ՕՐԵՆՔԸ
ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԵՎ ԿԱՐՄԻՐ ՄԱՀԻԿԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գլուխ I. Ընդհանուր դրույթներ Գլուխ II. Խորհրդանշանի գործածությունը որպես պաշտպանիչ նշան Գլուխ III. Խորհրդանշանի գործածությունը որպես տարբերակիչ նշան Գլուխ IV. Հատուկ դրույթներ Գլուխ V. Եզրափակիչ դրույթներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտները
Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան, կարգավորում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի խորհրդանշանների, տարբերակիչ ազդանշանների, ինչպես նաեւ «Կարմիր խաչ» եւ «Կարմիր մահիկ» անվանումների գործածության եւ պաշտպանության հարաբերությունները:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության եւ պաշտպանության ոլորտում
Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության եւ պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները բխում են 1949 թվականի օգոստոսի 12-ի՝ «Գործող բանակներում վիրավորների եւ հիվանդների վիճակի բարելավման մասին», «Ծովում զինված ուժերի կողմից վիրավորների, հիվանդների եւ նավաբեկյալների վիճակի բարելավման մասին», «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին», «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» ժնեւյան կոնվենցիաներից (այսուհետ՝ կոնվենցիաներ), նշված կոնվենցիաներին կից 1977 թվականի հունիսի 8-ի՝ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» լրացուցիչ արձանագրությունից (այսուհետ՝ 1-ին արձանագրություն), 1977 թվականի հունիսի 8-ի՝ «Միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» կից լրացուցիչ արձանագրությունից (այսուհետ՝ 2-րդ արձանագրություն), ինչպես նաեւ 1965 թվականի՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի 20-րդ միջազգային կոնֆերանսի ընդունած «Ազգային ընկերությունների կողմից Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության մասին» կանոններից՝ 1991 թվականի փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ (այսուհետ՝ խորհրդանշանի գործածության կանոններ):
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
զինված հակամարտություն ՝ կոնվենցիաների 2-րդ հոդվածում, 1-ին արձանագրության 1-ին հոդվածի 4-րդ կետում եւ 2-րդ արձանագրության 1-ին հոդվածում սահմանված իրավիճակները.
հոգեւոր անձնակազմ ՝ հոգեւոր սպասավորներ, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հոգեւոր ծառայության նպատակով մշտապես կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, այլ զինվորական կազմավորումներում, բժշկական կազմավորումներում, սանիտարատրանսպորտային միջոցներում, քաղաքացիական պաշտպանության ուժերում.
բժշկական կազմավորումներ ՝ ստացիոնար կամ շարժական բժշկական հաստատություններ եւ քաղաքացիական կամ զինվորական այլ կազմավորումներ, որոնք հիմնական կամ ժամանակավոր հիմունքներով ստեղծված են վիրավորներին, հիվանդներին, նավաբեկյալներին եւ աղետից տուժածներին որոնելու, տարահանելու, փոխադրելու, ախտորոշելու եւ բուժելու համար, ներառյալ՝ առաջին բուժօգնությունը եւ հիվանդության կանխարգելումը.
բժշկական անձնակազմ ՝ հիմնական կամ ժամանակավոր հիմունքներով նշանակված անձինք՝ վիրավորներին, հիվանդներին, նավաբեկյալներին եւ աղետից տուժածներին որոնելու, տարահանելու, փոխադրելու, ախտորոշելու եւ բուժելու համար, ներառյալ՝ առաջին բուժօգնությունը եւ հիվանդության կանխարգելումը, ինչպես նաեւ բժշկական կազմավորումների տնտեսական եւ նյութատեխնիկական ապահովումը.
Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժում ՝ շարժում, որն ընդգրկում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների ֆեդերացիան ու Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկերությունները, որոնք ճանաչված են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, ինչպես նաեւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի անդամ են.
տարբերակիչ ազդանշան ՝ ազդանշան կամ հաղորդում, որն 1-ին արձանագրության առաջին հավելվածին համապատասխան նախատեսված է բացառապես բժշկական կազմավորումների կամ սանիտարատրանսպորտային միջոցների նույնականացման համար.
սանիտարատրանսպորտային միջոցներ ՝ մշտական կամ ժամանակավոր օգտագործման օդային, վերգետնյա, ծովային, գետային փոխադրամիջոցներ՝ ռազմական կամ քաղաքացիական, որոնք նախատեսված են բժշկական անձնակազմին, վիրավորներին, հիվանդներին, նավաբեկյալներին, աղետից տուժածներին եւ բժշկական գույքը փոխադրելու, ինչպես նաեւ զինված ընդհարման կողմի հսկողության տակ գտնվող բժշկական այլ ծառայությունների համար:
Հոդված 4. Պաշտպանության ենթակա օբյեկտները
Սույն օրենքն ապահովում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի խորհրդանշանների, «Կարմիր խաչ» եւ «Կարմիր մահիկ» անվանումների եւ տարբերակիչ ազդանշանների պաշտպանությունը:
Հոդված 5. Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի խորհրդանշանները
Կարմիր խաչի խորհրդանշանը սպիտակ ֆոնի վրա պատկերված խաչ է, որը կազմված է ուղիղ անկյան տակ հատվող եւ ֆոնի եզրին չհասնող միեւնույն հաստության եւ միեւնույն երկարության հորիզոնական եւ ուղղահայաց կարմիր գծերից:
Կարմիր մահիկի խորհրդանշանը սպիտակ ֆոնի վրա պատկերված կարմիր մահիկ է, որի ձեւն ու ուղղվածությունն ազատ են, եւ որի ծայրերը չեն շոշափում ֆոնի եզրերը:
Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի խորհրդանշանները (այսուհետ՝ խորհրդանշան) կարող են օգտագործվել որպես տարբերակիչ կամ պաշտպանիչ նշաններ:
Խորհրդանշանի պատկերումը եւ գործածության կարգը սահմանվում են սույն օրենքով, կոնվենցիաներով, 1-ին եւ 2-րդ արձանագրություններով, ինչպես նաեւ խորհրդանշանի գործածության կանոններով:
Հոդված 6. Տարբերակիչ ազդանշանները
Տարբերակիչ ազդանշաններն են լուսային, էլեկտրոնային եւ ռադիոազդանշանները:
Տարբերակիչ ազդանշանների գործածության կարգը սահմանվում է 1-ին արձանագրությամբ:
Հոդված 7. «Կարմիր խաչ» եւ «Կարմիր մահիկ» անվանումների գործածությունը
«Կարմիր խաչ» եւ «Կարմիր մահիկ» անվանումները (այսուհետ՝ անվանումներ) բացառապես գործածվում են Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մեջ ընդգրկված եւ այդ շարժման սկզբունքներով առաջնորդվող կազմակերպությունների անվանումներում:
Այս անվանումների գործածության կարգը սահմանվում է սույն օրենքով, կոնվենցիաներով, 1-ին եւ 2-րդ արձանագրություններով, ինչպես նաեւ խորհրդանշանի գործածության կանոններով:
Հոդված 8. Կարմիր խաչի ազգային ընկերությունը
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Կարմիր խաչի միակ ազգային կազմակերպությունն է:
«Կարմիր խաչ» անվանման գործածության բացառիկ իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, եթե սույն օրենքով այլ վերապահում նախատեսված չէ:
ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՆՇԱՆ
Հոդված 9. Խորհրդանշանը, որպես պաշտպանիչ նշան, գործածելու ընդհանուր պահանջները
Զինված ընդհարման ժամանակ խորհրդանշանը, որպես պաշտպանիչ նշան, գործածվում է կոնվենցիաներին եւ 1-ին եւ 2-րդ արձանագրություններին համապատասխան՝ հատուկ պաշտպանությունից օգտվող բժշկական եւ հոգեւոր անձնակազմերի, բժշկական կազմավորումների, սանիտարատրանսպորտային միջոցների եւ բժշկական գույքի տարբերակման նպատակով:
Խորհրդանշանի չափսը պետք է լինի հնարավորինս մեծ՝ դրա տեսանելիությունն առավելագույն հեռավորություններից ապահովելու համար:
Զինված ընդհարման ժամանակ սույն օրենքում նշված բժշկական եւ հոգեւոր անձնակազմերն իրենց կարգավիճակի հավաստման համար պարտավոր են ձախ ձեռքին կրել թեւկապ եւ իրենց մոտ ունենալ կոնվենցիաներով եւ 1-ին արձանագրությամբ սահմանված՝ խորհրդանշանի պատկերով եւ կնիքի դրոշմվածքով վկայական (այսուհետ՝ վկայական):
Հոդվա ծ 10. Խորհրդանշանի՝ որպես պաշտպանիչ նշանի գործածությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաեւ այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունների կողմից
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաեւ այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունները, ինչպես խաղաղ, այնպես էլ զինված ընդհարումների ժամանակ խորհրդանշանը, որպես պաշտպանիչ նշան, գործածում են միայն իրենց բժշկական անձնակազմը, բժշկական կազմավորումները, սանիտարատրանսպորտային միջոցները եւ բժշկական գույքը տարբերակելու նպատակով:
Սույն հոդվածի առաջին մասում նշված բժշկական անձնակազմին թեւկապներ եւ վկայականներ են տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաեւ այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունները:
Հոդված 11. Խորհրդանշանի՝ որպես պաշտպանիչ նշանի գործածությունը քաղաքացիական բժշկական կազմավորումների կողմից
Զինված ընդհարման ժամանակ քաղաքացիական բժշկական անձնակազմի, բժշկական կազմավորումների, սանիտարատրանսպորտային միջոցների, բժշկական գույքի տարբերակման համար խորհրդանշանը, որպես պաշտպանիչ նշան, գործածվում է առողջապահության բնագավառի պետական կառավարման հանրապետական մարմնի թույլտվությամբ եւ դրա վերահսկողության ներքո:
Զինված ընդհարման ժամանակ սույն հոդվածի առաջին մասում նշված բժշկական անձնակազմին թեւկապներ եւ վկայականներ է տալիս առողջապահության բնագավառի պետական կառավարման հանրապետական մարմինը:
Հոդված 12. Խորհրդանշանի՝ որպես պաշտպանիչ նշանի գործածությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից
Զինված ընդհարման ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաեւ այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունների ենթակայությանը հանձնված Հայկական Կարմիր խաչի ընկերության բժշկական անձնակազմի, բժշկական կազմավորումների, սանիտարատրանսպորտային միջոցների, բժշկական գույքի տարբերակման համար խորհրդանշանը գործածվում է որպես պաշտպանիչ նշան: Զինված ընդհարման ժամանակ նշված անձնակազմի, կազմավորումների, միջոցների եւ գույքի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաեւ զինվորական պաշտոնատար անձանց եւ զինված ուժերի կառավարման մարմինների հրամաններն ու կարգադրությունները:
Զինված ընդհարման ժամանակ սույն հոդվածի առաջին մասում նշված բժշկական անձնակազմին թեւկապներ եւ վկայականներ են տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաեւ այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունները:
Հոդված 13. Խորհրդանշանի՝ որպես պաշտպանիչ նշանի գործածությունը չեզոք եւ զինված ընդհարումներին չմասնակցող այլ պետությունների Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկերությունների բժշկական կազմավորումների կողմից
Մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմինների համաձայնությամբ եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության վերահսկողության ներքո չեզոք եւ զինված ընդհարումներին չմասնակցող այլ պետությունների Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկերությունների բժշկական անձնակազմը, բժշկական կազմավորումները եւ սանիտարա-տրանսպորտային միջոցները կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաեւ այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների ենթակայությանը եւ կարող են տարբերակվել պաշտպանիչ նշան հանդիսացող խորհրդանշանով: Զինված ընդհարման ժամանակ նշված անձնակազմի, կազմավորումների եւ միջոցների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաեւ զինվորական պաշտոնատար անձանց եւ զինված ուժերի կառավարման մարմինների հրամաններն ու կարգադրությունները:
Զինված ընդհարման ժամանակ սույն հոդվածի առաջին մասում նշված բժշկական անձնակազմին թեւկապներ եւ վկայականներ են տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաեւ այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունները:
Հոդված 14. Հոգեւոր անձնակազմի կարգավիճակը
Հ ոգեւոր անձնակազմն օգտվում է նույն պաշտպանությունից եւ տարբերակումից, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են բժշկական անձնակազմի համար:
ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ՆՇԱՆ
Հոդված 15. Խորհրդանշանի գործածությունը որպես տարբերակիչ նշան
Խորհրդանշանը, որպես տարբերակիչ նշան, գործածվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժմանը տվյալ անձի, տրանսպորտային միջոցների, կառույցների եւ այլ օբյեկտների պատկանելությունը ցույց տալու համար:
Տարբերակիչ խորհրդանշանը պետք է փոքր լինի որպես պաշտպանիչ նշան գործածվող խորհրդանշանից:
Հոդված 16. Խորհրդանշանի՝ որպես տարբերակիչ նշանի գործածությունը զինված ընդհարման ժամանակ
Զինված ընդհարման ժամանակ Հայկական Կարմիր խաչի կամ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի այլ ազգային ընկերությունների կողմից Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման սկզբունքներից բխող գործունեություն իրականացնելիս, որը պայմանավորված չէ վիրավորներին, հիվանդներին, նավաբեկյալներին եւ աղետից տուժածներին օգնություն ցույց տալով, խորհրդանշանը՝ որպես տարբերակիչ նշան, կարող է գործածվել համեմատաբար փոքր չափսերով: Արգելվում է խորհրդանշանն օգտագործել նաեւ թեւկապների վրա ու շինությունների տանիքներին:
Հոդված 17. Խորհրդանշանի՝ որպես տարբերակիչ նշանի գործածությունը խաղաղ ժամանակ
Խաղաղ ժամանակ վիրավորներին, հիվանդներին, նավաբեկյալներին եւ աղետից տուժածներին բժշկական անվճար օգնություն ցուցաբերող անձնակազմին, որպես հիվանդների փոխադրամիջոց օգտագործվող ավտոմեքենաները եւ բացառապես հիվանդների, վիրավորների, նավաբեկյալների եւ աղետից տուժածների խնամքի համար նախատեսված օգնության կայանները տարբերակելու համար խորհրդանշանի՝ որպես տարբերակիչ նշանի գործածությունը թույլատրվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության հատուկ որոշմամբ:
ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Խորհրդանշանն առանց հատուկ լիազորության գործածող կազմակերպությունները
Միջազգային Կարմիր խաչի կոմիտեն, Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան, կոնվենցիաներին, 1-ին եւ 2-րդ արձանագրություններին, ինչպես նաեւ խորհրդանշանի գործածության կանոններին համապատասխան, ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում իրենց բոլոր կարգի գործողություններում խորհրդանշանը եւ անվանումը գործածում են առանց հատուկ լիազորության:
Հոդված 19. Խորհրդանշանի, անվանման եւ տարբերակիչ ազդանշանների գործածության սահմանափակումը
Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է գործածել՝
ա) խորհրդանշանը՝ որպես պաշտպանիչ կամ տարբերակիչ նշան, ինչպես նաեւ տարբերակիչ ազդանշաններ, որոնք կհակասեն սույն օրենքին, կոնվենցիաներին, 1-ին եւ 2-րդ արձանագրություններին ու խորհրդանշանի գործածության կանոններին.
բ) անվանումներն իրավաբանական անձանց անուններում, ապրանքային նշաններում, ինչպես նաեւ այնպիսի նպատակներով, որոնք չեն համապատասխանում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման սկզբունքներին.
գ) ցանկացած նշանի պատկեր, այդ թվում՝ սպիտակ խաչ կարմիր ֆոնի վրա, որոնք սխալմամբ կարող են նույնացվել որպես պաշտպանիչ նշան գործածվող խորհրդանշանի հետ:
Հոդված 20. Խորհրդանշանի՝ որպես պաշտպանիչ նշանի գործածության վերահսկողությունը
Խորհրդանշանի՝ որպես պաշտպանիչ նշանի գործածության վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմինները՝ իրենց իրավասության սահմաններում:
Հոդված 21. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման դեպքում
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 22. Միջազգային պայմանագրերը
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի հակասության դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Անցումային դրույթ
Կարմիր խաչի խորհրդանշանի գործածության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 մարտի 2002թ.
ՀՕ-301