ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-857-05.06.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-857-05.06.2024-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 224.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն. «2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:»: Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 224.1-ին հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը:

Վերոնշյալ իրավադրույթների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Օրենսգրքի 224.1-ին հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում սահմանված են վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշակի գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ «2. Սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրերի պետը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետը կամ սահմանային վերահսկողության ստորաբաժանման խմբի պետը։

4. Սույն օրենսգրքի 206.18-րդ եւ 206.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի իրավասու մարմնի պետը կամ նրա հանձնարարությամբ՝ համապատասխան աշխատակիցը։»:

Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանվելու են այն պաշտոնատար անձինք, ովքեր իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննել եւ վարչական տույժեր նշանակել: Մինչդեռ Նախագծի անցումային դրույթներով կարգավորված չեն մինչեւ Նախագծի ընդունումը ձերբակալվածներին պահելու վայրերի պետի, սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետի կամ սահմանային վերահսկողության ստորաբաժանման խմբի պետի, իրավասու մարմնի պետի կամ նրա հանձնարարությամբ՝ համապատասխան աշխատակցի կողմից արդեն իսկ քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի փոխանցմանը վերաբերող իրավադրույթներ: 

Նորմատիվ իրավական ակտի գործողությանը վերաբերող դրույթները սահմանված են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածում: Հարկ է նկատել, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված է. «Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:»: Այսպես՝ մինչեւ Նախագծի ուժի մեջ մտնելն Օրենսգրքի 224.1-ին հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում նշված պաշտոնատար անձանց կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը գտնվում են գործող իրավահարաբերությունների շրջանակում, որոնց նկատմամբ Նախագծի ուժի մեջ մտնելու պահից տարածվելու են Նախագծով սահմանված իրավադրույթները:

Հիմք ընդունելով վերոնշյալն՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նախատեսել մինչեւ Նախագծի ընդունումը համապատասխան պաշտոնատար անձանց վարույթում գտնվող գործերի փոխանցմանը վերաբերող իրավադրույթներ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանվող պաշտոնատար անձանց, որոնց Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո վերապահվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավասություն: Կամ անցումային դրույթով սահմանել մինչեւ Նախագծի ընդունումը քննվող գործերի նկատմամբ նախկին կարգավորումների տարածման կանոնը: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Սահմանադրության տեսնկյունից խնդրահարուց նորմեր չի պարունակում: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսված իրավակարգավորման ամբողջականությունը եւ անցումը նախորդ կարգավորումներից Նախագծով սահմանված իրավակարգավորումներին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

24.06.2024թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

24.06.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով սահմանվում են պատասխանատվության նորմեր պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելու համար: Բացի այդ, այդ հոդվածով  նախատեսված իրավախախտումները քննելու լիազորությունը վերապահվում է Ազգային անվտանգության ծառայությանը՝ միաժամանակ սահմանելով ԱԱԾ տնօրենի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

11.06.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր՝ 206.20-րդ (Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը) հոդվածով: Լրացվող հոդվածով նախատեսված իրավախախտումները քննելու լիազորությունը վերապահվում է Ազգային անվտանգության ծառայությանը՝ համապատասխան լրացում կատարելով Օրենսգրքի 224.1 հոդվածում՝ միաժամանակ ապահովելով ԱԱԾ տնօրենի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորությունը:

Ակնկալվում է, որ Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության իր գործառույթը: 

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

25.06.2024թ.