Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8352-26.04.2024-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե.1» կետով.

«ե.1) պետք է ապահովված լինի անընդմեջ եւ բարձր որակի տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսաձայնագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենքի (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկումը՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկումը՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները)՝ 2 մետր լայնությամբ, իսկ պարսպի բացակայության դեպքում տեսահսկման համակարգերը պետք է տեղադրվեն տնտեսվարողի սեփականություն հանդիսացող տարածքի ողջ երկայնքով՝ 2 մետր լայնությամբ՝ ապահովելով տեսահսկումը տնտեսվարողի սեփականություն հանդիսացող ողջ տարածքով: Պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը նշված պարտադիր տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություններ:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

2. Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասնութամսյա ժամկետում:

3. Լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից մշակվել են «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալի կողմից հաստատված Միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության արդյունքներով 2022 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցին համապատասխան:

Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ  հանցագործությունների անկառավարելի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին հնարավորինս արագ արձագանքելու համար:

Ժամանակակից աշխարհում լայն տարածում է ստացել թվային գործիքների եւ նոր տեխնոլոգիաների օգտագործումը հասարակական կարգի պահպանության, պետության եւ հանրության անվտանգության ապահովման նպատակով: Միջազգային պրակտիկայում լայն տարածում են գտել «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգերը: Խելացի քաղաքը տեխնոլոգիապես ժամանակակից քաղաքային տարածք է, որն օգտագործում է տարբեր տեսակի էլեկտրոնային մեթոդներ հասարակական կյանքը համակարգելու, ծառայություններ մատուցելու եւ  կոնկրետ տվյալներ հավաքելու համար: Խելացի քաղաքի գաղափարի շրջանակներում կարեւոր է հանրային տարածքներում էլեկտրոնային տեսահսկման եւ նկարահանման հնարավորությունների ընդլայնումը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ մի շարք երկրներում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով հանրային տարածքները հարստացվել են բազմաթիվ տեսանկարահանող սարքերով կամ մասնավոր գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ ձեռք են բերվել համաձայնություններ՝ իրենց պատկանող տեսագրող համակարգերին հասարակական անվտանգության ապահովման նպատակով ոստիկանությանը հասանելիություն տրամադրելու մասին: Այդպիսի երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, ԱՄՆ մի շարք նահանգներ, Սինգապուրը եւ այլն: Սովորաբար տեսանկարահանման եւ տեսահսկման հնարավորությունները համամասնորեն բաժանված չեն լինում երկրի ամբողջ տարածքով, այլ առավել կենտրոնացված են լինում քաղաքային տարածքներում եւ հանրային կարեւոր նշանակություն ունեցող վայրերում: Սույն նախագծերի փաթեթով նույնպես առաջարկվում է տեսահսկման եւ տեսգրության պահպանման պարտադիր պահանջ նախատեսել միայն  տնտեսվարողների որոշակի սահմանափակ շրջանակի համար (դեղատներ, բանկեր եւ այլն)՝ ելնելով Ոստիկանության գործունեության համար առաջնահերթ հանդիսացող տարածքների անվտանգության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունից:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն քաղաքները, որոնցում ավելանում են հանրային վայրերի տեսանկարահանման եւ տեսահսկման հնարավորությունները, բարձրացնում են իրենց դիրքերը անվտանգ քաղաքների շարքում: Շատ վայրերում, այդ թվում՝ Լոնդոնում, Կարաչիում եւ Սեուլում, համապատասխան սարքերի տեղադրումը եւ օգտագործումն  իրականացնում են մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: Սա մասնավոր հատվածի հետ փոխշահավետ համագործակցության ձեւաչափ է, որը հնարավորություն է տալիս կրճատել պետության՝ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ գնելուն ուղղված ծախսերը, իսկ մասնավոր ընկերությունների համար առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում՝ աշխատելու անվտանգության առավել լայն երաշխիքների պայմաններում:

Բացի այդ՝ մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքներն ապացուցել են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության եւ այլ հակահասարակական վարքագծի դրսեւորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի: Ավելին՝ մասնավոր ընկերությունների կողմից ներկայացված նախագծերի փաթեթով սահմանված տեխնիկական միջոցների եւ դրանց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետեւ՝ Ոստիկանություն) հասանելիության ապահովումը հասարակական անվտանգության ապահովման այլ միջոցների նկատմամբ ունի գործնական մեծ առավելություն, քանի որ տալիս է Ոստիկանությանը արագ արձագանքման հնարավորություն:

Ներկայացված կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ այն հնարավորություններով, որոնք կստեղծվեն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար, ինչպես նաեւ ուսումնասիրելու եւ վերլուծելու համար այն հանգամանքները եւ պատճառները, որոնք նպաստում են ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտմանը եւ տարբեր բնույթի վթարներին:

Փաթեթի ընդունման արդյունքում նաեւ հնարավորություն կառաջանա իրականացնելու այսպես կոչված «խոցելի» կամ «վտանգավոր» տարածքների վերահսկում եւ ուսումնասիրություն, ինչի արդյունքներով Ոստիկանությունը կկարողանա վերլուծել տարածքի խոցելիության պատճառները եւ մշակել համապատասխան ռազմավարություն դրանց վերացման համար:

Երեւան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման ժամանակ շատ հաճախ Ոստիկանությունն օգտվում է ավտոկայանատեղերը հսկող տեսախցիկներից: Այդ տեսախցիկների տեսագրություններին հետեւելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, որը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի կորստի, ինչն անհնարին է դարձնում «տաք հետքերով» գործի բացահայտումը: Խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքնային օրերին տեղի ունեցած հանցագործությունների դեպքում, երբ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին եւ ժամերին:

Յուրաքանչյուր իրավիճակում, երբ անձինք առանց իրենց համաձայնության տեսագրվում կամ ձայնագրվում են, անհրաժեշտ է քննարկել  ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով սահմանված մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի ապահովման երաշխիքների առկայությունը, քանի որ տարբեր տեսաձայնագրություններում կարող է արձանագրվել տեղեկատվություն անձանց մասնավոր եւ ընտանեկան կյանքի մասին: ՀՀ սահմանադրությունը սահմանում է, որ մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածը իր հերթին սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք եւ որ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաեւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) Լիբերն ընդդեմ Ֆրանսիայի («« 40-42) վճռում նշել է, որ 8-րդ հոդվածի հիմնական նպատակն է պաշտպանել անձանց անձնական եւ ընտանեկան կյանքը, բնակարանը եւ նամակագրությանը պետական մարմնի կողմից կամայական միջամտություններից: Այսինքն՝ Կոնվենցիայի դրույթներից բխում է, որ պետական մարմինների միջամտությունը այդ իրավունքին թույլատրելի է հետեւյալ նախապայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

Նպատակները սպառիչ թվարկված են հոդվածում եւ փաստորեն հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխման եւ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար նշված իրավունքների օրենքով սահմանափակման հնարավորություն ստեղծելը Կոնվենցիայով համարվում է իրավաչափ:

ՄԻԵԴ-ն իր Պեկն ընդդեմ Մեծ Բրիտանիայի («« 57-63) վճռում արձանագրել է, որ հանրային վայրերի տեսահսկումը, որտեղ տեսողական տվյալները ձայնագրվում, պահվում եւ բացահայտվում են հանրությանը, գտնվում է 8-րդ հոդվածի պաշտպանության ներքո: Սակայն ինքնին հանրային վայրերի տեսահսկումը պետական մարմինների կողմից չի խախտում 8-րդ հոդվածի պահանջները: ՄԻԵԴ-ն իր Բենեդիկն ընդդեմ Սլովենիայի գործով վճռում (« 101) արձանագրել է, որ առկա են որոշ իրավիճակներ, երբ մարդիկ գիտակցաբար կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններում են ներառվում, որոնք կարող են տեսագրվել հանրային կարգով, եւ նման դեպքերում անձի իր մասնավոր կյանքի գաղտնիության հիմնավոր սպասելիքները կարող են լինել ոչ պարտադիր կամ որոշիչ գործոն: Մեկ այլ վճռում (Պ.Գ. եւ Ջ.Հ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, « 57) ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ փողոցով քայլող անձը պետք է անխուսափելիորեն լինի տեսանելի հասարակության ներկա անդամների համար եւ, որ «Նույն հանրային տեսարանի տեխնոլոգիական միջոցներով մոնիթորինգը (օրինակ՝ անվտանգության աշխատակիցը, որը դիտում է փակ միացումային հեռուստատեսությամբ) նմանատիպ բնույթ ունի: Մասնավոր կյանքի վերաբերյալ մտահոգությունները, այնուամենյանիվ, կարող են ի հայտ գալ, եթե սիստեմատիկ կամ մշտական տեսագրումը դուրս է գալիս հանրային տիրույթից:»

Չնայած նրան, որ հանրային տարածքում գտնվելիս մարդու մասնավոր կյանքի գաղտնիության հիմնավոր սպասելիքը օբյեկտիվորեն պետք է լինի առավել սահմանափակ՝ ներկայացված նախագծերը որպես պարտադիր պահանջ են սահմանում «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» հայտարարությունների առկայությունը՝ որպես մարդու իրավունքների ապահովման լրացուցիչ երաշխիք:

Նախագծերի փաթեթով հստակ սահմանված է բացառապես հանրային նշանակության տարածքների նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակը եւ տեսահսկումն ու տեսագրությունը չի կարող հետապնդել որեւէ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը սահմանափակելու նպատակ: Այսպիսով՝ 8-րդ հոդվածի պահանջների խախտումը կարող է պայմանավորված լինել միայն տեսահսկման արդյունքում ձեռք բերված տվյալների տարածմամբ, հրապարակմամբ կամ երրորդ կողմերին ոչ իրավաչափ հիմքերով տրամադրմամբ: Մասնավորապես՝ իր վերոնշյալ Պեկն ընդդեմ Մեծ Բրիտանիայի («« 57-63) վճռում ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ դիմումատուի ինքնասպանության փորձը ֆիքսած տեսանյութի տրամադրումը լրատվամիջոցներին եւ նրանց կողմից դրա տարածումը լուրջ միջամտություն է դիմումատուի անձնական կյանքին, չնայած որ նա այդ պահին գտնվում էր հասարակական վայրում, որը տեսահսկելը Կոնվենցիայի տեսանկյունից թույլատրելի է: Այսինքն՝ յուրաքանչյուր առանձին դեպքում անձանց տեսահսկման եւ դրանց արդյունքում ստացված տվյալների պահպանության եւ տրամադրման (տարածման) իրավաչափությունը ՄԻԵԴ-ը վճռում է ելնելով կոնկրետ իրավիճակում պետական միջամտության օրինականությունից, անհրաժեշտությունից եւ համաչափությունից:

Պետության համար 8-րդ հոդվածով սահմանված իրավունքների պահպանությունը դառնում է պոզիտիվ պարտականություն, երբ հանրային վայրում տեսահսկողության արդյունքում ձեռք են բերվում տվյալներ, որոնց ուսումնասիրության արդյունքում հնարավոր է ձեռք բերել կոնկրետ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տվյալներ եւ օգտագործել դրանք: Մեր ներպետական օրենսդրությունը սահմանում է բավարար երաշխիքներ պետական մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության կողմից ստացված անձնական տվյալների պաշտպանության համար եւ առաջարկվող նախագծերի փաթեթը որեւէ կերպ չի սահմանափակում այդ երաշխիքները եւ չի տալիս Ոստիկանությանը լրացուցիչ հնարավորություն օգտագործել այդ տվյալները անձանց անձնական եւ ընտանեկան կյանքին միջամտության նպատակով կամ այդ տվյալները օրենքով չնախատեսված հիմքերով տրամադրել երրորդ անձանց կամ կազմակերպություններին:

Այսպիսով՝ նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա բարձրացնել Ոստիկանության գործունեության արդյունավետությունը, լուծել պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրներ, արդիականացնել հասարակական կարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտները՝ առանց սահմանափակելու անձանց սահմանադրական իրավունքների ապահովման երաշխիքները:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերի, փոստային կապի օբյեկտների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների, ուսումնական հաստատությունների, զենքի առեւտրով զբաղվող կազմակերպությունների, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առեւտրի օբյեկտների, ինչպես նաեւ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերի, առեւտրի իրականացման վայրերի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերի, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների, մուտքը եւ շինության բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ եւ բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ:

 Տեսահսկումը պետք է իրականացվի այնպես, որ որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենքի (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները)՝ 2 մետր լայնությամբ, իսկ պարսպի բացակայության դեպքում տեսահսկման համակարգերը պետք է տեղադրվեն տնտեսվարողի սեփականություն հանդիսացող տարածքի ողջ երկայնքով:

Գործարանային տեխնիկական բնութագրով տեսահսկման սարքերով կահավորում  նախատեսված ուղեւորների կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեսրահների, ինչպես նաեւ շտապ օգնության ավտոմեքենաների տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավոր լինի տեսահսկել ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը, ինչպես նաեւ շտապ օգնության ավտոմեքենայի, ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ:

Համապատասխան օրենսդրական փոփոխության արդյունքում Էլեկտրոնային համակարգերի միջոցով (նկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը կպարտավորվի իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետեւելու եւ դրանց արխիվային տեսագրություններից օգտվելու ամբողջական հասանելիություն տրամադրել Ոստիկանությանը:

Նշված էլեկտրոնային համակարգերի միջոցով հսկվող ավտոկայանատեղերում տեղադրված տեսանկարահանող սարքերով Նախարարության կողմից արձանագրված, սակայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի կարգավորման շրջանակներից դուրս իրավախախտումների վերաբերյալ իրականացված վարչական վարույթների արդյունքում կայացված որոշումների հիման վրա իրավախախտումը կատարած անձանցից գանձված գումարի 25%-ը ենթակա է փոխանցման տեղականինքնակառավարման համապատասխան մարմնի բյուջե:

Նախագծի ընդունման արդյունքում Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել եւ ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

Քննարկվող իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը:

Տնտեսվարող սուբյեկտների կողմից վերոգրյալ պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով՝ տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պարտադիր պահանջը խախտելու, տեսահսկման համակարգերով տեսագրված նյութերը Ոստիկանությանը չտրամադրելու եւ հասանելությանը խոչընդոտելու համար օրենսդրական նախաձեռնության արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կնախատեսվի պատասխանատվություն:

Օրենսդրական նախաձեռնության ամբողջականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանալու նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի 138-Ն եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշումներում ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի համապատասխան հրամանում փոփոխությունների եւ լրացումների կատարում եւ տարածքային կառավարման մարմինների համապատասխան որոշումների եւ հրամանների ընդունման՝ հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը:

Տեսահսկման համակարգերի անվտանգությունը եւ անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է լավագույն եւ գերժամանակակից կիբեռանվտանգության միջոցների կիրառում:

Ելնելով անձնական տվյալների պաշտպանության առաջնահերթությունից՝ անձանց նույնականացումը նախատեսվում է իրականացնել բացառապես հանցագործությունների կանխման եւ բացահայտման նպատակով:

Այսպիսով, առաջարկվող նոր կարգավորումների շրջանակներում Ոստիկանության կողմից տեսահսկումն իրականացվելու է հետեւյալ նպատակներով.

1. իրավախախտումների նախականխման, կանխման եւ բացահայտման,

2. հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման,

3. քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման,

4. անհետ կորած քաղաքացիների եւ հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման,

5. հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման,

6. տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման,

7. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության,

8. օրենքով չարգելված նպատակներով պետական եւ ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից համատեղ:

 5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում Ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել եւ ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

Նախագծերի ընդունման արդյունքում նաեւ կամրապնդվի Հայաստանի Հանրապետությունում հանրային տարածքների անվտանգությունը, Ոստիկանությունը կստանա հնարավորություն առավել արդյունավետ կատարելու իր գործառույթները հասարակական կարգի եւ անվտանգության պահպանության, հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխման եւ բացահայտման ոլորտում, ինչպես նաեւ կընդլայնվի Ոստիկանության փոխհամագործակցությունը մասնավոր տնտեսվարող սուբյեկտների հետ: Այս փոփոխություններն իրենց հերթին կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում հասարակական կայունության ամրապնդմանը եւ տնտեսության աճին եւ զարգացմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն