ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-905-29.08.2024-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-905-29.08.2024-ԱռՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագծով նախատեսվում է կատարել մեկ փոփոխություն: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը»:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35.1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում «լիցենզավորող հանձնաժողովի» բառերը փոխարինել «քննական հանձնաժողովի» բառերով:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «լիցենզավորող հանձնաժողովի» բառերը «քննական հանձնաժողովի» բառերով փոխարինելու նպատակը կայանում է նրանում  որպեսզի ըստ էության տարանջատվի քննական հանձնաժողովը լիցենզավորման հանձնաժողովից:

Հարկ է նկատել, որ նշված փոփոխության արդյունքում Օրենքում բացակայելու են լիցենզավորող հանձնաժողովի ձեւավորման կարգի, աշխատակարգի եւ անհատական կազմի վերաբերյալ կարգավորումները: Ուստի առաջարկում ենք կատարված դիտարկման հիման վրա Օրենքում նախատեսել նաեւ լիցենզավորող հանձնաժողովին վերաբերող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմնի վերաբերյալ նշում:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 35.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված է, որ լիցենզավորող հանձնաժողովի կազմում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են ներգրավվել միջգերատեսչական ներկայացուցիչներ, ինչից բխում է, որ համապատասխան ենթաօրենսդրական ակտով սահմանվելու է միայն միջգերատեսչական ներկայացուցիչներ ներգրավելու հարցը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 42.3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը առաջարկում ենք փոխարինել  «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Օրենքում կիրառված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

4. Նախագծի 3-րդ  հոդվածով  նախատեսվող Օրենքում նոր լրացվող 42.3-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառված «Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմնի» բառերն առաջարկում ենք փոխարինել «լիազոր մարմնի» բառերով: Սույն առաջարկը հիմնավորվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հասկացության կրճատ տարբերակի սահմանմամբ:

5. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ենթաօրենսդրական» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

18.09.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

18.09.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որի արդյունքում Առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին: Այս թիմը պետք է լինի ինքնաբավ, ինքն իրեն բավականացնող (հագեցած լինի անձնակազմով, գույք-սարքավորումով, սնունդով եւ այլն), այսինքն` ունենա այն ամենը, ինչն անհրաժեշտ է ցանկացած վայրում (ՀՀ տարածքում կամ ՀՀ տարածքից դուրս) տեղակայվելու եւ տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերելու համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

06.09.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): 

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում Արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու համար համապատասխան օրենսդրական հիմքեր սահմանելու, ինչպես նաեւ գործող իրավական կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում՝

- Օրենքում լիազոր մարմնի համար լիազորող նորմ կսահմանվի՝ հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները՝ ըստ մակարդակների, սահմանելու համար: Դա հնարավորություն կստեղծի Առողջապահության նախարարի հրամանով սահմանել, օրինակ՝ մանկաբարձագինեկոլոգիական եւ մանկաբուժական (ներառյալ մանկական վիրաբուժական) ծառայություններին ներկայացվող պահանջները՝ ըստ մակարդակների, ինչը կնպաստի տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը եւ հիմք կհանդիսանա նպատակային եւ արդյունավետ ֆինանսավորման համար.

- Օրենքում առկա վրիպակը կուղղվի եւ կենտրոնացված քննության կազմակերպման եւ իրականացման գործառույթը կիրականացվի քննական հանձնաժողովի կողմից.

- Անհրաժեշտ հիմքեր կստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում  Արագ արձագանքման բժշկական խմբի ստեղծման համար:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունը.

Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն Օրենքում նոր լրացվելիք 42.3 հոդվածում առաջարկում ենք տալ Հայաստանի Հանրապետության արագ արձագանքման բժշկական խմբի սահմանումը եւ նշել խմբի գործառույթների վերաբերյալ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունը՝ կարծում ենք, որ Նախագիծը որոշ լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

 հեռ.՝ 011-513-235, 16-18

18.09.2024թ.