա փոխադրողը պարտավոր է հատուցել նրա վճարած փոխադրավարձն ամբողջությամբ։

    3. Եթե ուղերթն ուշանում է երկար ժամանակով, որի հետեւանքով գիշերակացի անհրաժեշտություն է առաջանում, ապա փոխադրողը պարտավոր է ուղեւորների համար ապահովել պատշաճ գիշերակաց եւ սնունդ:

    4. Պատվիրատուի պահանջով նրան պետք է տրվի պաշտոնական փաստաթուղթ, կամ տոմսի վրա նշում կատարվի՝ ուղերթն ուշանալու կամ փոխելու մասին:

    Հոդված 21. Նախապահանջները եւ հայցերը

    1. Հայց ներկայացնելուց առաջ կողմերը կարող են ներկայացնել նախապահանջ՝ օրենքով սահմանված կարգով:

    2. Բեռների փոխադրումներով նախապահանջների ներկայացման ժամկետները սահմանվում են օրենքով:

    3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրման հետ կապված պահանջների վրա:

    Հոդված 22. Փոխադրողի պատասխանատվությունն ուղեւորների առողջությանը վնաս հասցնելու կամ մահվան դեպքում

    Փոխադրողը, իր պարտականությունների սահմաններում, պատասխա-նատվություն է կրում ուղեւորի առողջությանը հասցված վնասի կամ նրա մահվան դեպքում:

    Հոդված 23. Տրանսպորտային օբյեկտների եւ բեռների անվտանգությունը

    1. Տրանսպորտային օբյեկտների եւ բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու, հակահրդեհային նախականխիչ միջոցներ ձեռնարկելու համար ստեղծվում է տրանսպորտում հրդեհների եւ վթարների հետեւանքների վերացումն ապահովող անվտանգության ռազմականացված ծառայություն: Օբյեկտների եւ բեռների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ օպերատիվ անհետաձգելի գործունեություն կազմակերպելու համար կարող են ստեղծվել արագ տեղաշարժման հատուկ տորաբաժանումներ, որոնց գործունեությունը կարգավորվում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի սահմանած կանոններով:

    2. Անվտանգության ռազմականացված ծառայությունը պետք է ունենա օբյեկտների եւ բեռների պահպանության, հակահրդեհային անհրաժեշտ հատուկ միջոցներ:

    3. Հատուկ միջոցների օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:

    4. Հատուկ նշանակության տրանսպորտային օբյեկտների եւ հատուկ բեռների անվտանգությունն ապահովվում է անվտանգության ռազմականացված ստորաբաժանման (ծառայության) եւ ներքին զորքերի ստորաբաժանումների հետ համատեղ: Այդպիսի օբյեկտների ու բեռների ցանկը եւ պահպանության կարգը հաստատում է կառավարությունը:

    5. Տրանսպորտի ոլորտի անվտանգության ռազմականացված ծառայու-թյան կանոնադրությունը, համազգեստի եւ տարբերանշանների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

    6. Հատուկ նշանակության տրանսպորտային օբյեկտների (կամուրջ, թունել եւ այլն) պահպանության ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Օբյեկտների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 24. Տրանսպորտում անվտանգության եւ բնապահպանական նորմերի ապահովումը

    1. Փոխադրողները պարտավոր են ապահովել քաղաքացիների (անձանց) կյանքն ու առողջությունը, թռիչքների, նավագնացության եւ երթեւեկության անվտանգությունը, շրջակա միջավայրի պահպանությունը:

    2. Կայարանները, օդանավակայանները, ավտոմոբիլային եւ երկաթու-ղային տրանսպորտի օբյեկտները, ինչպես նաեւ ջրային ուղիները համարվում են առավել վտանգավոր գոտիներ: Այդպիսի գոտիներում աշխատանքների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված կարգը չպահպանելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

    3. Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր եւ այլ վտանգավոր բեռների փոխադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր եւ այլ վտանգավոր բեռներ փոխադրողը պարտավոր է փոխադրման անվտանգությունն ապահովել պատվիրատուի հաշվին՝ փոխադրման ընթացքում վթարային վիճակների առաջացումը կանխելու, իսկ վթարների դեպքում՝ դրանց հետեւանքները վերացնելու նպատակով, եթե օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:

    4. Փոխադրամիջոցը, փոխադրման երթուղին, ինչպես նաեւ տրանսպորտի գործունեությունն ապահովող տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի եւ շրջակա միջավայրի պահպանության պահանջներին:

    5. Փոխադրողը պարտավոր է շրջակա միջավայրի պահպանության համար ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները: Շրջակա միջավայրին հասցված վնասի համար փոխադրողը պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

    6. Արգելվում է բնական պաշարների հանքավայրերի տարածքում տրանսպորտային օբյեկտներ կառուցելը: Բացառիկ դեպքերում նման թույլտվություն կարող է տալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 25. Տրանսպորտային ապահովագրությունը

    1. Տրանսպորտային ապահովագրության պայմանագրի համաձայն՝ ապահովադիրը, պարտավորվում է վճարել ապահովագրական գումարը, իսկ ապահովագրողը պարատավորվում է ապահովադրին կամ այն անձին, ում անունով կնքված է պայմանագիրը, վճարել ապահովագրական հատուցումը՝ պայմանագրով նախատեսված կարգով:

    2.Ապահովագրության պայմանները սահմանվում են օրենքով եւ պայմանագրով:

    Հոդված 26. Ուղեւորների եւ ուղեբեռի ապահովագրությունը

    1.Օդային, երկաթուղային, ջրային միջպետական փոխադրումների դեպքում ուղեւորները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են պարտադիր ապահովագրության:

    2.Միջպետական փոխադրումների ապահովագրությունն իրականացվում է միջպետական պայմանագրերի համաձայն:

    Հոդված 27. Բեռների կամավոր ապահովագրությունը

    Բեռների կամավոր ապահովագրությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, որը չպետք է հակասի ապահովագրության մասին՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ միջպետական պայմանագրերին:
     


    ԳԼՈՒԽ V

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 28. Տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողությունը

    1. Տրանսպորտային գործառնությունների մասնակիցների կողմից, տրանսպորտի վերաբերյալ իրավական ակտերի, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի շահագործման դեպքում լիցենզավորման եւ բնապահպանական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի համակարգի պետական լիազորված մարմինը՝ իր իրավասության սահմաններում համագործակցելով օրենսդրությամբ իրավասու պետական այլ մարմինների հետ:

    2. Տրանսպորտային միջոցի զննություն կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով:

    Հոդված 29. Միջպետական հարաբերությունները

    Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
     

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    7 մարտի 1998թ.
    ՀՕ-201




    13.03.2001 «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    05.12.2006 «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    20.11.2014 «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    20.11.2014 «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
    09.07.2020 «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    10.12.2021 «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    24.11.2022 «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    08.12.2023 «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին