ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-891-17.07.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-891-17.07.2024-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի մի շարք հոդվածներում «Հանրակրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում սահմանված հասկացությունները կիրառվում են այլ ձեւակերպումներով, ինչպես նաեւ Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր բառեր, տերմիններ եւ բառակապակցություններ: Մասնավորապես՝

1) Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 16-րդ կետում կիրառվում է «հանրակրթական պետական չափորոշիչ» եւ «հանրակթության հիմնական ծրագիր» հասկացությունները: Մինչդեռ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում սահմանված է «հանրակրթության պետական չափորոշիչ» հասկացությունը, իսկ 6-րդ կետում՝ «հանրակրթական ծրագիր» հասկացությունը:

2) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. «9. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը հայտարարում է համապատասխան լիազոր մարմինը: Հավակնորդների ընտրության նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմինը ձեւավորում է մասնագիտական հանձնաժողով, որի դրական եզրակացությունը հիմք է լիազոր մարմնի կողմից տնօրենի նշանակման համար:»: Հարկ է նկատել, որ մասնագիտական հանձնաժողովը ձեւավորվում է մրցույթի անցակցման նպատակով, ինչը բխում է նաեւ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում սահմանված Կառավարության իրավասությունից, այն է. «6) հաստատում է պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության, տնօրենի նշանակման եւ բողոքարկման կարգը.»: Մինչդեռ Նախագծի մեջբերված դրույթում մասնագիտական հանձնաժողովը ձեւավորվում է հավակնորդների ընտրության նպատակով:

3) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 16-րդ մասի 5-րդ կետում կիրառվում է «աշխատողների եւ սովորողների վարքականոններ», իսկ 10-րդ կետում «աշխատողների եւ սովորողների վարքագծի կանոններ» արտահայտությունները:

4) Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «կառավարություն» ձեւակերպումները: Հարկ է նկատել, որ Օրենքի ամբողջ տեքստում կիրառված է «Հայաստանի Հանրապետության կառավարություն» ձեւակերպումը:

5) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 19-րդ մասի 4-րդ կետում կիրառվում է «վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակում» հասկացությունը, իսկ 9-րդ կետում՝ «գործառույթի արտապատվիրակում»: Մինչդեռ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետում սահմանված Կառավարության իրավասության համաձայն. «6.1) հաստատում է լիազորված մարմնի՝ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը.»:

6) Նախագծի 12-րդ հոդվածում կիրառված է «ենթաօրենսդրական իրավական ակտ» տերմինը: Մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված է «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ» հասկացությունը:

 Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված են հետեւյալ իրավական դրույթները. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենքում, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված հասկացությունները, ապահովել տերմինների միատեսակ կիրառությունը՝ միեւնույն միտքն արտահայտելով միեւնույն բառերով՝ որոշակի հերթականությամբ:

2. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 8.2-րդ մասի համաձայն. «8.2. Պաշտոնավարման ընթացքում հավաստագրի դադարեցման հիմքով աշխատանքից ազատված անձը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին դիմելու համար հավաստագրվում է:»:

Վերոնշյալ դրույթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (այսուհետ նաեւ՝ հավաստագիր) ստացած անձը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հավաստագիր ստացած անձը հավաստագիրն ստանալու օրվանից հետո հինգ տարվա ընթացքում կարող է մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին: Այսպես՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի եւ տնօրենի թափուր պաշտոնում նշանակման համար կարեւորագույն պայմանը հավաստագրի առկայությունն է: Պաշտոնավարման ընթացքում հավաստագրի դադարեցումը, որը հանգեցնում է տնօրենի աշխատանքից ազատմանը, ենթադրում է հավաստագրի բացակայություն, այդ թվում՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցության եւ տնօրենի թափուր պաշտոնում նշանակման համար անձի, ում հավաստագիրը դադարեցվել է, հավաստագրման անհրաժեշտություն: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ կարծում ենք՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 8.2-րդ մասում սահմանված դրույթի անհրաժեշտությունը բացակայում է:

3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն. «10. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետում նշանակված տնօրենի համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած դեպքերում եւ կարգով կարող է սահմանվել փորձաշրջան (փորձաշրջանի համար նշանակվում է ղեկավար), որի ավարտին տնօրենն իր կազմած զարգացման ծրագրի կատարողական հաշվետվությունը ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին եւ խորհրդին: Մասնագիտական հանձնաժողովի, խորհրդի, ինչպես նաեւ փորձաշրջանի ղեկավարի ներկայացրած դրական եզրակացությունը հիմք է տնօրենի հետագա պաշտոնավարման համար:»:

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դրույթով Կառավարությանը վերապահվում է սահամանել այն դեպքերը, երբ նշանակված տնօրենի համար կարող է սահմանվել փորձաշրջան: Հարկ ենք համարում նշել, որ քննարկվող դրույթը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ փորձաշրջանի սահմանման դեպքերը, սուբյեկտների շրջանակը, ինչպես նաեւ փորձաշրջանի սահմանման հայեցողությունը, այսինքն՝ փորձաշրջան անցնելու պարտականության հիմքերը եւ ծավալը կարգավորվում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: 

Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված է օրինականության սկզբունքը, որի 2-րդ մասի համաձայն. «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:

Այսպես՝ անձի համար պարտականություն սահմանելիս օրենսդիրը պարտավոր է օրենքով բավարար հստակությամբ սահմանել այդ պարտականության հիմքեըը եւ ծավալը: Լիազորող նորմը պետք է համապատասխանի որոշակիության սկզբունքին, այսինքն՝ պետք է լինի բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունն ու սահմանները հասկանալու համար, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ։

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 10-րդ մասում սահմաված դրույթը Սահմանադրությամբ ամրագրված լիազորող նորմի իրավական որոշակիությանը համապատասխանության տեսանկյունից՝ փորձաշրջանի սահմանման դեպքերի վերաբերյալ նվազագույն պայմաններն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կարգավորման շրջանակից տեղափոխելով Օրենքի կարգավորման սահմաններ: Ինչը կապահովի փորձաշրջան անցնելու պարտականության սահմանման հիմքերի եւ ծավալի առկայությունը Օրենքում, եւ հնարավորություն կտա հասցեատեր սուբյեկտներին դրսեւորել համապատասխան վարքագիծ: Իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կարգավորման շրջանակում կարող են նախատեսվել փորձաշրջանի սահմանման անհրաժեշտ ընթացակարգային իրավադրույթներ:

4. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 19-րդ մասի 2-րդ կետում սահմանված է պետական ուսումնական հաստատության համակարգողի Կառավարության սահմանած անվանացանկին համապատասխան կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկի ձեւավորման իրավասությունը: Հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 16-րդ մասի 3-րդ մասում սահմանված դրույթի համաձայն՝ տնօրենը ձեւավորում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հաստատությունում անհրաժեշտ հաստիքների անվանացանկը՝ Կառավարության որոշմամբ հաստատված անվանացանկին համապատասխան: Նախագծի վերոնշյալ դրույթների վերլուծության հիման վրա նշենք, որ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հաստատությունում անհրաժեշտ հաստիքների անվանացանկը, որը ձեւավորվում է տնօրենի կողմից, լայն շրջանակ է ընդգրկում, որում կարող է ներառվել նաեւ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը: Հետեւաբար տարբեր մարմինների համար միեւնույն գործառույթի սահմանումից խուսափելու համար առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 16-րդ մասի 3-րդ մասում սահմանված տնօրենի հաստատությունում անհրաժեշտ հաստիքների անվանացանկի ձեւավորման ընդհանուր իրավասության մեջ որպես բացառություն նշել վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկի ձեւավորումը:

5. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 26-րդ հոդվածում սահմանվում են ուսուցչի ատեստավորման վերաբերյալ իրավադրույթներ: Հարկ ենք համարում նշել, որ հերթական ատեստավորման վերաբերյալ իրավական դրույթները ամբողջական չեն: Մասնավորապես՝ Նախագծում բացակայում է հերթական ատեստավորման իրականացման վերաբերյալ նվազագույն այնպիսի իրավակարգավորումներ, ինչպիսին է օրինակ՝ հերթական ատեստավորման անցկացման ժամկետը: Միեւնույն ժամանակ, Նախագծում սահմանվում է միայն հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցչի արձակուրդից վերադառանալուց հետո հերթական ատեստավորման ժամկետը: Բացի այդ,  Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 26-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված դրույթի համաձայն. «6. Հայաստանի Հանրապետութան կառավարության սահմանած կարգով հերթական ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում հստակ կարգավորել հերթական ատեստավորման վերաբերյալ իրավահարաբերությունները, մասնավորապես անհրաժեշտ է Նախագծում անդրադառնալ հերթական ատեստավորման պարտադիրության պահանջին, ինչպես նաեւ հերթական ատեստավորման ժամկետին: Սույն առաջարկը կապահովի Նախագծում հերթական ատեստավորման վերաբերյալ առկա իրավադրույթների իրավական որոշակիությունը, եւ հասցեատեր սուբյեկտներին հնարավորություն կընձեռի դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

6. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 26-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Վերապատրաստման արդյունքում ուսուցիչն ատեստավորվում է: Ուսուցչի վերապատրաստումը եւ հերթական ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքներին համապատասխան:»: 

Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 26-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի 1-ին նախադասության բովանդակությունից բխում է, որ ատեստավորումը վերապատրաստաման արդյունքում իրականացվող գործընթաց է:

Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում սահմանված է «ուսուցչի ատեստավորում» հասկացությունը, այն է. «ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց.», իսկ 14.1-ին կետում՝ «ուսուցչի վերապատրաստում» հասկացությունը, որի համաձայն. «ուսուցչի վերապատրաստում` վերապատրաստող կազմակերպություններում ուսուցչի կողմից կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին եւ ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների եւ ունակությունների յուրացում ու կատարելագործում.»:

Վերապատրաստումը եւ ատեստավորումը միմյանցից բովանդակությամբ տարբեր գործընթացներ են: Վերապատրաստումն ենթադրում է մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների եւ ունակությունների յուրացում ու կատարելագործում, իսկ ատեստավորումը զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց: Հետեւաբար մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների եւ ունակությունների յուրացման ու կատարելագործման արդյունքը չի կարող հանգեցնել ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթացի իրականացմանը: 

Հիմք ընդունելով Նախագծին կից ներկայացված հիմնավորումը, այն է. «Ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման գնահատված կարիքը առարկայական գիտելիքի իմացությունը լինելու դեպքում ուսուցիչը նույն տարում պարդադիր մասնակցելու է պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող համապատասխան բովանդակությամբ վերապատրաստման, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ կամավոր ատեստավորմանը:», առաջարկում ենք վերանայել Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 26-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում սահմանված «Վերապատրաստման արդյունքում ուսուցիչն ատեստավորվում է:» նախադասությունը՝ նշում կատարելով երկու տարբեր գործընթացների միմյանց հաջորդելու մասին: 

7. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 26-րդ հոդվածի 13-րդ մասում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է. «2. Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

8. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նախատեսվում է «բողոքարկման» բառից հետո լրացնել «, փորձաշրջանի սահմանման» բառերը:

Նշված լրացմամբ Կառավարության իրավասությունների շարքում նախատեսվում է փորձաշրջանի սահմանման կարգի հաստատումը: Մինչդեռ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 10-րդ մասում նշված է նաեւ նշանակված տնօրենի նկատմամբ սահմանվող փորձաշրջանի համար Կառավարության որոշմամբ սահմանվող դեպքերի մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նախատեսվող լրացումը համապատասխանեցնել Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված դրույթին:

9. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 13-րդ մասում սահմանված դրույթը Կառավարությանը լիազորում է սահմանել տնօրենի կողմից ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր ծրագիրը եւ դրա իրականցումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը խորհրդին ներկայացնելու դեպքերը եւ կարգը:

Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում Կառավարության իրավասություների շարքում նախատեսվում է լրացնել բարձր կատարողականի արդյունքում ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաեւ ցածր կատարողականի արդյունքում աջակցելու նպատակով լրացուցիչ  ֆինանսավորում տրամադրելու կարգի հաստատումը:

Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունների շարքում նախատեսվում է լրացնել պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգի սահմանումը:

 Մինչդեռ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի անցումային դրույթներով բացակայում է վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

(…)

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում սահմանել Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները:

10. Նախագծի 12-րդ հոդվածին հաջորդում է 14-րդ հոդվածը: Առաջարկում ենք Նախագծում ապահովել հոդվածների համարակալման հաջորդականությունը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավադրույթների համապատասխանությունը միմյանց եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

07.08.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

07.08.2024թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել կազմակերպական եւ իրավական բնույթի մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, մասնավորապես՝ առաջարկվում է՝

- հստակեցնել ոլորտում առկա իրավահարաբերությունները, կարգավորել տնօրենի հավաստագրի կասեցման դեպքերի հավասարաչափ ազդեցության հնարավորությունը,

- ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության բարձրացմանն ուղղված՝ հերթական եւ կամավոր ատեստավորումների արդյունքում չատեստավորված մասնագետների հետ պայմանագրի լուծման մասով դրույթների տարանջատման արդյունքում այդ երկու ատեստավորումները միաժամանակ այլեւս չդիտարկվի, այլ առանձին կետերով կարգավորել կիրառողների եւ շահառուների համար հստակ եւ հասկանալի դարձնելով հնարավոր հետեւանքների մասին դրույթները,

- ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման գնահատված կարիքը առարկայական գիտելիքի իմացությունը լինելու դեպքում ուսուցչի պարտադրել նույն տարում մասնակցելու պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող համապատասխան բովանդակությամբ վերապատրաստման, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ կամավոր ատեստավորմանը,

- սահմանել ուսումնական հաստատություններում վարչատնտեսական կառավարման անցնելու մեկնարկային ժամկետ, 

- հստակեցնել Հավաստագրի գործողության ժամկետը՝ նշանակված գործող տնօրենների համար դարձնելով այն անժամկետ նաեւ այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքում պայմանագրի ժամկետը երկարաձգվել է, 

- հավաստագրման դիմած անձանց համար կիրառելի դարձնել Օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված սահմանափակումները՝ գործող պրակտիկայում հանդիպող դեպքերում լրացուցիչ ռեսուրսներ խնայելու տեսանկյունից եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

24.07.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորու)՝ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան հստակեցնել ոլորտում առկա իրավահարաբերությունները, մասնավորապես.

- Նախատեսվում է, որ ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության բարձրացմանն ուղղված՝ հերթական եւ կամավոր ատեստավորումների արդյունքում չատեստավորված մասնագետների հետ պայմանագրի լուծման մասով դրույթների հստակ տարանջատման արդյունքում այլեւս այդ երկու ատեստավորումները միաժամանակ չեն դիտարկվի, այլ առանձին կետերով կկարգավորվեն՝ կիրառողների եւ շահառուների համար հստակ եւ հասկանալի դարձնելով հնարավոր հետեւանքների մասին դրույթները.

- ՈՒսուցչի մոտ մասնագիտական զարգացման գնահատված կարիքն առարկայական գիտելիքի իմացությունը լինելու դեպքում ուսուցիչը նույն տարում պարտադիր մասնակցելու է պետական բյուջեի միջոցներով կազմակերպվող համապատասխան բովանդակությամբ վերապատրաստման, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ կամավոր ատեստավորմանը.

- Տնօրենի հավաստագրի գործողության ժամկետը կհստակեցվի՝ նշանակված գործող տնօրենների համար դարձնելով այն անժամկետ նաեւ այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքում պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է, իսկ նոր մրցույթին մասնակցող անձի համար առնվազն 5 տարի առաջ հավաստագրված լինելու մասին կարգավորում կսահմանվի.

- Հնարավոր կլինի հավաստագրման դիմած անձանց համար կիրառելի դարձնել 12-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված սահմանափակումները՝ գործող պրակտիկայում հանդիպող դեպքերում լրացուցիչ ռեսուրսներ խնայելու տեսանկյունից եւ այլն:

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները.

1. Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվելիք 12-րդ հոդվածի 11-րդ մասում նշվում է որ՝ «Չատեստավորվելու դեպքում տնօրենի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները».

 Վերոնշյալի կապակցությամբ առաջարկում ենք նախատեսել, որ օրինակ, անձի   հղիության եւ ծննդաբերության արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու դեպքում  կամ անձի գործուղման կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու դեպքում, վերջինս ատեստավորվում է համապատասխան արձակուրդից, գործուղումից վերադառնալուց կամ անաշխատունակությունից դուրս գալուց համապատասխան ժամանակ հետո. 

2. Առաջարկում ենք Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվելիք 26-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը հանել՝ այն է՝ «Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաեւ՝ 

4) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում միջին մասնագիտական կրթություն ունեցող եւ կամավոր ատեստավորում անցած անձը», 

Նախ եւ առաջ, նշված դրույթը հակասում է 26-րդ հոդվածի 1-ին մասին: Բացի դրանից, Հիմնավորման մեջ առկա չէ որեւիցե նշում վերոնշյալ 4-րդ կետն ավելացնելու պատճառների վերաբերյալ. 

3. Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվելիք 26-րդ հոդվածի 8-րդ մասում նշվում են այն դեպքերը, երբ ուսուցիչները ենթակա չեն հերթական ատեստավորման, իսկ 9-րդ մասում նշվում է, թե հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը երբ է հերթական ատեստավորման ենթակա: Սակայն նոր խմբագրությամբ շարադրվելիք 26-րդ հոդվածում չի նախատեսվում, թե երբ է ենթակա ատեստավորման հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը: 


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունն ու նկատառումները՝ կարծում ենք, որ Նախագիծը լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

հեռ. /011/ 513-235, 16-18

30.07.2024թ.