ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-903-27.08.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված   «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-903-27.08.2024-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Հանրային խորհրդի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջական անվանումը շարադրելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածում «2018 թվականի մարտի 7-ի» բառերը շարադրել «ՀՕ-144-Ն» հերթական համարից առաջ:

2. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ հոդվածի 6-րդ մասում նշված է. «(…) Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն (…)»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանված չէ, թե ինչպես է իրականացվում քննարկվող նորմում նշված վիճակագրությունը, ինչպես նաեւ հաշվի առնելով վիճակագրության կարեւորությունն ու դերը Հանրային խորհրդի կազմակվորման մեջ՝ վիճակագրության արդյունավետ իրականացման համար առաջարկում ենք Օրենքով սահմանել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը կամ նշել, թե որ մարմինն է լիազորված այդ կարգերը սահմանել:

3. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված է. «Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունն ուղղված է խախտումների կատարմանը նպաստած (նպաստող) կամ դրանց կատարման պատճառ հանդիսացած ինստիտուցիոնալ մեխանիզմների, համակարգային կապերի, խախտումների կատարմանը նպաստած եւ դրանց կատարման գործընթացում ներգրավված, այդ թվում՝ էական ու որոշիչ մասնակցություն կամ ազդեցություն ունեցած անձանց, կազմակերպությունների, մարմինների հնարավոր շրջանակի բացահայտմանը»: Վերոնշյալ անձանց շրջանակը բացահայտելուն ուղղված Փաստահավաք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ նշենք, որ ո՛չ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող Հանրային խորհրդի նոր խնդրի, ո՛չ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.1-ին հոդվածով սահմանված Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության նպատակների բովանդակությունից չի բխում, որ վերոնշյալ անձանց շրջանակը բացահայտելը ներառված է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության նպատակների ու խնդիրների մեջ: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 5.1-ին գլխով սահմանված Փաստահավաք հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումներից չի բխում, որ Փաստահավաք հանձնաժողովն ունի համապատասխան գործիքակազմ խախտումների կատարմանը նպաստած, դրանց պատճառ հանդիսացած կամ կատարման գործընթացում ներգրավված անձանց շրջանակ բացահայտելու համար: 

Միաժամանակ նշենք, որ քննարկվող նորմի, ինչպես նաեւ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.2-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «խախտում» հասկացության սահմանման վերլուծությունից բխում է, որ այդ դրույթների ձեւակերպումների չափազանց լայն լինելու պարագայում չի բացառվում, որ քննարկվող նորմում նշված խախտումների կատարմանը նպաստելը, դրանց պատճառ հանդիսանալը կամ կատարման գործընթացում ներգրավված լինելը կարող է գտնվել քրեաիրավական դաշտում: Այս առումով նշենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քրեաիրավական դաշտում կատարված խախտումների կատարմանը նպաստած, դրանց պատճառ հանդիսացած կամ կատարման գործընթացում ներգրավված անձանց շրջանակ բացահայտելու մենաշնորհը տրված է այլ մարմնի:

4. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Սույն գլխի շրջանակներում խախտում հասկացությունը կիրառվում է բացառապես որպես դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետեւանքով տեղի ունեցած գործողություն կամ դրսեւորված անգործություն, եւ ինքնին չի կարող համարվել որպես այլ օրենքով կամ այլ իրավական ակտով որակվող խախտում, այդ թվում? որպես հանցագործություն կամ այլ իրավախախտում»: Այս կապակցությամբ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր կետով նշվում է, որ փաստահավաք գործունեությունն իրականացվում է, ի թիվս այլնի, նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանման, խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնման նպատակով, բացի այդ՝ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.17-11.21-րդ հոդվածներով կարգավորվում են համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման գործընթացների, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացներ եւ անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումների, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի, հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ նշենք, որ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մարդու իրավունքների ու ազատությունների, մասնավորապես՝ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.17-11.21-րդ հոդվածներով նշված խախտումները համարվում են բացառապես որպես դեպքերի եւ իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետեւանքով տեղի ունեցած գործողություն կամ դրսեւորված անգործություն առանց հանցագործություն կամ այլ իրավախախտում համարվելու: Առաջարկում ենք հստակեցնել քննարկվող դրույթը:

5. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեությունը պատշաճ իրականացնելու համար մշակում է իր գործունեության իրականացման, ներառյալ՝ իր իրավասության ներքո ընդգրկված հարցերի ուսումնասիրման ծավալը՝ հաշվի առնելով ուսումնասիրման ենթակա հարցերի բնույթը, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանությունը, Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության միջոցով աշխատանքների կազմակերպման կարգը, ինչպես նաեւ իր գործունեությանն առնչվող այլ հանգամանքներ»: Այս կապակցությամբ նշենք, որ Նախագծի 11.17-11.22-րդ հոդվածներով հստակ, սպառիչ եւ մանրամասն սահմանվում է, թե հստակ նշված ժամանակահատվածի ինչ հարցեր է ուսումնասիրում Փաստահավաք հանձնաժողովը, հետեւաբար հասկանալի չէ, թե Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության ներքո ընդգրկված հարցերի ուսումնասիրման այլ ինչ ծավալ պետք է սահմանի, եթե Նախագծով սահմանված իրավասություններից դուրս այլ իրավասություն ունենալու հնարավորություն չունի:

6. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Փաստահավաք հանձնաժողովին հայտնի դարձած որեւէ հանգամանք նախապես հաստատված փաստի ուժ չունի»: Մինեւնույն ժամանակ Նախագծի 11.22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված է, որ Փաստահավաք հանձնաժողովն ունի իրավասություն՝ «ծանոթանալու քրեական, քաղաքացիական, վարչական եւ կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները եւ որոշումներն օրինական ուժի մեջ են մտել (…)»: Վերոգրյալի կապակցությամբ նշենք, որ  հասկանալի չէ, թե մեջբերված երկու դրույթներն ինչպես են միմյանց հետ հարաբերվում, քանի որ դրանից բխում է, որ նույնիսկ օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով հաստատված հանգամանքները նույնպես հաստատված փաստի ուժ չունեն:

7. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.6-րդ հոդվածով սահմանված է. «Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է, այդ թվում՝ աշխատակարգային որոշումներ եւ եզրակացություններ ընդունում է կոլեգիալ»: Ինչից բխում է, որ Փաստահավաք հանձնաժողովն իրավասու է ընդունել միայն աշխատակարգային որոշումներ: Իրավական շփոթից խուսափելու համար առաջարկում ենք Նախագծի՝ Փաստահավաք հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող բոլոր դրույթներում հստակեցնել, որ այդ որոշումներն աշխատակարգային են: 

8. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Փաստահավաք հանձնաժողովի անդամի թեկնածու կարող է լինել բարձրագույն կրթությամբ եւ հայերենին տիրապետող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը, որն ունի մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, օժտված է բարձր մասնագիտական որակներով, իր ոլորտի հեղինակավոր մասնագետ կամ հանրային հեղինակություն վայելող անձ է եւ մինչեւ Փաստահավաք հանձնաժողովի անդամ ընտրվելը չի զբաղեցրել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված որեւէ քաղաքական պաշտոն եւ իր մասնագիտական գործունեության ընթացքում դրսեւորել է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն»: Վերը մեջբերված դրույթի կապակցությամբ նշենք, որ հասկանալի չէ, թե ինչ կարեւորություն ունի հենց մասնագիտական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձառությունը, եթե Փաստահավաք հանձանաժողովի անդամին ներկայացվող պահանջների մեջ առկա չէ որեւէ պահանջ կոնկրետ մասնագիտացում ունենալու վերաբերյալ: Փաստահավաք հանձնաժողովի անդամների մասնագիտացման համատեքստում հարկ է անդրադառնալ այն փաստին, որ հանձնաժողովի ողջ գործունեությունը կապված է մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների հետ, հետեւաար, կարծում ենք, նպատակահարմար է Նախագծով սահմանել պահանջ, որ Փաստահավաք հանձնաժողովի անդամների առնվազն մի մասը լինի իրավաբան: 

Քննարկվող նորմի կապակցությամբ նշենք, որ հստակ չէ, թե ում կողմից եւ ինչ չափանիշների հիման վրա է որոշվում՝ արդյոք անձն իր մասնագիտական գործունեության ընթացքում դրսեւորել է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն, թե՝ ոչ:

9. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված «հանված (վերացված)» ձեւակերպման վերաբերյալ նշենք, որ Հայաստանի Հանրապետության գործող քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերով այլեւս կիրառվում է միայն դատվածության վերացված լինելու ձեւակերպումը: Հետեւաբար առաջարկում ենք քննարկվող դրույթում «հանված (վերացված)» բառերը փոխարինել «վերացված» բառով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված «հանված (վերացված)» ձեւակերպմանը եւս:

10. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.10-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված «(ոչ ռեաբիլիտացիոն հանգամանքներով)» ձեւակերպման մեջ առաջարկում ենք «հանգամանքներով» բառը փոխարինել «հիմքերով»՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության գործող քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերով կիրառվում է «ռեաբիլիտացիոն հիմք» հասկացությունը, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

11. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.11-րդ հոդվածով, կարծում ենք, պետք է սահմանվի, թե Փաստահավաք հանձնաժողովի ամբողջական կազմի ընտրության գործընթացն առավելագույնը որքան պետք է տեւի՝ հիմք ընդունելով Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.9-րդ հոդվածի 4-րդ մասը, որով սահմանված է. «Փաստահավաք հանձնաժողովը համարվում է ձեւավորված անդամների կեսից ավելին ընտրվելու պահից»: Վերոգրյալից բխում է, որ Փաստահավաք հանձնաժողովը, որը ձեւավորված է համարվում դրա անդամների կեսից ավելին ընտրվելու պահից, կարող է անորոշ ժամանակ գործել ոչ համալրված կազմով:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «սույն օրենքի 11.10-րդ հոդվածի մասի 1-ին մասով» ձեւակերպման մեջ առկա վրիպակը վերացնել:

Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորման հետ համադրության տեսանկյունից խնդիր է առաջանում նաեւ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 11.11-րդ հոդվածի 5-րդ մասի հետ, որով սահմանված է. «Փաստահավաք հանձնաժողովը ձեւավորվելուց հետո Փաստահավաք հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ձայների մեծամասնությամբ ընտրում են Փաստահավաք հանձնաժողովի նախագահին»: Դրանից բխում է, որ Փաստահավաք հանձնաժողովի նախագահի ընտրությունը կարող է իրականացվել հանձնաժողովի անդամների կեսից ավելին ընտրվելու պահից հետո, ինչը, կարծում ենք, արդարացի չէ դեռեւս չընտրված անդամների՝ որպես հանձնաժողովի նախագահ ընտրվելու կամ ընտրելու իրավունքի հնարավոր խախտման տեսանկյունից:

12. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.11-րդ հոդվածի 4-րդ մասով Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընտրության համար սահմանված «Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից եւ համայնքներից ներգրավվածության ապահովման» պահանջի նպատակը հասկանալի չէ, իսկ դրա կատարման իրատեսականությունը կասկածի տակ է դրվում՝ հիմք ընդունելով այն հանագմանքը, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 11.9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Փաստահավաք հանձնաժողովն ունենում է ընդամենը 7 անդամ:

13. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Փաստահավաք հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում»: Հարկ է նկատել, որ հասկանալի չէ վերը մեջբերված նորմում «այլ» բառից կիրառությունը, քանի որ դրանից բխում է, որ Փաստահավաք հանձնաժողովը հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմին:

14. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Փաստահավաք հանձնաժողովի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար», մինչդեռ Նախագծով սահմանված չէ որեւէ դրույթ առ այն, որ հանձնաժողովի նախագահն իրավունք ունի պահանջել փոփոխություններ կատարել նիստի արձանագրություններում:

15. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է, որ Փաստահավաք հանձնաժողովի անդամը պարտավոր է. «ձեռնպահ մնալ Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը եւ զեկույցները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ Փաստահավաք հանձնաժողովի որոշումների եւ զեկույցների կապակցությամբ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքերի»: Հատկանշական է, որ Փաստահավաք հանձնաժողովի անդամի՝ հատուկ կարծիք ներկայացնելու իրավասություն ունենալը եւ այն ներկայացնելու ընթացակարգը սահմանված չեն Նախագծով:

16. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.14-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանված է կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցներից մեկը՝ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում, մինչդեռ Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարումը եւ դադարեցնելը կարգավորող Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.16-րդ հոդվածով նման հիմք սահմանված չէ:

17. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.16-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «արդարացնող» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(ռեաբիլիտացիոն)» բառը՝ հիմք ընդունելով Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 11.10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության գործող քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգավորումները:

18. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Հանրային խորհրդի նախագահի կողմից փաստն արձանագրելու եւ այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից»: Քննարկվող կարգավորումն ունի հստակեցման կարիք, մասնավորապես՝ հստակ չէ, թե նույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից մեկի առկայության դեպքում որ պահից սկսած ինչ ժամկետում պետք է Հանրային խորհրդի նախագահն այդ փաստն արձանագրի եւ այդ մասին հայտարարությամբ հանդես գա:

Դրույթի գործելու անորոշ ժամկետի տեսանկյունից հարկ է անդրադառնալ նաեւ այն փաստին, որ նույն հոդվածի 6-րդ մասից հստակ չէ, թե Փաստահավաք հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կամ դադարեցնելու դեպքում դրանից ինչքան ժամանակ հետո պետք է իրականցավի նոր անդամի ընտրություն: 

19. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 11.17-րդ հոդվածում թվարկվում են, թե Փաստահավաք հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում ուսումնասիրվող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, համայնքների ավագանիների, համայնքների ղեկավարների ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման ընթացքում տեղի ունեցած խախտումների որ դեպքերին է անդրադառնում: Նշենք, որ հասկանալի չէ, թե այս հոդվածում «դեպք» բառն ինչ իմաստով է կիրառվում, ինչ չափանիշների հիման վրա է որոշվում, թե խախտման բազմաթիվ դեպքերից որոնց է անդրադարձ կատարվում, ինչպես նաեւ՝ հասկանալի չէ, թե քննարկվող նորմում նշված խախտումների դեպքերն ինչպես են հայտնաբերվում Փաստահավաք հանձնաժողովի կողմից:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքում լրացվող 5-րդ գլխում առկա դրույթներում ցանկացած հոլովաձեւով կիրռավող «դեպք» բառերին:

20. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

21. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմավորվում է նոր Հանրային խորհուրդ եւ նույն օրը գործող Հանրային խորհրդի լիազորությունները համարվում են դադարած»: Մինչդեռ Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված է. «Հանրային խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո կազմավորված Կառավարության վարչապետի կողմից սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու օրը»: Վերոգրյալի կապակցությամբ նշենք, որ Նախագծով սահմանվող կարգավորումները վերաբերում են Փաստահավաք հանձնաժողովին եւ Հանրային խորհրդի ձեւավորմանը եւ գործունեությանը վերաբերող որեւէ էական կամ հիմնարար փոփոխություն չի կատարվում: Հետեւաբար հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Նախագծի անցումային դրույթներով գործող Հանրային խորհրդի լիազորությունների դադարման եւ նոր Հանրային խորհրդի կազմավորման վերաբերյալ կարգավորումներ սահմանելը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հանրային խորհրդի անդամներն ունեն իրենց պաշտոնավարման ժամկետի հետ կապված Օրենքով սահմանված կարգավորումներին համարժեք լեգիտիմ ակնկալիքներ: Վերոգրյալը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածը խմբագրել՝ կարեւորելով Հանրային խորհրդի գործող անդամների լեգիտիմ ակնկալիքները: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված նորմը կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանության տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերի, Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

16.09.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

16.09.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Հանրային խորհրդի մասին» օրենքով սահմանել Հանրային խորհրդի շրջանակներում գործող Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության նպատակներն ու սկզբունքները, Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների շրջանակը եւ լիազորությունները, Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը եւ կառուցվածքը, հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման եւ գործունեության կարգը (նախատեսվում է իրականացնել նիստերի միջոցով), Փաստահավաք հանձնաժողովի կողմից զեկույցների կազմման եւ հրապարակման կարգը:

Նախագծով հստակեցվում է նաեւ Հանրային խորհրդի կազմավորման եւ գործունեության ժամկետները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

03.09.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություն կատարել «Հանրային խորհրդի մասին» օրենքում: 

Նախագծով  սահմանվում են՝

- Հանրային խորհրդի շրջանակներում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության նպատակներն ու սկզբունքները.

- Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների շրջանակը եւ լիազորությունները.

- Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը եւ կառուցվածքը, անդամներին ներկայացվող պահանջները.

- Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման եւ գործունեության կարգը.

- Փաստահավաք հանձնաժողովի կողմից զեկույցների կազմման եւ հրապարակման կարգը եւ այլն:

Նախագծի ընդունմամբ կերաշխավորվի Հանրային խորհրդի կողմից Փաստահավաք հանձնաժողովի տեսքով փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողովի կազմավորումը եւ գործունեության իրականացումը, որի միջոցով հնարավոր կլինի անդրադառնալ անցյալում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել անձանց խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                             ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

16.09.2024թ.