Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ) ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու (ծառայողի) եւ Լիազոր մարմնի միջեւ կնքվում է 3-12 ամիս կամ 1-5 տարի ժամկետով փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր, որն ստորագրում է՝
1) բարձրագույն եւ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար՝ Լիազոր մարմնի ղեկավարը.
2) ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար՝ Փրկարար ծառայության տնօրենը:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34.1-ին հոդվածով.
«Հոդված 34.1. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների եւ ծառայողների ատեստավորումը
1. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի ծառայողների (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների) ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու եւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով:
2. Ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ծառայողը մինչեւ ատեստավորումը իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:
3. Փրկարար ծառայությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո փրկարարական ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս ծառայողը ենթակա է ատեստավորման: Մինչեւ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելը առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները:
4. Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում Փրկարար ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, իսկ ատեստավորված ծառայողները պահպանում են ատեստավորման արդյունքները, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:
5. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
6. Ատեստավորման անցկացման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
7. Փրկարար ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց: Նա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորմանը պարտավոր է մասնակցել վեցամսյա ժամկետը լրանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
8. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
9. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները պարտավոր են ատեստավորվել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո: Մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմում է պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
10. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ծառայողներն ատեստավորման համար պարտավոր են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
11. Եթե ծառայողը ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 13-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:
12. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
13. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.
4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:
14. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման ժամկետի ընթացքում ունեն ատեստավորմանը կրկին մասնակցելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի:
15. Սույն հոդվածի 13-րդ մասով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
16. Ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին եւ եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ եզրակացությունը դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
17. Հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոնի նշանակվելիս:
18. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) բարձրագույն, գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոն զբաղեցնողները՝ ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի՝ Փրկարար ծառայության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնողները՝ առնվազն վեց ամիս ծառայելուց հետո.».
2. «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 61-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում.».
2. 1-ին մասի «ժգ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժգ) պայմանագրի ժամկետը լրանալու կամ պայմանագրի գործողության դադարման դեպքում.».
3. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ» կետով.
«ժդ) սույն օրենքի 34.1-ին հոդվածի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 34.1-ին հոդվածի 14-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ ատեստավորման արդյունքով սույն օրենքի 34.1-ին հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացության դեպքում:».
4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի պահանջները չեն տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորող, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողների վրա:»:
Հոդված 6. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերում «ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում» բառերը փոխարինել «կառուցվածքային փոփոխության դեպքերում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում «ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման» բառերը փոխարինել «կառուցվածքային փոփոխության» բառերով, իսկ «համարժեք» բառը՝ «հավասարազոր» բառով:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից:
2. Փրկարար ծառայության այն ծառայողները, որոնք ցանկություն են հայտնել սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորումն անցնել վերապատրաստումից հետո, այդ իրավունքը կարող են իրացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն:
3. Փրկարար ծառայության գործող կառուցվածքում ներառված, սակայն ներքին գործերի նախարարության ձեւավորումից հետո գործունեությունը դադարեցնող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների այն ծառայողների ցանկը, որոնք ենթակա չեն ատեստավորման, սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: