Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի 1-ին մասում «ալկոհոլային խմիչքների,» բառերից հետո լրացնել «էներգետիկ ըմպելիքների,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է բնակչության, հատկապես՝ մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ:
Հարկ է նշել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) 4-րդ հոդվածով սահմանված է տոնուսը բարձրացնող ըմպելիքներ հասկացությունը, որի համաձայն՝ «տոնուսը բարձրացնող ըմպելիքներ՝ ոչ ալկոհոլային եւ թույլ ալկոհոլային ըմպելիքներ, որոնք պարունակում են տոնուսը բարձրացնող, այդ թվում՝ բուսական ծագման նյութեր (բաղադրիչներ) այն քանակությամբ, որը բավարար է մարդու օրգանիզմի վրա տոնուսը բարձրացնող ազդեցությունն ապահովելու համար՝ բացառությամբ թեյի, սուրճի եւ դրանց հիմքով պատրաստվող ըմպելիքների» (Տես՝ ՀՀ կառավարության 2020 թվականի 1009-ն որոշում, N 1 հավելված, 4-րդ հոդված): Բացի այդ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 022/2011) 4-րդ հոդվածի 4.1-ին մասի 5-րդ կետով սահմանված է, որ «ոչ ալկոհոլային խմիչքները, որոնց մեջ կոֆեինի պարունակությունը գերազանցում է 150 մգ/լ, եւ (կամ) դեղաբույսերը եւ դրանց լուծամզվածքները մարդու օրգանիզմին տոնուս հաղորդելու համար բավարար քանակությամբ պետք է մակնշվեն «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչեւ 18 տարեկան երեխաներին, հղիության եւ կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաեւ նյարդային բարձր գրգռվածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբ տառապող անձանց» գրառմամբ»: (Տես՝ ՀՀ կառավարության 2020 թվականի 1009-ն որոշում, N 9 հավելված)
Ներկայացված նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել.
Էներգետիկ ըմպելիքները (EDs) համեմատաբար նոր արտադրանք են: Դրանք նման են զովացուցիչ ըմպելիքներին, լրացուցիչ հավելումներով եւ կոֆեինի ավելի բարձր խտությամբ, որը հանդիսանում է այս ըմպելիքների հիմնական բաղադրիչը (Howard and Marczinski, 2010): Էներգետիկ ըմպելիքներում հայտնաբերված դասական բաղադրիչներն են տաուրինը, գլյուկուրոնոլակտոնը, B վիտամինները, L-կարնիտինը, սախարոզը, հակաօքսիդանտները, հանքանյութերը եւ այլ բուսական հավելումներ, ինչպիսիք են ժենշենը, գուարանան, յերբա մատեն, կակաոն, կոլա ընկույզը, գինկգո բիլոբան եւ այլն (Higgins et al., 2010): Այս բաղադրիչները կարող են տարբերվել ըստ ապրանքանիշի:
Համաշխարհային տվյալները ցույց են տալիս, որ էներգետիկ ըմպելիքների սպառման ծավալները ավելանում են երիտասարդ բնակչության շրջանում (Aonso-Diego et al. 2024): Նմանատիպ իրավիճակ է նաեւ Եվրոպայում, որտեղ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը շատ տարածված է դեռահասների շրջանում: Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների առողջապահական վարքագիծը հետազոտության (HBSC 2017-2018) տվյալները ցույց են տալիս, որ երեխաների մոտ 15%-ը շաբաթական մեկ անգամ օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ: Ընդ որում տղաները զգալիորեն ավելի հաճախ էին օգտագործում էներգետիկ ըմպելիքներ, քան աղջիկները:
Էներգետիկ ըմպելիքների անբարենպաստ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա լիովին ուսումնասիրված չէ, սակայն հայտնի են էներգետիկ ըմպելիքների սպառման հնարավոր բացասական ազդեցությունները՝ ինչպես մեծ քանակով, այնպես էլ պարբերաբար օգտագործման դեպքերում:
Էներգետիկ ըմպելիքներում առկա կոֆեինը կարող է բացասաբար ազդել երեխաների, դեռահասների եւ երիտասարդների առողջության վրա (Temple JL et al, 2017; Seifert SM et al. 2011; Nadeem IM et al. 2021): Քանի որ երեխաներն ու դեռահասներն ունեն ավելի ցածր մարմնի քաշ եւ, հետեւաբար, նրանց օրգանիզմն ավելի քիչ կոֆեին է հանդուրժում, քան մեծահասակներինը, ընդ որում՝ այս խմբի համար կոֆեինի ապացուցված անվտանգ չափաբաժին չի հայտնաբերվել: Կոդեքս ալիմենտարիուսը (Codex Alimentarius) երեխաների եւ դեռահասների համար սահմանված կոֆեինի հանդուրժողականության սահմաններ չունի:
Քանի որ դեռահասները էներգետիկ ըմպելիքների հիմնական սպառողներն են (Seifert et al., 2011; Gallimberti et al., 2013), լուրջ մտահոգություն է առաջացնում դրանց բացասական ազդեցությունն ուղեղի զարգացման հիմնական գործընթացների վրա: Մանկությունն ու դեռահասությունն ուղեղի զարգացման կարեւորագույն ժամանակաշրջաններ են: Երեխայի ուղեղի զարգացումը սկսվում է դեռ մոր հղիության շրջանում եւ շարունակվում է մոտավորապես մինչեւ 20-25 տարեկան (Lenroot and Giedd, 2006): Հետեւաբար, ոչ հասուն ուղեղի բջիջները կարող են հատկապես խոցելի լինել էներգետիկ ըմպելիքների սպառման վնասակար հետեւանքների նկատմամբ (Reis et al., 2017; Al-Basher et al., 2018): Կոֆեինը եւ տաուրինը ամենաշատն են ներգրավված այս ազդեցություններում (Serdar et al., 2019; Brown et al., 2020):
Կոֆեինի չարաշահման հետեւանքով ազդանշանային դիսֆունկցիան կարող է խաթարել ուղեղի զարգացումը, ինչը հանգեցնում է վնասակար հետեւանքների՝ մեղմ ճանաչողական խանգարումներից մինչեւ ծանր նյարդաբանական կամ հոգեկան խնդիրների (Silva et al., 2013; Al-Basher et al., 2018; Serdar et al., 2019; Zhang et al., 2020, 2022; Christensen et al., 2021; Agarwal et al., 2022):
Տաուրինն ամինաթթու է, որը գտնվում է ուղեղի, սրտի եւ կմախքի մկաններում՝ բարձր խտությամբ (Huxtable, 1992): Տաուրինի ամենաբարձր մակարդակները հայտնաբերվել են զարգացող ուղեղում եւ աստիճանաբար նվազում են մինչեւ հասուն տարիք (Brown et al., 2020): Ապացուցված է դրա դերը նեյրոնների զարգացման մեջ (Kilb, 2017; Oja and Saransaari, 2022): Հաշվի առնելով, որ դեռահասության շրջանում ուղեղի կեղեւի զարգացումը դեռ շարունակվում է եւ տաուրինի մակարդակն այս ժամանակահատվածում ամենաբարձրն է, դրա չափազանց քանակի ընդունումը կարող է խաթարել տաուրինի ֆունկցիաները՝ ազդելով ուղեղի կեղեւային կառուցվածքների բնականոն զարգացման վրա:
Ինչպես հայտնի է տաուրինը հայտնաբերվում է տարբեր օրգաններում եւ մարդու մարմնում նրա հիմնական ֆունկցիաներն են.
Չնայած նրան, որ էներգետիկ ըմպելիքները գովազդվում են որպես անվտանգ եւ նույնիսկ օգտակար ըմպելիքներ, որոշ դեպքերում դրանց օգտագործումը կարող է հանգեցնել մահացու ելքի՝ կապված սրտանոթային համակարգի վրա դրա ազդեցության հետ, ներառյալ նախասրտերի եւ փորոքային առիթմիաները, սրտամկանի ինֆարկտները, կարդիոմիոպաթիաները եւ հանկարծակի սրտի կանգը (Mangi et al., 2017; Ehlers et al., 2019; Cao et al., 2021; Piccioni et al., 2021): Հաճախ այս բացասական ազդեցությունը պայմանավորված է լինում էներգետիկ ըմպելիքներում կոֆեինի բարձր խտությամբ, սակայն պետք է հաշվի առնել, որ այլ բաղադրիչներ (տաուրին, շաքարներ եւ B-վիտամիններ) կարող են տարբեր մեխանիզմների միջոցով նպաստել թվարկված հետեւանքներին՝ բարձրացնելով սրտի բաբախների հաճախությունը, արյան ճնշումը եւ սրտի կծկողականությունը (Kaur et al., 2022): Կոֆեինի պոտենցիալ բացասական արդյունքները դիտարկելիս պետք է հաշվի առնել նաեւ կոֆեինի պարունակությունն այլ բուսական բաղադրիչներում, որոնք առկա են էներգետիկ ըմպելիքներում, ինչպիսիք են գուարանան եւ յերբա մատեն, որոնց քանակությունը հաճախ չի նշվում ապրանքի պիտակի վրա:
Դեռահասների կողմից օգտագործվող էներգետիկ ըմպելիքների մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ շաքարներ, ինչպիսիք են՝ գլյուկոզան, սախարոզան, ֆրուկտոզան կամ բարձր քանակի եգիպտացորենի օշարակը: Դրանցից ֆրուկտոզան ունի ամենամեծ ինքնուրույն ազդեցությունը եւ բարձրացնում է արյան ճնշումը սպառումից հետո (Somers and Svatikova, 2020): Գլյուկոզան, ֆրուկտոզան եւ սախարոզը նույնպես բարձրացնում են սրտի բաբախների հաճախականությունն օգտագործումից հետո: Այս երեւույթները կարող են սրել ոչ միայն սրտանոթային համակարգի վրա կոֆեինի ազդեցությունը, այլեւ չափից ավելի եւ երկարատեւ օգտագործման դեպքում՝ հանգեցնել գիրության եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ընդ որում՝ վերջիններս, իրենց հերթին, սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի գործոններ են հանդիսանում:
Էներգետիկ ըմպելիքները սովորաբար չեն պարունակում առողջ սննդակարգի համար անհրաժեշտ որեւէ սննդանյութ, ուստի միանգամայն արդարացված է երեխաների եւ դեռահասների կողմից դրանց ընդունման սահմանափակումը: ԱՀԿ ուղեցույցի համաձայն՝ նման ըմպելիքները չպետք է գովազդվեն երեխաների համար (Տե՛ս նաեւ. Երեխաներին սննդի շուկայավարման վնասակար ազդեցությունից պաշտպանելու քաղաքականությունը. ԱՀԿ ուղեցույց. Ժնեւ. 2023):
Մանկական գիրությունը շատ երկրներում աճող խնդիր է: 5-ից 19 տարեկան հայ երեխաների եւ դեռահասների մոտ ճարպակալման տարածվածությունն աճել է 1990թ.-ի 4,45%-ից, 2022թ.-ին հասնելով 9,56%-ի (ԱՀԿ. 5-ից 19 տարեկան երեխաների եւ դեռահասների շրջանում գիրության տարածվածությունը. Հայաստան. 2022թ.): https://data.who.int/indicators/i/C6262EC/EF93DDB
Եվրոպական սննդի անվտանգության գործակալության (EFSA) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոֆեինի ընդհանուր ազդեցությանը ենթարկվելու առումով էներգետիկ ըմպելիքների «ներդրումը»՝ երեխաների մոտ կազմում է 43%, դեռահասների մոտ՝ 13%, իսկ մեծահասակների մոտ՝ 8%:
Հիմնվելով առկա տվյալների վրա՝ Սննդի անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA) առաջարկում է, թե որքան կոֆեին կարող են օգտագործել երեխաներն ու դեռահասները օրական՝ առանց առողջ բնակչության տարբեր խմբերի համար բացասական հետեւանքների: Այս հանդուրժողականության սահմանները վերաբերում են առողջ մարդկանց եւ չեն կարող ընդունվել որպես անվտանգ ընդունման բացարձակ սահման, քանի որ կոֆեինին անհատական??արձագանքը յուրաքանչյուրի մոտ տարբեր է: Առողջ երեխաների եւ դեռահասների համար (<18 տարեկան) կոֆեինի նկատմամբ քնի խանգարման հանդուրժողականության սահմանաչափը օրական 1,4 միլիգրամ է՝ երեխայի մարմնի քաշի յուրաքանչյուր 1 կգ-ի համար, այն դեպքում՝ երբ առողջության վրա ավելի լուրջ բացասական հետեւանքներ կարող են լինել օրական 3 միլիգրամ կոֆեինի ընդունման դեպքում ( EFSA 2024): Համեմատության համար նշենք, որ օրինակ՝ 500 միլիլիտր տարողությամբ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը հանգեցնում է մարդու օրգանիզմում 160 միլիգրամ կոֆեինի ավելացման: Կոֆեինի այս քանակությունը կբարձրացնի երեխաների եւ դեռահասների մեծ մասի առողջության վրա բացասական ազդեցության ռիսկը (կախված նրանց քաշից): Հետեւաբար, էներգետիկ ըմպելիքների սպառողներն ավելի հավանական է, որ կգերազանցեն EFSA-ի կողմից նշված կոֆեինի սահմանաչափը:
Էներգետիկ ըմպելիքների օգտագործման վերաբերյալ տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել ուղիղ կապ դրանց օգտագործման եւ անհանգստության/սթրեսի, դեպրեսիայի, ընդհատված քնի, անքնության, իմպուլսիվության, հիպերակտիվության եւ ռիսկային վարքագծի միջեւ (օրինակ՝ Nadeem IM et al 2021; Silva-Maldonado P et al, 2022): Ավելին, ապացուցվում է, որ այս ըմպելիքները կախվածություն առաջացնելու հավանականություն ունեն՝ շաքարի (օրինակ՝ Gearhardt AN et al, 2023) եւ կոֆեինի բաղադրիչների պատճառով (Հիվանդությունների միջազգային դասակարգում, International Classification of Disease, ICD-10, F15. 2 ): Երեխաները, հատկապես սրտանոթային, երիկամային կամ լյարդի հիվանդություններով, նոպաներով, շաքարային դիաբետով, տրամադրության եւ վարքի խանգարումներով կամ հիպերթիրեոզով կամ նրանք, ովքեր որոշակի դեղամիջոցներ են ընդունում, էներգետիկ ըմպելիքի օգտագործման հետեւանքով կարող են ավելի բարձր ռիսկի ենթարկվել (օրինակ՝ Seifert SM et al. 2011): Անչափահասների շրջանում ալկոհոլի հետ էներգետիկ ըմպելիքների օգտագործումը բերում է ագրեսիվ վարքագծի եւ բռնի գործողությունների կատարման աճի (օրինակ՝ Speroni et al 2023): Բացի դրանից, բժշկական շտապ դեպքեր, հոսպիտալացումներ եւ նույնիսկ կոֆեինի թունավորումից մահեր են գրանցվել, որոնք կապված են էներգետիկ ըմպելիքների գերօգտագործման հետ (օրինակ՝ Temple JL et al, 2017):
Էներգետիկ ըմպելիքների օգտագործման հետեւանքով հնարավոր ռիսկերի նվազեցման նպատակով՝ տարբեր երկրներ դրանց սահմանափակմանն ուղղված տարբեր քաղաքականություններ են մշակում: Մի շարք երկրներ արդեն քայլեր են ձեռնարկել երիտասարդ սերնդի առողջության պաշտպանության համար՝ սահմանափակելով երեխաների համար էներգետիկ ըմպելիքների վաճառքը եւ գովազդը:
Ներկայումս ԵՄ անդամ պետություններում կիրառվում են կոնկրետ իրավակարգավորումներ՝ ներառյալ անչափահասներին էներգետիկների վաճառքի սահմանափակումները: Շվեդիայում, օրինակ, որոշ ապրանքների վաճառքը թույլատրված է միայն դեղատներում, իսկ մինչեւ 15 տարեկան երեխաներին վաճառքն ընդանրապես արգելված է: Կանադան պարտադրում է նախազգուշական մակնշման առկայություն, որով նշվում է օրական առավելագույն սպառման քանակը եւ ներառում է նախազգուշացում՝ էներգետիկ ըմպելիքները ալկոհոլի հետ չխառնելու վերաբերյալ: Հունգարիայում 2012 թվականին, ի լրումն մի շարք այլ ապրանքների եւ սննդանյութերի՝ կոֆեին պարունակող էներգետիկ ըմպելիքների վերաբերյալ ներդրվել է «հանրային առողջության հարկը»:
Բացի նշվածներից, բազմաթիվ այլ երկրներ եւս, հաշվի առնելով վերը նշված հիմնահարցերը, արդեն իսկ ընդունել են օրենսդրական որոշակի կարգավորումներ՝ հատկապես երեխաների եւ երիտասարդների շրջանում էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման նպատակով: Մասնավորապես, Ամերիկայի Միացյալ Նահանգներում էներգետիկ ըմպելիքների իրացումն ու վաճառքը կարգավորվում է նահանգային օրենքներով՝ ԱՄՆ-ի Սննդի եւ դեղերի վարչության (FDA) կողմից՝ համաձայն «Սննդի, դեղերի եւ կոսմետիկ արտադրության մասին» օրենքի: ԱՄՆ Վաշինգտոն նահանգում գործում է «Էներգետիկ ըմպելիքների վաճառքի սահմանափակման մասին» օրենքը, համաձայն որի՝
- անձը չի կարող տասնութ տարեկանից ցածր անձին վաճառել, տալ, նվիրել կամ առաջարկել վաճառել կամ մատակարարել էներգետիկ ըմպելիք,
- այս օրենքն առաջին անգամ խախտելու դեպքում նախատեսվում է դրամական տույժ, որը չի կարող գերազանցել հիսուն դոլարը, երկրորդ խախտման համար նախատեսված դրամական տույժը չի կարող գերազանցել հարյուր դոլարը, իսկ երեք եւ ավելի անգամ խախտելու համար սահմանված դրամական տույժը յուրաքանչյուր խախտման համար չի կարող գերազանցել հինգ հարյուր դոլարը:
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում նույնպես գործում է 18 տարեկանից ցածր անձանց «էներգետիկ ըմպելիքների» վաճառքն արգելելու մասին օրենքը, ըստ որի՝ յուրաքանչյուր անձ, ով տարածում, առաքում, նվիրում կամ վաճառում է ցանկացած «Էներգետիկ ըմպելիք» կամ այլ արտադրանք կամ ըմպելիք, որում կոֆեինի պարունակությունը գերազանցում է 71 մգ-ը 12 ունցիայի համար եւ առկա է տաուրին եւ գլյուկուրոնոլակտոն, կամ իբրեւ սննդային հավելում որակված այլ փափուկ խմիչք, որում կոֆեինի պարունակությունը հավասար կամ ավելի է, քան 80 մգ 8 հեղուկ ունցիայի համար եւ սովորաբար ներառում է մեթիլքսանտինների, վիտամինների B խմբի եւ մինչեւ 18 տարեկան անձանց համար որպես էներգիայի աղբյուր կամ էներգիայի բարձրացման միջոց գովազդվող բուսական տարր եւ չի կարգավորվում Սննդամթերքի եւ դեղերի վարչության կողմից, ենթակա է պատժի տուգանքով՝ ոչ պակաս, քան հիսուն դոլար առաջին խախտման համար, հարյուր դոլար՝ երկրորդ խախտման համար եւ երկու հարյուր հիսուն ԱՄՆ դոլար երրորդ խախտման համար:
Ռուսաստանի Դաշնության Պետդումա է ներկայացվել օրինագիծ՝ 18 տարին չլրացած անձանց ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքն արգելելու վերաբերյալ: Նախագիծը ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2024թ. սեպտեմբերի 1-ից: Բացի այդ, ՌԴ 65 սուբյեկտներում արդեն իսկ ընդունվել եւ գործում են նմանատիպ արգելք սահմանող օրենսդրական ակտեր (օրինակ՝ 2019, part of administrative offences law):
Լիտվայի Հանռապետությունում էներգետիկ ըմպելիքները սահմանվում են որպես ավելի քան 150 մգ/լ կոֆեին պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիք, որը կարող է պարունակել նաեւ այլ խթանիչներ (օրինակ՝ գլյուկուրոնիկ լակտոն, ինոզիտոլ, գուարանին, գինսենոզիդներ, գինկգոյի էքստրակտ, տաուրին) (2014, part of food law): Համաձայն այս օրենքի արգելվում է 18 տարին չլրացած անձանց վաճառել, գնել կամ առաջարկել էներգետիկ ըմպելիքներ:
Լատվիայի Հանրապետությունում նույնպես արգելված է էներգետիկ ըմպելիքների վաճառքը մինչեւ 18 տարեկան անձանց (2016, separate law on handling of energy drinks): Այս օրենքի համաձայն՝ էներգետիկ ըմպելիքները սահմանվում են որպես ավելի քան 150 մգ/լ կոֆեին եւ առնվազն մեկ խթանող կամ վերականգնող նյութ (օրինակ՝ տաուրին, ինոզիտոլ, գուարանա ալկալոիդներ, Գինկգո Բիլոբայի էքստրակտներ) պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքներ՝ պատրաստի օգտագործման համար: Օրենքի համաձայն՝ մանրածախ առեւտրի ժամանակ այս արտադրանքը պետք է առանձնացված լինի պարենային այլ ապրանքներից եւ պարունակի հատուկ նախազգուշացում:
Թուրքիայում օրենքի համաձայն (2017, part of food law) էներգետիկ ըմպելիքներ են համարվում կոֆեին, տաուրին, գլյուկորոնոլակտոն, ինոզիտոլ, ածխաջրեր, ամինաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր եւ այլ սննդամթերք եւ բաղադրիչներ պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքները: Այս օրենքով արգելված է մինչեւ 18 տարեկան անձանց վաճառքը, ապրանքի վրա նախազգուշական հաղորդագրությունը պետք է լինի սպառողին տեսանելի եւ այլն:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է օրենքով ամրագրել «էներգետիկ ըմպելիք» հասկացության սահմանումը, ՀՀ-ում արգելել մինչեւ 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունները եւ ոչ պատշաճ (ապրանքի իրական բովանդակությունը չբացահայտող) գովազդի հեռարձակումը եւ էներգետիկ ընպելիքների գովազդի հեռարձակման ժամանակային տիրույթը, ինչպես նաեւ սահմանել վարչական պատասխանատվություն՝ նշված սահմանափակումները եւ արգելքները խախտելու համար:
Բացի այդ, նախագծի 3-րդ հոդվածի 16.1-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ 18 տարին չլրացած անձանց, բացի էներգետիկ ըմպելիքներից, արգելվում է նաեւ ալկոհոլային խմիչքների վաճառքը: Խնդիրը կայանում է նրանում, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 17-րդ մասով նախատեսված է. «18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ, ...» վաճառելու համար վարչական պատասխանատվություն (վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով), այն դեպքում՝ երբ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ վաճառելու արգելք չի սահմանել: Հետեւաբար, նշված մասով առաջարկվում է լրացնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առկա՝ ալկոհոլային խմիչքների հետ կապված օրենսդրական բացը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Ազգային ժողովի պատգամավորների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է նպաստել հանրային առողջության եւ հատկապես երեխաների եւ երիտասարդների առողջության պահպանմանը, ինչպես նաեւ երիտասարդ տարիքում կոֆեինից եւ տաուրինից անձանց կախվածության դեպքերի նվազեցմանը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ